Մատչելիության հղումներ

«Ժառանգության» նախաձեռնած շարժման օրակարգը կվերանայվի


Ստյոպա Սաֆարյան
Ստյոպա Սաֆարյան
«Ժառանգություն» կուսակցության նախաձեռնած շարժման օրակարգը կվերանայվի՝ իր մեջ ներառելով նաեւ մինչ այս իշխանություններին ներկայացված պահանջների փոփոխություն: Այս մասին ի պատասխան «Ազատություն» ռադիոկայանի հարցի` լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց «Ժառանգություն» կուսակցության գլխավոր քարտուղար Ստյոպա Սաֆարյանը:

Սաֆարյանը, սակայն, չմանրամասնեց, թե իրենց պայքարի օրակարգում կոնկրետ ինչ փոփոխություններ տեղի կունենան, ասաց` կուսակցությունը դա դեռ պետք է քննարկի:

Օրակարգի փոփոխությունը Սաֆարյանը պայմանավորում է իշխանությունների կողմից նախագահական ընտրություններից հետո «Ժառանգության» ներկայացրած պահանջների անտեսմամբ եւ այն հանգամանքով, որ Սերժ Սարգսյանը, չանսալով «Ժառանգության» առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանի հորդորին, ապրիլի 9-ին, այնուամենայնիվ, երդվեց՝ ստանձնելով Հայաստանի նախագահի պաշտոնը:

Հիշեցնենք, Հովհաննիսյանը պահանջել էր կամ արտահերթ նախագական, կամ խորհրդարանական ընտրություններ անցկացնել եւ Րաֆֆի Հովհաննիսյանի նշանակած մարդկանց փոխանցել մի շարք առանցքային ոլորտների ղեկավարումը:

«Օրակարգ կփոխվի, կարող են եւ նախկին պահանջները լինել, դրանք վերախմբագրվեն, օրակարգի վերանայումներ անպայման լինելու են, բայց ինչ բնույթ կկրեն, ես դա չեմ կարող ասել, որովհետեւ մինչեւ ապրիլի 9-ը Րաֆֆի Հովհաննիսյանը առաջարկում էր Սերժ Սարգսյանին լուծել այս խորագույն ճգնաժամը, որը առկա է իշխանության ձեւավորման օրինականության շուրջ: Այսինքն ապրիլի 9-ին ավարտվեց այն շրջանը, երբ կարող էր քաղաքական համաձայնություն ձեռք բերվել դրա շուրջ եւ ձեռք չբերվեց», - հայտարարեց Սաֆարյանը:

Սերժ Սարգսյանն իր երդմնակալությամբ փակեց առկա փուլն ու բերեց մի նոր փուլ, նշում է «Ժառանգության» ներկայացուցիչը:

«Ապրիլի 9-ից հետո, երբ մենք արդեն ունենք իշխանության մեղքով երկպառակտված հասարակություն, երկպառակտված Սփյուռք, ապա ես կարծում եմ, որ հիմնական զարգացումները հիմա են գալու` արտաքին եւ ներքին ամենատարբեր խնդիրներ... խնդիրների դառնությունը Սերժ Սարգսյանը զգալու է իր վրա, որովհետեւ ինքը մնալու այդ նույն ոստիկանական շղթայով շրջապատված, բայց ոչ երբեք ժողովրդով, եւ տեսնենք, թե նա ինչպես է լուծում տալու ժողովրդի համար ծանրագույն այս խնդիրներին: Մենք արդեն ականատես ենք լինելու բացարձակապես այլ քաղաքական բովանդակությամբ եւ այլ քաղաքական տեքստերով հագեցած շարժման եւ փուլի», - ասաց նա:

Անդրադառնալով երեկվա իրադարձություններին այլ ընդդիմադիր ուժերի չմասնակցելու հանգամանքին` «Ժառանգության» ներկայացուցիչը դա համարեց Րաֆֆի Հովհաննիսյանի ողբերգությունը:

«Րաֆֆի Հովհաննիսյանի եւ ընդհանրապես շարքային մարդու ողբերգությունը սա է` ո՞ւր են իր քաղաքական ուժերը, թե չէ Րաֆֆի Հովհաննիսյանը չէ, որ ինքնասպանություն է գործել, ինքնասպանություն են գործում նրանք, ովքեր ուղղակի ուրիշ ճանապարհով են գնում: Մենք առնվազն տարբեր ճանապարհներով ենք գնում, իսկ թե ուր ենք գնալու առանձին-առանձին, մենք` ժողովրդի այս հսկայական հատվածի հետ, իրենք` ռեժիմի հետ միասին, ես չգիտեմ», - ասաց Սաֆարյանը` համոզմունք հայտնելով, որ «Բարեւի հեղափոխությունը» չի մեռել, ու իրենց հետագա պայքարը օրերից մի օր բռնապետության տապալման գործում հաջողություն կբերի:
XS
SM
MD
LG