Մատչելիության հղումներ

Սարգսյանն իր առաջնահերթ խնդիրն է համարում տնտեսական առաջընթացը


Երկրում առկա բողոքի ալիքի պայմաններում երկրորդ անգամ ստանձնելով Հայաստանի նախագահի պաշտոնը` Սերժ Սարգսյանը երդվեց ի փառս Հայաստանի եւ նրա ժողովրդի անվերապահորեն կատարել Սահմանադրության պահանջները:

Երեքշաբթի օրը Երեւանի Կարեն Դեմիրճյանի անվան Մարզահամերգային համալիրում կայացած Ազգային ժողովի հատուկ նիստում Հայաստանի երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը երկրորդ անգամ հնգամյա ժամկետով ստանձնեց պետության ղեկավարի պարտականությունները:

Խորհրդարանի հատուկ նիստի ժամանակ կայացավ նախագահի երդմնակալության արարողությունը, Սերժ Սարգսյանը, աջը դնելով Սահմանադրության մայր օրինակի եւ 7-րդ դարի Վեհամոր Ավետարանի վրա, արտասանեց Հայաստանի նախագահի երդման տեքստը. - «Ստանձնելով Հայաստանի Հանրապետության նախագահի պաշտոնը` երդվում եմ. անվերապահորեն կատարել Սահմանադրության պահանջները, հարգել մարդու ու քաղաքացու իրավունքներն ու ազատությունները, ապահովել Հանրապետության անկախությունը, տարածքային ամբողջականությունը եւ անվտանգությունը` ի փառս Հայաստանի Հանրապետության եւ ի բարօրություն Հայաստանի Հանրապետության ժողովրդի»:

Եթե 2008-ին Սերժ Սարգսյանը դիմեց իր ընտրությունը կասկածի տակ դրած թեկնածուներին, նրանց կոչ արեց «քանդել չհասկացվածության պատը», այսօր նա որեւէ անդրադարձ չկատարեց իր վերընտրությունը վիճարկողներին:

Նախագահի երդումից հետո օրհնության խոսք ասաց Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին երկրորդը:

Այնուհետեւ ունեցած իր ելույթում Սերժ Սարգսյանը շնորհակալություն հայտնեց իրեն ձայն տված ու չտված քաղաքացիներին: Նշեց, թե գիտի, որ այլ թեկնածուների ձայն տվածներն իրենց քայլով արտահայտել են դժգոհություն երկրում առկա խնդիրների վերաբերյալ, հստակ ուղերձ են հղել իշխանություններին, եւ այդ ուղերձը տեղ է հասել:

Վերընտրված նախագահը մատնանշեց մի քանի առաջնահերթություններ, որոնք խոստացավ կյանքի կոչել: Դրանցից առաջինը տնտեսական առաջընթացն է. - «Հայաստանի հիմնախնդիրների մի ողջ փաթեթ այս հարթությունում է: Կառանձնացնեմ երեք հիմնականը` արտագաղթ, գործազրկություն, աղքատություն: Դրանց լուծումները նույնպես այս հարթությունում են: Արդյունավետ եւ վերելքի ճանապարհը բռնած տնտեսություն. ահա հաջողության մեր բանաձեւը»:

Որպես երկրորդ առաջնահերթություն Սերժ Սարգսյանը նշեց իրավունքի գերակայության ապահովումը. - «Բոլորի հավասարությունը օրենքի առջեւ պարտադիր պայման է մեր թե՛ տնտեսական, թե՛ քաղաքական զարգացման համար»։

Որպես երրորդ առաջնահերթություն վերընտրված նախագահը մատնանշեց ժողովրդավարության խորացումը. - «Համեմատեք 5 տարի առաջվա Հայաստանը այսօրվա Հայաստանի հետ եւ կտեսնեք տարբերությունը: Համեմատեք խոսքի, մամուլի, իրավունքի ազատության մակարդակները: Համեմատեք հասարակական կազմակերպությունների եւ ընդհանրապես քաղաքացիական հասարակության կայացության մակարդակները: Խոստանում եմ, որ եղածով չենք բավարարվելու»:

