Մատչելիության հղումներ

Սլովակիայի փոխվարչապետ. «Բարդ խնդիրները պետք է կարգավորվեն երկխոսության միջոցով»


«Մենք երբեք մեր սեփական հմտություններն այլ երկրներին առաջարկելու հավակնություններ չենք ունեցել, եւ կարծում ենք, որ յուրաքանչյուր խնդիր ունի լուծման ուրույն՝ միայն իրեն առանձնահատուկ տարբերակ», - այսօր Երեւանում կայացած մամլո ասուլիսին հայտարարեց պաշտոնական այցով Հայաստանում գտնվող Սլովակիայի փոխվարչապետ, արտաքին եւ եվրոպական գործերով նախարար Միրոսլավ Լայչակը՝ պատասխանելով հարցին, թե ղարաբաղյան խնդրի համատեքստում ինչ օգտակար դաս կարելի է քաղել քսան տարի առաջ Չեխոսլովակիայի՝ խաղաղ եւ անարյուն կերպով երկու ինքնուրույն պետությունների տրոհման փորձից:

«Մեր դեպքն առանձնահատուկ է այն առումով, որ մենք բարեկամներ էինք, եւ այդպիսին մնացինք, կամ գուցե ավելի բարեկամացանք բաժանման մասին պայմանագրի ստորագրումից հետո», - շարունակեց Սլովակիայի փոխվարչապետը` հավելելով, որ Չեխիան եւ Սլովակիան հաջողությամբ համագործակցել ու համագործակցում են միջազգային կառույցներում, մասնավորապես Եվրամիությունում եւ ՆԱՏՕ-ում՝ փոխադարձաբար հաշվի առնելով միմյանց շահերը:

Ըստ Միրոսլավ Լայչակի, ամեն դեպքում կարեւոր է, որ բոլոր բարդ խնդիրները կարգավորվեն երկխոսության եւ փոխշփումների միջոցով, եւ որ լուծումը բավարարի բոլոր շահագրգիռ կողմերին:

Մամլո ասուլիսի ժամանակ, որին մասնակցում էր նաեւ Հայաստանի արտգործնախարարի պաշտոնոկատար Էդվարդ Նալբանդյանը, նաեւ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման հեռանկարներին առնչվող հարց հնչեց, որին ի պատասխան Նալբանդյանը վերահաստատեց հայկական կողմի՝ արդեն բազմիցս արտահայտած այն դիրքորոշումը, որ մերձեցման խնդիրը չի կարելի պայմանավորել Լեռնային Ղարաբաղի հակամարտության հետ, քանի որ այդպիսով վտանգվում են միաժամանակ երկու գործընթացները:

«Տպավորություն է ստեղծվում, որ Թուրքիան միտումնավոր է փորձում կապել այդ երկու գործընթացները, ինչը խանգարում է միջազգային հանրության եւ Հայաստանի համատեղ ջանքերին», - ընդգծեց Հայաստանի արտգործնախարարի պաշտոնակատարը:

Նշենք, որ մինչեւ համատեղ մամլո ասուլիսը Էդվարդ Նալբանդյանն ու Միրոսլավ Լայչակը ստորագրեցին առողջապահության բնագավառում երկու երկրների միջեւ համագործակցության վերաբերյալ համաձայնագիր:

Հիշեցնենք նաեւ, որ Սլովակիայի փոխվարչապետ Միրոսլավ Լայչակը երեկ այցելել էր Ծիծեռնակաբերդի հուշահամալիր եւ իր հարգանքի տուրքը մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին:

Հիշեցնենք նաեւ, որ Սլովակիայի Ազգային ասամբլեան Հայոց ցեղասպանության փաստը պաշտոնապես ճանաչել է 2004 թվականի նոյեմբերի 30-ին :
XS
SM
MD
LG