Մատչելիության հղումներ

logo-print

Սպիտակ տունը առաջարկում է Հայաստանին տրվող օգնության ռեկորդային կրճատում


ԱՄՆ-ի 2014 թվականի բյուջեի նախագծի օրինակները Կոնգրեսում, Վաշինգտոն, 10-ը ապրիլի, 2013թ.

ԱՄՆ-ի 2014 թվականի բյուջեի նախագծի օրինակները Կոնգրեսում, Վաշինգտոն, 10-ը ապրիլի, 2013թ.

Սպիտակ տունը հրապարակել է 2014 թվականի բյուջեի նախագիծը, որում Հայաստանին տրվող տնտեսական օգնությունը առաջարկվում է կրճատել 38 տոկոսով: Եթե այդ առաջարկը հաստատվի Կոնգրեսում, ապա Հայաստանին տրվող օգնությունը ռեկորդային կերպով կկրճատվի` դառնալով ամենափոքրը 1988 թվականի երկրաշարժից ի վեր:

Միացյալ Նահանգների նախագահը Հայաստանի տնտեսական աջակցությանն այժմ առաջարկում է հատկացնել մոտ 25 միլիոն` 24 միլիոն 719 հազար դոլար, ինչը անհամեմատ քիչ է նախորդ տարի հաստատված 40 միլիոն դոլարից եւ ավելի քան երկու անգամ պակաս է հայկական կազմակերպությունների ու հայկական հարցերով կոնգրեսական հանձնախմբի խնդրած 50 միլիոնից:

Սպիտակ տան առաջարկը, այնուհանդերձ, պահպանում է հավասարակշռությունը Հայաստանին եւ Ադրբեջանին տրվող ռազմական օժանդակության հարցում` 600 հազար դոլար հատկացնելով ռազմական կրթության ծրագրերին եւ 2.7 միլիոն դոլար` որպես օտարերկրյա ռազմական օգնություն:

2014 թվականին Հայաստանի համար առաջարկվող ընդհանուր օգնությունը, որ ներառում է աջակցություն տնտեսական, ռազմական, իրավական եւ առողջապահական ոլորտներին, 14 տոկոսով պակաս է այն գումարից, որը Օբաման առաջարկել էր հատկացնել 2013 թվականին:

«Նախագահ Օբաման, ով իշխանության եկավ պարտավորվելով պահպանել Հայաստանին տրվող օգնությունը եւ ավելացնել երկկողմ առեւտրաշրջանառությունն ու ներդրումների ծավալները, մինչ այժմ հետեւողականորեն կրճատել է Հայաստանի աջակցության ծրագրերը եւ որեւէ նշանակալի քայլ չի կատարել երկու երկրների տնտեսական հարաբերությունները բարելավելու համար` ներդրումային, հարկային համաձայնագրերի եւ այս դեպքում կիրառվող այլ քաղաքական ու գործնական քայլերի միջոցով», - հայտարարության մեջ նշել է Վաշինգտոնի Հայ դատի գրասենյակի գործադիր տնօրեն Արամ Համբարյանը:

Սպիտակ տակ առաջարկած բյուջեի նախագծում Լեռնային Ղարաբաղին օգնության համար գումար առանձնացված չէ, չնայած վերջին մի քանի տարիներին ԱՄՆ-ի Միջազգային զարգացման գործակալությունը (USAID) այդ նպատակով տրամադրել է տարեկան 2 միլիոն դոլար, ինչը զգալիորեն պակաս է 5 միլիոն դոլարից, որը երկար տարիներ նկատի է ունեցել Կոնգրեսը եւ որը հաստատվել էր Ներկայացուցիչների պալատի հատկացումների հանձնաժողովի առաջարկած 2013 թվականի արտաքին օգնության նախագծում:

Սպիտակ տան ներկայացրած 2014 թվականի բյուջեի նախագծով Հարավային Կովկասում ամենաքիչ օգնությունը ենթադրվում է Ադրբեջանին հատկացնել` 11 միլիոն դոլար, իսկ Վրաստանի համար առաջարկվող ֆինանսական օգնությունը գերազանցում է Հայաստանին եւ Ադրբեջանին տրվող օգնության չափը միասին վերցրած` կազմելով 43 միլիոն դոլար:

Հայաստանի եւ Ադրբեջանի համար նախատեսված ռազմական ֆինանսավորումը հավասար է 3.3-ական միլիոն, իսկ Վրաստանինը` մի քանի անգամ ավելի` մոտ 14 միլիոն դոլար:

Ուղիղ հեռարձակում

Ցույց տալ մեկնաբանությունները

XS
SM
MD
LG