Երդմնակալության արարողությանը մասնակցում էին Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, արտերկրկից հրավիրված հարյուրից ավելի հյուրեր, սակայն որեւէ նախագահ չէր մասնակցում: Ամենաբարձրաստիճան պաշտոնյան Լեռնային Ղարաբաղի նախագահ Բակո Սահակյանն էր:

Ազգային ժողովի հատուկ նիստին, որի ընթացքում տեղի է ունենում երդման արարողությունը, ի պաշտոնե պետէ է մասնակցեն Ազգային ժողովի բոլոր պատգամավորները, բայց «Ժառանգություն», Հայ ազգային կոնգրես եւ Դաշնակցություն խմբակցությունները չէին մասնակցում հատուկ նիստին:

Չէր մասնակցում նաեւ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ եւ խորհրդարանական խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը: Ներկա էին, սակայն, խմբակցության մի շարք անդամներ` հիմնականում գործարարներ:

ԲՀԿ-ական պատգամավոր Գուրգեն Արսենյանի փոխանցմամբ` չմասնակցելու որոշում չի եղել, իսկ Գագիկ Ծառուկյանի բացակայությունը քաղաքական ենթատեքստ չունի:

Սերժ Սարգսյանի երդմնակալությունը նաեւ բողոքի ակցիայով ուղեկցվեց. Վարդգես Գասպարին պառկել էր մարզահամերգային համալիրի աստիճանների մոտ, դեմքին պարկ քաշած, որի վրա 2008-ի հետընտրական իրադարձությունների ժամանակ զոհված Տիգրան Աբգարյանի ու նրա հոր լուսանկարն էր: Ոստիկանները նրան հորդորում էին հեռանալ, սակայն բիրտ ուժ չկիրառեցին:

Դահլիճում ներկա էին մոտ 60 միջազգային պատվիրակություններ, բազմաթիվ գործարարներ, մասնավորապես, «Տաշիր գրուպ»-ի սեփականատեր, ռուսաստանաբնակ Սամվել Կարապետյանը, սնանկացող «Արմավիա»-ի սեփականատեր Միքայել Բաղդասարովը:

Ներկա էին Սերժ Սարգսյանի երկու եղբայրները, Երեւանի նախկին քաղաքապետ, ռուսաստանյան «Գազպրոմ» բանկի փոխտնօրեն Կարեն Կարապետյանը, Վազգեն Սարգսյանի կրտսեր եղբայրը` Արմեն Սարգսյանը, Աժ նախկին խոսնակ Տիգրան Թորոսյանը:

ՀՀԿ-ի փոխնախագահ Ռազմիկ Զոհրաբյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում անդրադառնալով Ազատության հրապարակում զուգահեռ ընթացող Րաֆֆի Հովհաննիսյանի երդմնակալությանը, ասաց, թե ժողովրդավարական երկրում ենք ապրում ու նաեւ նման դրսեւորումներն են հնարավոր:

«Իհարկե, 37 տոկոս ձայն է ստացել, բայց դա համարժեք չէ այն հավաքված մասսային, որը հրապարակում է: Իմ մոտ կասկածներ կան, որ ինքը 37 տոկոս հավաքել է», - ասաց Զոհրաբյանը:

Իշխող կուսակցության մյուս փոխնախագահ, Կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանը «Ժառանգություն» կուսակցությանը եւ Րաֆֆի Հովհաննիսյանին հաջողություն մաղթեց առաջիկա ընտրություններում. - «Ես մաղթում եմ, որ «Բարեւ, Երեւան» դաշինքը կարողանա հավուր պատշաճի հանդես գալ քաղաքապետի ընտրություններին եւ ապացուցի, որ Րաֆֆի Հովհաննիսյանի հավաքած ձայները պատահական ձայներ չէին»:

Արարողության պաշտոնական մասի ավարտին Աժ պատգամավոր Սամվել Ալեքսանյանը բոլորին հրավիրում էր իր ընտանիքին պատկանող «Փարվանա» ռեստորան` տոնելու նախագահի երդմնակալությունը:
XS
SM
MD
LG