Մատչելիության հղումներ

«Ընդդիմության հետ համագործակցության եզրերը սպառված են», - «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում երեկվա իրադարձություններին արձագանքեց իշխող Հանրապետական կուսակցության նախագահ Գալուստ Սահակյանը:

Նրա խոսքով` այլեւս բանակցային առաջարկների չեն սպասում, քանզի Րաֆֆի Հովհաննիսյանը «փակուղում է հայտվել», «ասելիք չունի»:

Իշխող կուսակցության փոխնախագահի համոզմամբ` սխալ էր, որ ոստիկանությունը չօգտվեց օրենքով իրեն տրված լիազորությունից եւ ուժ չկիրառեց: Նմանատիպ դեպքերի կրկնության պարագայում Սահակյանն ավելի կոշտ քայլեր է ակնկալում. - «Ոստիկանությունը իր լիազորություններն ամբողջությամբ պիտի իրականացնի, որովհետեւ օրենքը պիտի գործի, օրենքը դերակատարում պիտի ունենա, ոչ թե մարդկանց գնահատականը, թե որ պահին ինչպես պետք է վերաբերվել»:

«Շնորհավորում եմ, որ երեկ չունեցանք զոհեր», - Ազգային ժողովում այսօր հայտարարեց «ժառանգության» պատգամավոր Զարուհի Փոստանջյանը: Նրա գնահատմամբ` ոստիկանության երեկվա գործողություններն անօրինական էին:

«Դատապարտում ենք», - «Ազատություն» ռադիոկայանին ասաց նա: - «Եվ դատապարտումը ոչ միայն կարծիքն արտահայտելով է, այլեւ իրավական գործընթացներով: Մենք պահանջատեր ենք լինելու այս բոլոր ապօրինություններին»:

ԱԺ Մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի պաշտպանության մշտական հանձնաժողովի նախագահ Էլինար Վարդանյանը (ԲՀԿ) ասաց, թե վստահ չէ, որ Արմեն Մարտիրոսյանին ծեծի ենթարկած ոստիկանները կպատժվեն: Նրա խոսքով` ոստիկանության երեկվա գործողությունները չի կարելի օրինաչափ համարել:

«Ես արդեն ջրբաժան են տեսնում: Հասարակությունը կարծես թե բաժանվել է երկու մասի: Որովհետեւ այստեղ բաժանում են` մենք եւ դուք: Իսկ իրականում խոսքը մեր ժողովրդի մասին է, իսկ այդպիսի ջրբաժան մտցնելն ուղղակի անընդունելի է», - ասաց Վարդանյանը:

Դաշնակցական Արծվիկ Մինասյանը, չնայած իրավապահների «որոշակի անհամաչափ գործողություններին», ոստիկանության քայլերում ընդհանուր առմամբ առաջընթաց է նկատել. - «Ի տարբերություն նախկիններում, ոստիկանությունն այս անգամ կազմակերպված եւ օրենքներով էր գործում: Եվ դա դրական զարգացում ես դիտում եմ»:

Հարցին, թե ինչու Դաշնակության ղեկավարները երեկ Րաֆֆի Հովհաննիսյանի կողքին չէին, Մինասյանը պատասխանեց, թե իրենք գործողությունների ծրագիր են ակնկալում, որով իշխանությանը հնարավոր կլինի ստիպել կոնկրետ զիջումների գնալ. - «Երեկվա միջադեպն էլ ցույց տվեց, որ մեր առաջարկած ճանապարհը ճիշտ ճանապարհ է: Հնարավոր չէ միակողմանի ակցիաներ իրականացնելու միջոցով հասնել ինչ-որ արդյունքի»:

«Որքան էլ մենք կարողացել ենք համագործակցություն ձեւավորել «Ժառանգության» հետ, այնուամենայնիվ, ճշմարտությունն ավելի մեծ է, ավելի բարձր է: Այլեւս իրավունք չկա հասարակությունը տանել նման ծայրահեղ գործությունների», - իր մտահոգությունը հնչեցրեց Մինասյանը:

Հստակության, կոնկրետ օրակարգ ձեւավորելու կողմնակից է նաեւ ՀԱԿ խմբակցության անդամ Նիկոլ Փաշինյանը, ով շարժման առաջնորդ է համարում Հայաստանի ժողովրդին. - «Հայաստանի Հանրապետությունում ժողովրդի իշխանության համար մղվող պայքարի լիդերը հենց ժողովուրդն է»:

Զարուհի Փոստանջյանը սխալ է համարում ծրագրեր չունենալու համար իրենց ներկայացվող մեղադրանքը. - «Ծրագրեր կան: Ես կոչ եմ անում բոլորին անխտիր` վայր դնել իրենց կուսակցական այդ փոքրիկ դրոշները եւ համախմբվել ժողովրդի քվեի կողքին»:

«Պայքար ենք իրականացնելու ամենուր` բոլոր ոլորտներում, բոլոր բնակավայրերում: Մենք երեկ հայտարարեցինք, հռչակեցինք եւ նաեւ երդում տվեցինք մեր ապագայի համար», - եզրափակեց Փոստանջյանը:
XS
SM
MD
LG