Մատչելիության հղումներ

Փոլ Գոբլ. «Ռուսաստանի համար Վրաստանը ուղի է, Հայաստանը` միջոց, Ադրբեջանը` մրցանակ»


Փոլ Գոբլը «Ազատ Եվրոպա/Ազատություն» ռադիոկայանի Վաշինգտոնի գրասենյակում, արխիվ

Փոլ Գոբլը «Ազատ Եվրոպա/Ազատություն» ռադիոկայանի Վաշինգտոնի գրասենյակում, արխիվ

Վաշինգտոնցի վերլուծաբանը հույս ունի, թե հոկտեմբերյան ընտրությունները կդառնան «Ադրբեջանի ժողովրդավարացման գործընթացի սկիզբը»:

«Ռուսաստանի համար Վրաստանը ուղի է, Հայաստանը` միջոց, իսկ Ադրբեջանը` մրցանակ», - «Ամերիկայի ձայն»-ի ադրբեջանական ծառայությանը տված հարցազույցում նման կարծիք է հայտնում վաշինգտոնցի վերլուծաբան Փոլ Գոբլը:

1990-ականների սկզբին ի հայտ եկած այսպես կոչված «Մեղրիի տարբերակի» հեղինակը պնդում է, թե պաշտոնական Մոսկվայի նպատակն այսօր Հարավային Կովկասի պետություններում Ռուսաստանի ազդեցությունը տարածելն ու ամրապնդելն է:

«Եթե Պուտինը մի օր առավոտյան արթնանար եւ տեսներ, որ իր երազանքները իրականություն են դարձել, դա կնշանակեր, որ ռուսական ազդեցությունն արդեն հասել է Արաքս գետի ափին», - նշում է ամերիկացի վերլուծաբանը` արձանագրելով, որ այսօր Ռուսաստանի Դաշնությունը անում է հնարավորը հենց Ադրբեջանում իր ազդեցությունն ուժեղացնելու համար:

«Ադրբեջանը հարուստ երկիր է, աշխարհագրական կարեւորագույն դիրք ունի, եւ քանի որ այստեղով է անցնում դեպի հարավ, դեպի Իրան տանող ճանապարհը, այն հայտնվել է Ռուսաստանի աշխարհքաղաքական շահերի ոլորտում: Բնական է, որ Մոսկվան կուզեր այստեղ իր նկատմամբ բարեկամաբար տրամադրված կառավարություն տեսնել», - նշում է Գոբլը` հավելելով. - «Մի քանի տարի անց Երեւանում կհասկանան, որ Ադրբեջանում ռուսամետ իշխանության ի հայտ գալու դեպքում Մոսկվան կդավաճանի Հայաստանին»:

Գոբլի խոսքով, սակայն, նման հեռանկարը ադրբեջանցիներին չպետք է ոգեւորի:

«Ադրբեջանում պետք է հասկանան, որ ռուսական ազդեցության տակ հայտնվելու փաստը երկրին որեւէ օգուտ չի տա, անգամ եթե կորսված տարածքները վերադարձվեն: Ռուսաստանը հենց այդ նպատակն է հետապնդում: Վլադիմիր Պուտինի ցանկությունն է Ադրբեջանում խորհրդային տիպի վարչակազմ ձեւավորելը` Մոսկվայի հստակ գերիշխանությամբ», - ընդգծում է վաշինգտոնցի վերլուծաբանը:

Անդրադառնալով Ադրբեջանի ներքաղաքական զարգացումներին` մասնավորաբար հոկտեմբերին կայանալիք նախագահական ընտրություններին, Փոլ Գոբլը կանխատեսում է. - «Ես երեք ակնկալիք ունեմ ադրբեջանական ընտրություններից: Առաջինը, որ մարդկանց հնարավորություն կտան ազատորեն արտահայտել իրենց տեսակետը` առանց սպառնալիքներից վախենալու: Կարծում եմ նաեւ, որ այս ընտրություններում նախորդների համեմատ որոշակի առաջընթաց կլինի, դրանք թափանցիկ կլինեն»:

Բացի այդ, Գոբլը հույս է հայտնում, թե Բաքվում կհասկանան, որ ղազախական, ռուսական կամ բելառուսական տիպի «կայունությունն» իրականում շատ պայթյունավտանգ է: Այդ իսկ պատճառով, վերլուծաբանը հույս ունի, որ այս ընտրությունները կդառնան «Ադրբեջանի ժողովրդավարացման գործընթացի սկիզբը»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG