Մատչելիության հղումներ

Րաֆֆի Հովհաննիսյանը տվեց «Նոր Հայաստանի» երդումը


Րաֆֆի Հովհաննիսյանը Ազատության հրապարակում
Րաֆֆի Հովհաննիսյանը Ազատության հրապարակում
Րաֆֆի Հովհաննիսյանը այսօր բազմամարդ Ազատության հրապարակում տվեց «Նոր Հայաստանի» երդումը: Նա բառ-բառ արտասանում էր երդման տեքստը, իսկ հավաքված ժողովուրդը կրկնում էր նրա խոսքերը:

«Ես` Հայաստանի Հանրապետության քաղաքացիս, այսօր լուծարում եմ իմ կապերը ներկա անօրինական իշխանության հետ: Հայտարարում եմ, որ չեմ ճանաչում կեղծ ղեկավարներին, չեմ հնազանդվելու սուտ օրենքներին, չեմ հնազանդվելու անիրավ հրամաններին, ես լիազորված եմ իմ իրավունքով, պաշտպանված եմ Սահմանադրությամբ եւ ես չեմ վախենում, եւ ես չեմ վաճառվում, եւ ես չեմ նահանջում: Մենք` Հայաստանի չորրորդ հանրապետության քաղաքացիներս, երդվում ենք մեր պապերի երազանքով, մեր երեխաների ապագայով, մեր պետության Սահմանադրությամբ, որ մենք պայքարելու ենք, պայքարելու ենք ամենուր, պայքարելու ենք սիրով, պայքարելու ենք հավատքով եւ չենք հոգնելու, չենք հիասթափվելու, հույս ենք տալու իրար, ուժ ենք տալու իրար եւ մենք հաղթելու ենք», - երդվեցին ընտրությունների արդյունքները վիճարկող նախագահի նախկին թեկնածուն եւ նրա համակիրները:

Անդրադառնալով այսօր Մարզահամերգային համալիրում տեղի ունեցած Սերժ Սարգսյանի երդմնակալության արարողությանը` Րաֆֆի Հովհաննիսյանն ասաց, որ ինքը չի հետեւել այդ արարողությանը, բայց եթե Սերժ Սարգսյանը սուտ երդում է տվել, եւ եթե Վեհափառը օրհնել է այդ երդումը, ինքը չի ճանաչում ոչ Սերժ Սարգսյանին, եւ ոչ էլ կաթողիկոսին:

«Ո'չ կեղծ երդմանը, ո'չ կեղծ նախագահին, եւ ո'չ կեղծ Վեհափառին», - ասաց Րաֆֆի Հովհաննիսյանը` հորդորելով Սերժ Սարգսյանին եւ կաթողիկոսին ժամը 6-ին գալ Ազատության հրապարակ:

«Եվ կամ ժամը 6-ին Սերժ Սարգսյան եւ Վեհափառ Հայրապետ, դուք միանում եք ժողովրդին այստեղ Ազատության հրապարակում, կամ ձեր դեսպանների, չգիտեմ ում հետ, ձեր կենացը խմեք: Ձեր վերջին կենացը կլինի դա: Վեհափառ, պարոն Սարգսյան, ժամը 6-ին եկեք այստեղ եւ ժողովրդի առաջ ասեք` ներողություն», - ասաց «Ժառանգության» առաջնորդը:

Հավաքված բազմությունը պարբերաբար վանկարկում էր «Րաֆֆի, նախագահ» եւ «Սերժ, հեռացիր»: Արձագանքելով` Հովհաննիսյանն ասաց, թե հարգում է ժողովրդի տեսակետը, ժողովուրդը սխալ չի ասում, քանի որ Սերժ Սարգսյանն այսօր «արդեն հեռացել է»:

«Էդ Րաֆֆին, Սերժը, Ռոբերտը, Լեւոնը ո՞ւմ շունն են: Դուք ունեք մի հայրենիք` Հայաստան, տվեք Հայաստանը: Թքած Րաֆֆու եւ Սերժի վրա, այսօր հայ ժողովուրդն է գալիս իշխանության», - ասաց նա:

Թեեւ նախապես նախատեսված էր, որ «Նոր Հայաստանի» երդմնակալությունից հետո պետք է համերգ տեղի ունենար, որից հետո երեկոյան երթ էր նախատեսված, սակայն Րաֆֆի Հովհաննիսյանը որոշեց երթն անցկացնել անմիջապես երդմնակալությունից հետո: Նա իր համակիրների հետ անցավ Հյուսիսային պողոտայով, Հանրապետության հրապարակով, ապա ծաղիկներ դրեց Մյասնիկյանի արձանին` Մարտի 1-ի տասը անմեղ զոհերի հիշատակին: Հովհաննիսյանը նաեւ այցելեց Սուրբ Հովհաննես եկեղեցի, որտեղից հետո ուղեւորվեց նախագահի նստավայր:

Երթի ընթացքում «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում Հովհաննիսյանն ասաց, որ բախումներ թույլ չի տալու եւ իրենք Բաղրամյան պողոտան գրոհելու մտադրություն չունեն: Սակայն երբ երթի մասնակիցները հասան Պռոշյան փողոց, ոստիկանությունը փակեց ճանապարհը` թույլ չտալով ցուցարարներին շարժվել դեպի Բաղրամյան պողոտա: Ոստիկանները զինված էին մահակներով եւ սաղավարտներով, նրանք մահակներով խփում էին վահաններին` զգուշացնելով, որ ուժ կկիրառեն: Երեւանի ոստիկանապետ Ներսես Նազարյանը եւ փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանն էլ հայտարարեցին, որ երթը անօրինական է` հորդորելով ետ դառնալ նույն ճանապարհով:

«Ժառանգության» առաջնորդը ընդգծում էր, որ նախագահի նստավայր գնալու մտադրություն չունի եւ պարզապես ցանկանում են Բաղրամյան փողոցով իջնել դեպի Ազատության հրապարակ: Տեսնելով, որ ոստիկանները անդրդվելի են, Հովհաննիսյանը փորձեց անձամբ ճեղքել ոստիկանական պատնեշը, սակայն հանդիպեց կոշտ դիմադրության: Ոստիկանները նրան պարզապես ետ մղեցին:

Տեսնելով, որ Բաղրամյան պողոտայով անցնելու որեւէ հնարավորություն չկա, Հովհաննիսյանն իր աջակիցների հետ Թումանյանի տուն թանգարանի մոտով վերադարձավ Ազատության հրապարակ:

Ի դեպ, Հովհաննիսյանն այսօր Ազատության հրապարակում հայտարարեց, որ վաղն առավոտյան` ապրիլի 10-ին, տոնախմբելու են իրենց հաղթանակը, իսկ այս ուրբաթ Ազատության հրապարակում կայանալիք հանրահավաքում կներկայացնեն ժողովրդի իշխանության անդամներին:
XS
SM
MD
LG