Մատչելիության հղումներ

Միջնորդները ծրագրում են նախարարների հանդիպում առաջիկա շաբաթներին


Մինսկի խմբի համանախագահները Երեւանում, 21-ը մարտի, 2013թ.

Մինսկի խմբի համանախագահները Երեւանում, 21-ը մարտի, 2013թ.

ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահները այսօր Վիեննայում հայտարարությամբ են հանդես եկել` ամփոփելով Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման միջնորդական ջանքերի շրջանակներում մարտի 18-22-ը եւ ապրիլի 1-6-ը տարածաշրջան կատարած իրենց այցերի արդյունքները:

Իեն Քելլին, Իգոր Պոպովը եւ Ժակ Ֆորը նշում են, որ մարտի 21-ին Երեւանում հանդիպել են Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի եւ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի, ապրիլի 2-ին Բաքվում` Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի եւ արտգործնախարար Էլմար Մամեդյարովի հետ, իսկ մարտի 19-20-ը եւ ապրիլի 4-5-ը Լեռնային Ղարաբաղ կատարած երկու այցերի ընթացքում հանդիպումներ են ունեցել Ղարաբաղի «դե ֆակտո իշխանությունների» հետ:

Միջնորդները նշում են, որ երկու վայրերում ապրիլի 4-ին եւ 5-ին հատելով շփման գիծը` ծանոթացել են դրա երկու կողմերում ներկայիս իրավիճակին, տեղեկացել վերջին միջադեպերի մասին, տեղական վարչակազմերի ներկայացուցիչների հետ քննարկել կյանքի որակը շփման գծին հարող շրջաններում:

«Համանախագահները նշեցին հարաբերական անդորրը, որ Նովրուզի եւ Զատիկի ընթացքում գերակշռում էր շփման գծում, եւ հույս հայտնեցին, որ այն կշարունակվի: Համանախագահները նախագահների հետ քննարկեցին դեպի Լեռնային Ղարաբաղի օդանավակայան եւ այնտեղից քաղաքացիական թռիչքների թեման», - ասված է հայտարարությունում, որի տեքստը տեղադրված է ԵԱՀԿ-ի պաշտոնական կայքէջում:

«Նախագահները վերահաստատեցին իրենց նվիրվածությունը խաղաղ գործընթացին եւ արտահայտեցին իրենց աջակցությունը ամենաբարձր մակարդակներով ներգրավվածության շարունակմանը», - փոխանցում են միջնորդները` հայտնելով, որ ծրագրում են արտգործնախարարների հանդիպում կազմակերպել առաջիկա շաբաթներին` «խաղաղ գործընթացը առաջ մղելու համար»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG