Մատչելիության հղումներ

Հովհաննիսյանի ակցիաներին մասնակցող ակտիվիստները բերվել են Ոստիկանության բաժիններ


Փետրվարի 18-ի նախագահական ընտրությունների պաշտոնական արդյունքներով երկրորդ տեղը գրաված ընդդիմադիր թեկնածու Րաֆֆի Հովհաննիսյանի՝ ՀՀ նախագահի երդմնակալության օրվա առթիվ կազմակերպած ակցիաների ընթացքում մի խումբ ընդդիմադիր ակտիվիստներ բերվել են Ոստիկանության բաժիններ։

Մասնավորապես, ժամը 17։00-ի մոտ Հայաստանի նախագահի նստավայրի շրջակայքից Ոստիկանության Արաբկիրի բաժին են բերվել մի խումբ երիտասարդներ, այդ թվում հայտնի բնապահպան ակտիվիստներ Մարիամ Սուխուդյանը, Կարեն Հարությունյանը եւ ուրիշներ։ Այս մասին տեղեկությունը «Ազատություն» ռադիոկայանին հայտնեց «Ժառանգություն» կուսակցության ներկայացուցիչ Դանիել Իոաննիսյանը։

Ոստիկանությունից խոստացան այս կապակցությամբ պարզաբանումներ տալ ավելի ուշ։

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Րաֆֆի Հովհաննիսյանի նախաձեռնած երթից Ոստիկանության Էրեբունու բաժին են բերվել Նախախորհրդարանի անդամներ, ակտիվիստներ Եղիա Ներսիսյանն ու Վարդգես Պետրոսյանը։

Ոստիկանության լրատվության և հասարակայնության հետ կապերի վարչության ներկայացուցիչ Արմեն Մալխասյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում հաստատեց այս լուրը, տեղեկացնելով, որ ակտիվիստները երթի ժամանակ չեն ենթարկվել ոստիկանության ծառայողի օրինական կարգադրությանը, ինչի առնչությամբ արձանագրություն է կազմվել։

«Քանի որ տեղում հնարավոր չի եղել վարչական արձանագրություն կազմել, նրանք բերվել են Էրեբունու բաժին», – մանրամասնեց Մալխասյանը։

Նշենք, որ ոստիկանության ծառայողի պահանջներին չենթարկվելու համար օրենքով նախատեսված պատիժը տուգանքն է։


Իրինա Հովհաննիսյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG