Մատչելիության հղումներ

«Թեեւ Րաֆֆի Հովհաննիսյանի խոսելու մեջ շատ լավ բաներ կային, բայց ջուրը մի քիչ ավելի շատ էր», – անդրադառնալով նախագահի ընտրությունների պաշտոնական արդյունքները վիճարկող Րաֆֆի Հովհաննիսյանի՝ երեկ տված «Նոր Հայաստանի» երդմանը՝ այսօր լրագրողների հետ հանդիպմանը այսպիսի կարծիք հայտնեց երգիչ եւ երգահան Ռուբեն Հախվերդյանը։

Օրվա մյուս զարգացումների՝ մասնավորապես Բաղրամյան պողոտայում Րաֆֆի Հովհաննիսյանի աջակիցների եւ ոստիկանների միջեւ դիմակայության մասին խոսելով՝ երգիչ–երգահանը նշեց. – «Ինստրուկցիաներ էին ստացել՝ ժողովրդի հետ ավելի փափուկ լինեն, չկրակեն ժողովրդի վրա եւ այլն։ Մենք ունենք հումանիստ ոստիկանապետ»։

Այնուամենայնիվ, ըստ Ռուբեն Հախվերդյանի, Րաֆֆի Հովհաննիսյանի՝ Ծիծեռնակաբերդում նախաձեռնած մոմավառությունը «մի քիչ անհեթեթ էր»։ Այդուհանդերձ, Հախվերդյանը, պատասխանելով «Ազատություն» ռադիոկայանի հարցին, նշեց, որ Րաֆֆի Հովհաննիսյանի երեկվա քայլերից՝ ժողովրդին Բաղրամյանում թողնելով Ծիծեռնակաբերդ գնալուց, հիասթափված չէ. – «Բոլորովին։ Այս մարդը ազնիվ մարդ է։ Ես կարծում եմ, որ այս բողոքի ցույցերը շարունակվելու են, որովհետեւ այսպես երկար չի կարող դիմանալ այս ժողովուրդը»։

Իսկ եթե այնուամենայնիվ ժողովուրդը հիասթափվի Րաֆֆի Հովհաննիսյանից, Հախվերդյանի կարծիքով՝ «շատ ավելի պատրաստված տղաներ կան, ինչպիսիք են, ասենք, Ժիրայրը Սեֆիլյան, կամ կանաչների միության մեջ զարգացած երեխեք կան։ Մեզ, գիտեք ինչ, նոր ուղեղներ են պետք»։

Արմեն Մազմանյան

Արմեն Մազմանյան

Երեւանի կինոյի եւ թատրոնի պետական ինստիտուտի ռեկտոր Արմեն Մազմանյանի կարծիքով, այսօրվանից սկսած Րաֆֆի Հովհաննիսյանի աջակիցների թիվը կնվազի։

Ինչ վերաբերում է երեկ Բաղրամյան պողոտայում տեղի ունեցած զարգացումներին, Մազմանյանը կարծիք հայտնեց, որ իշխանությունները բավական ճկունություն դրսեւորեցին։

«Եթե երեկ իրավիճակը սրվեր, դրանից կշահեին ընդդիմադիր այլ ուժեր», – նշեց Մազմանյանը՝ եւ ավելացրեց. – «Արդյունքում հայտնվելու էին Մեսիաները, նրանք, որ այդ րոպեին Րաֆֆիի կողքին չէին, որպեսզի փրկեին ազգը։ Փառք ու պատիվ Րաֆֆի Հովհաննիսյանին, որ շատ հստակ կողմնորոշվեց ու հասկացավ, որ հիմա ժողովրդին ասել՝ գնացեք քաղաքացիական անհնազանդության, դա քյալլագյոզություն է»։

Այնուամենայնիվ, Րաֆֆի Հովհաննիսյանի գործողությունները Մազմանյանը այսպես բնութագրեց. – «Խոսքը ծիտիկ չէ, որ թռնի ու գնա։ Պետք է ասվածի հետեւից կանգնել»։
XS
SM
MD
LG