Մատչելիության հղումներ

ԱՄՆ-ը վերահաստատում է իր դիրքորոշումը Ղարաբաղի խնդրում


ԱՄՆ-ի պետքարտուղար Ջոն Քերիի` Թուրքիա կատարած այցից եւ ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահների հերթական տարածաշրջանային այցելությունից հետո պաշտոնական Վաշինգտոնը վերահաստատում է իրենց դիրքորոշումը Ղարաբաղի խնդրում` պնդելով, որ հայ - ադրբեջանական հակամարտության ռազմական լուծումը պետք է բացառել: Այդ մասին երկուշաբթի երեկոյան Վաշինգտոնում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց Պետքարտուղարության փոխխոսնակի պաշտոնակատար Պատրիկ Վենթրելը:

«Մենք միանշանակորեն շարունակում ենք հավատարիմ մնալ նախկինում ստանձնած մեր հանձնառությանը` աշխատել երկու կողմերի հետ խնդրի խաղաղ լուծմանը հասնելու համար: Մենք համոզված ենք, որ խնդիրը զենքի ուժով լուծել անհնարին է, եւ կոչ ենք անում բոլոր կողմերին զերծ մնալ ռազմական ուժի կիրառումից կամ ուժի կիրառման սպառնալիքներից», - նշում էր ամերիկյան Պետդեպարտամենտի պաշտոնական ներկայացուցիչը` պատասխանեոլվ ճեպազրույցին ներկա ադրբեջանցի լրագրողի հարցին:

Վենթրելը ասաց, որ պաշտոնական Վաշինգտոնի դիրքորոշումը անփոփոխ է նաեւ հայ - թուրքական հարաբերությունների բարելավման առումով:

Ամերիկացի դիվանագետը չի հերքում մամուլում հայտնված տեղեկությունները, թե հայ - թուրքական սահմանի բացումն ու Անկարայի եւ Երեւանի միջեւ դիվանագիտական հարաբերությունների հաստատման հեռանկարները եղել են Ջոն Քերրիի` Թուրքիա կատարած այցի օրակարգում:

«Դա այն խնդիրներից է, որ մենք շարունակաբար արծարծում ենք մեր թուրք գործընկերների հետ շփումներում», - նշել է Պետդեպարտամենտի փոխխոսնակի պաշտոնակատարը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG