Մատչելիության հղումներ

Ընտրախախտումների 3 գործով 5 անձ դատապարտվել է տուգանքի


Հայաստանի նախագահի 2013 թվականի ընտրությունների ընթացքում՝ ներառյալ քարոզարշավի ժամանակ եւ քվեարկության օրը, արձանագրված միջադեպերի, ընտրախախտումների դեպքերի առթիվ հարուցված 13 քրեական գործերից 5-ը` 7 անձի վերաբերյալ, ուղարկվել է դատարան: 3 քրեական գործով 5 անձի վերաբերյալ, դատաքննությունն ավարտվել է: Դատարանները հիմնավորված են համարել այլ անձի փոխարեն քվեարկելու համար առաջադրված մեղադրանքները եւ դատապարտել:

Մասնավորապես, գլխավոր դատախազության հաղորդագրության համաձայն, թիվ 12/16 ընտրատեղամասում այլ անձի փոխարեն քվեարկելու փորձ կատարելու դեպքի առթիվ ոստիկանության Շենգավիթի բաժնում քննված քրեական գործով մեղադրանք էր առաջադրվել 3 անձանց, Երեւանի Շենգավիթ վարչական շրջանի դատարանը երեքին էլ դատապարտել է տուգանքի` Գ. Միքայելյանին եւ Հ. Մովսիսյանին` 600-հազարական (մոտ 1.5 հազար դոլար), իսկ Ռ. Ղազարյանին` 500 հազար դրամի չափով:

Թիվ 09/02 ընտրատեղամասում այլ անձի՝ Վիգեն Սարգսյանի անձնագրով քվեարկելու փորձ կատարելու դեպքի առթիվ ոստիկանության Էրեբունու բաժնում քննված քրեական գործով մեղադրանք էր առաջադրվել Հ. Գլջյանին, ով Երեւանի Էրեբունի եւ Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավճռով մեղավոր է ճանաչվել եւ դատապարտվել տուգանքի` 600 հազար դրամի չափով:

Թիվ 17/31 ընտրատեղամասում այլ անձի փոխարեն քվեարկելու փորձ կատարելու վերաբերյալ Hetq.am ինտերնետային էջում փետրվարի 18-ին տեղադրված «Ընտրակեղծիքի դեպք Արտաշատի թիվ 17/31 ընտրատեղամասում» վերտառությամբ հոդվածի հիման վրա ոստիկանության Արարատի բաժնում հարուցված քրեական գործով մեղադրանք էր առաջադրվել Արարատի մարզի Նորաշեն գյուղի բնակչուհի Հ. Թարվերդյանին: Գյուղի մեկ այլ բնակչուհու` Ժ. Գեղամյանի անձնագրով քվեարկելու փորձի համար մեղադրվող Թարվերդյանին Արարատի եւ Վայոց Ձորի մարզերի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանը դատապարտել է տուգանքի` 500 հազար դրամի չափով:

Նշված բոլոր քրեական գործերով մեղադրյալներն ընդունել են առաջադրված մեղադրանքը եւ միջնորդել կիրառել արագացված դատաքննության կարգ, ինչը դատարանի կողմից բավարարվել է:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG