Մատչելիության հղումներ

logo-print
Մաշտոցի անվան Մատենադարանի գլխավոր ավանդապահ, ձեռագրագիտության եւ մայր ցուցակի բաժնի վարիչ Գեւորգ Տեր-Վարդանյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասաց, որ Վեհամոր ավետարանը իր երդման արարողության համար ընտրել է Մատենադարանի ավագ գիտաշխատող, նորանկախ Հայաստանի առաջին նախագահ ընտրված Լեւոն Տեր-Պետրոսյանը:

Դրանից ի վեր Հայաստանի Հանրապետության բոլոր նախագահները երդվում են աջը այդ Ավետարանին դրած:

«Որովհետեւ այդ ավետարանը ամբողջական հնագույն ավետարանն է հայերեն ձեռագրերի շարքում: Կազմի մեջ ամփոփված ամբողջական հնագույն ձեռագիրն է: Թվագրվում է 7-րդ դարով: Իրենից հին առանձին թերթեր ունենք, որոնք մոտավոր, ենթադրական թվագրումով կարող են 5-րդ դարից լինել, 6-ից, 7-ից», - նշեց Տեր-Վարդանյանը:

Հարցին, թե ինչու է ավետարանը կոչվում Վեհամոր ավետարան, նա պատասխանեց. - «Այն պարզ պատճառով, որ ձեռագիրը մեզ նվիրեց Վազգեն Վեհափառը իր Սիրանուշ անունով մոր մահվանից կարճ ժամանակ անց, նրա հիշատակին: Վազգեն Վեհափառի մոր հիշատակին ստացած նվերն է»:

«Ձեռագիրը երկար ժամանակ պահպանվել էր Գանձակի շրջանի Բանանց գյուղում, եւ 1890-ական թվականներին այնտեղ տեսել էր Մակար Բարխուդարյան եպիսպոկոսը ու նկարագրել, դրա մասին ակնարկել իր «Արցախ» վերնագրով գրքում: Այնուհետեւ 1975 թվականին այնտեղից տարվել է Գանձակի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցին, եւ եկեղեցուց այդ ժամանակվա Ադրբեջանի [թեմի] առաջնորդ Վահան Տերյան եպիսկոպոսը բերել-նվիրել էր Վազգեն Վեհափառին», - պատմեց Գեւորգ Տեր-Վարդանյանը` նշելով, թե, ցավոք, հայտնի չէ, թե որտեղ, որ վանքում է ստեղծվել ավետարանը: - «Ո’չ գրչության տեղը գիտենք, ո’չ գրիչը»:
XS
SM
MD
LG