Մատչելիության հղումներ

«Նորք» հրատարակչությունը լույս է ընծայել ադրբեջանցի գրող Աքրամ Այլիսլիի «Քարե երազներ» վեպ-ռեքվիեմի հայերեն թարգմանությունը:

Ռուսաստանյան «Դրուժբա նարոդով» ամսագրի անցած տարվա վերջին համարում հեղինակի թարգմանությամբ ռուսերեն տպագրված այս վեպը մեծ աղմուկ առաջացրեց Ադրբեջանում, երկրում հայտնի 75-ամյա գրողն ու իր ընտանիքի անդամները ենթարկվեցին հետապնդումների:

Վեպում հեղինակը անդրադառնում է իր ծննդավայր Այլիսի (Ագուլիսի) պատմությանը, անցած դարավերջին Բաքվում հայազգիների նկատմամբ բռնություններին` մի տեսանկյունից, որը որոշակի քաղաքացիական խիզախություն է պահանջում, ըստ էության` հանդուրժողականության կոչ անելով ավելի քան երկու տասնամյակ միմյանց նկատմամբ թշնամաբար տրամադրված ժողովուրդներին:

«Պարզվեց, որ ընդամենը հանդուրժողականության կոչը կարող է Ադրբեջանում այդքան մեծ աղմուկ բարձրացնել: Հետաքրքրությունն այդ գրքի նկատմամբ, մասնավորապես, Հայաստանում համարժեք է Արդբեջանում բարձրացված աղմուկին», - «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասաց թարգմանիչը` Լեոնիդ Զիլֆուղարյանը. - «Վեպն աննախադեպ է ոչ թե այն առումով, որ Ադրբեջանում այդ հարցերը երբեւէ չեն արծարծվել, այլ` որ այդ կարգի, հանրահայտության այդ աստիճանի գրողն է այդ հարցերը բարձրացրել»:

Թարգմանչի կարծիքով, վեպում ամենահաջողվածը հեղինակի ծննդավայր Այլիս-Ագուլիսին նվիրված հատվածներն են: Գրքի գլուխներից մեկի բնաբանը հետեւյալն է. - «Օ, Ամենազոր Տեր, բարի եղիր, ասա ինձ, դո՞ւ ես արարել իմ Այլիսը, թե՞ Այլիսս է արարել քեզ…»:
XS
SM
MD
LG