Մատչելիության հղումներ

Հայաստանի Հանրապետության մայր օրենքի` Սահմանադրության պահանջով, կառավարությունն այսօր հրաժարական ներկայացրեց:

Սահմանադրության 55-րդ հոդվածի 4-րդ կետի համաձայն, հանրապետության նախագահն ընդունում է կառավարության հրաժարականը հանրապետության նախագահի կողմից իր պաշտոնը ստանձնելու օրը:

Նախագահի երդմնակալության արարողությունից հետո գործադիրն ամբողջ կազմով` վարչապետ Տիգրան Սարգսյանի գլխավորությամբ, այցելել էր նախագահական նստավայր: Տիգրան Սարգսյանը շնորհավորեց Սերժ Սարգսյանին Հայաստանի նախագահի պաշտոնը երկրորդ անգամ ստանձնելու կապակացությամբ:

«Պարոն նախագահ, մեզ համար մեծ պատիվ էր Ձեզ հետ աշխատել, եւ ցանկացած քաղաքական-պետական գործչի համար, մեծ պատասխանատվություն եւ երջանկություն է բարձր պաշտոններում ծառայել սեփական ժողովրդին, աշխատել ՀՀ նախագահի հետ: Ես ուզում եմ նշել, որ այս տարիների ընթացքում Ձեր քաղաքական ղեկավարության ներքո մեր թիմը նվիրական ձեւով փորձել է կատարել իր առջեւ Ձեր կողմից դրված բոլոր խնդիրները: Իհարկե, մենք ունեցել ենք դժվար օրեր, ունեցել ենք ոչ միայն հաջողություններ, այլ նաեւ բացթողումներ եւ սխալներ: Պարո՛ն Նախագահ, ապագայի ամենահուսալի խորհրդատուն անցյալն է. Ձեր անցած ուղին, Ձեր փորձը եւ գիտելիքները, Ձեր մարդկային հատկանիշներն այն երաշխիքներն են, որոնք մեզ հույս են ներշնչում, որ մեր պետությունը զարգանալու է, եւ մենք ունենալու ենք նոր վերելքներ եւ նոր հաղթանակներ», - ասաց վարչապետը:

Այնուհետեւ Տիգրան Սարգսյանը ընթերցեց կառավարության հրաժարականի դիմումը: Ընդունելով գործադիրի հրաժարականը` նախագահ Սերժ Սարգսյանը շնորհակալություն հայտնեց կառավարության անդամներին համատեղ աշխատանքի համար:

«Ես համոզված եմ, որ մեր համատեղ գործունեությունը եղել է արդյունավետ: Կասկածից վեր է, որ մեր քաղաքացիների մի հսկայական զանգված դժգոհ է մեր աշխատանքից, բայց հարգելի գործընկերներ, ուզում եմ, որպեսզի դուք համոզված լինենք` մարդիկ դժգոհ են ոչ թե մարդկանցից, այլ եղած պրոբլեմներից: Դուք ակնհայտորեն աշխատել են բարդ պայմաններում, լուծել շատ դեպքերում անհնարին թվացող խնդիրներ, դիմագրավել մարտահրավերները, ինչը ձեզ պատիվ է բերում», - ասաց Սարգսյանը` շարունակելով. - «Անկախ բոլոր գնահատականներից, դուք կառավարության նոր կազմի համար ստեղծել եք բարենպաստ պայմաններ: Ես վստահ եմ, որ Հայաստանի նոր կառավարությունը շարունակելով ձեր լավագույն ավանդույթները, անպայման կատարելու է իր առջեւ դրված խնդիրները, իսկ այդ խնդիրները բազմազան են»:

Կառավարության կազմի եւ վարչապետի հնարավոր փոփոխության մասին «Ազատություն» ռադիոկայանը այսօր զրուցել է իշխող Հանրապետական կուսակցության փոխնախագահ Ռազմիկ Զոհրաբյանի հետ:

«Բնականաբար, նախագահն ինքը կառաջարկի վարչապետին, մենք չենք քննարկել այդ հարցը, բայց կքննարկվի», - ասաց Զոհրաբյանը` հավելելով, թե չի կարող ասել վարչապետի փոփոխություն կլինի, թե` ոչ. - «Փոփոխություններ կլինեն, միգուցե այն չափով չէ, ինչ չափով որ մամուլում տարածվում է: Այս կառավարությունը վատ չի աշխատել, չեմ կարծում, որ արմատական փոփոխություններ կլինեն»:

Այսօր հրաժարական ներկայացրած կառավարությունը ձեւավորվել էր 2012 թվականի խորհրդարանական ընտրություններից հետո: 18 նախարարություններից 14-ը գլխավորում են իշխող Հանրապետական կուսակցության անդամներ, 3 պորտֆել կոալիցիոն հուշագրով բաժին է հասել «Օրինաց երկիր» կուսակցությանը, մեկ նախարար էլ անկուսակցական է:

Համաձայն Սահմանադրության` նախագահը վարչապետ է նշանակում կառավարության հրաժարականի ընդունումից հետո՝ տասնօրյա ժամկետում: Կառավարությունը կազմավորվում է վարչապետի նշանակումից հետո` քսանօրյա ժամկետում: Նախագահի կողմից կառավարության հրաժարականի ընդունումից հետո կառավարության անդամները շարունակում են իրենց պարտականությունների կատարումը մինչեւ նոր կառավարության կազմավորումը:

Ցույց տալ մեկնաբանությունները

XS
SM
MD
LG