Մատչելիության հղումներ

Օհանյանը ընդունել է 102-րդ ռազմաբազայի հրամանատարությանը


C-300 հրթիռները Հայաստանում տեղակայված ռուսական 102-րդ ռազմաբազայում, արխիվ

C-300 հրթիռները Հայաստանում տեղակայված ռուսական 102-րդ ռազմաբազայում, արխիվ

Պաշտպանության նախարարի պաշտոնակատար Սեյրան Օհանյանը երեկ ընդունել է Հայաստանում տեղակայված ռուսական 102-րդ ռազմաբազայի նախկին հրամանատար գնդապետ Օլեգ Սմիրյոնովին եւ նորանշանակ հրամանատար գնդապետ Անդրեյ Ռազինսկուն:

Օհանյանը նշել է, որ ռազմաբազան վերջին տարիներին մեծ ձեռքբերումներ է ունեցել մարտական պատրաստության գործում: Նախարարի պաշտոնակատարը շնորհակալություն է հայտնել նախկին հրամանատար Օլեգ Սմիրյոնովին համակողմանի արդյունավետ աշխատանքի համար եւ հույս հայտնել, որ նորանշանակ հրամանատարի հետ եւս կշարունակվի սերտ համագործակցությունը:

Հայաստանի պաշտպանության նախարարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ` հանդիպման ընթացքում մի շարք թեմաների քննարկումից զատ Սեյրան Օհանյանը բարձրացրել է հրաձգարանների տարածքների անվտանգության ապահովման խնդիրը եւ պատրաստակամություն է հայտնել աջակցել այդ գործում: «Խիստ կարեւոր է, որ Հայաստանի Հանրապետության տարածքում գործող ցանկացած հրաձգարանում ապահովվեն անվտանգության բոլոր պահանջները», - ընդգծել է նա` կարեւորելով նաեւ ռազմակայանի հրամանատարության համագործակցությունը տեղական ինքնակառավարման մարմինների հետ:

Ռուս գնդապետները հայտնել են, որ վերջերս Շիրակի մարզում տեղի ունեցած դժբախտ պատահարի կապակցությամբ Ռուսաստանի ռազմական դատախազությունում հարուցվել է քրեական գործ, դրան զուգահեռ այս պահին աշխատանքներ են տարվում զորավարժարանների տարածքների անվտանգության բարձրացման համար:Նրանց հավաստմամբ` 102-րդ բազայի հրամանատարությունը իր կողմից աջակցություն կցուցաբերի զոհված երեխաների ընտանիքներին:

Անցած կիրակի օրը Շիրակի մարզի Վահրամաբերդ գյուղում, ռուսական զորքերի տանկային հրաձգարանի տարածքում ականի պայթյունից զոհվել են երկու երեխաներ` 15-ամյա Մուշեղ Գեւորգյանը եւ 12-ամյա Արթուր Մկրտչյանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG