Մատչելիության հղումներ

Պետդեպարտամենտ. «Ուժի կիրառումը չի լուծի ղարաբաղյան հակամարտությունը»


Միացյալ Նահանգները` որպես ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահ, խորապես նվիրված է մնում Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորմանը հասնելու նպատակով կողմերի հետ աշխատելուն: Այդ մասին երեկ ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ԱՄՆ-ի Պետդեպարտամենտի փոխխոսնակի պաշտոնակատար Փաթրիք Վենթրելը` պատասխանելով ադրբեջանական հեռուստատեսության թղթակցի հարցին:

Ադրբեջանցի լրագրողը, նշելով, թե օրերս Թուրքիա կատարած այցի ընթացքում Միացյալ Նահանգների պետքարտուղար Ջոն Քերրին քննարկել է Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը թուրք պաշտոնակից Ահմեթ Դավութօղլուի հետ, հարցրել է խաղաղ բանակցությունները խթանելու ծրագրերի առկայության մասին` հիշատակելով «Ադրբեջանի տարածքների օկուպացիան»:

Ի պատասխան` Պետդեպարտամենտի ներկայացուցիչը նաեւ ասել է. - «Մենք հավատում ենք, որ ուժի կիրառումը չի լուծի հակամարտությունը, եւ կոչ ենք անում բոլոր կողմերին` ձեռնպահ մնալ ուժի կիրառումից կամ ուժի կիրառման սպառնալիքից: Սակայն ես ավելի շատ տեղեկատվություն չունեմ, թե որ համատեքստում այն [Ղարաբաղի հարցը] կարող էր շոշափվել Թուրքիայում պետքարտուղարի դիվանագիտության շրջանակներում»:

Հայ - թուրքական հարաբերությունների կարգավորման ուղղությամբ զարգացումների առկայության մասին հարցին էլ Վենթրելը արձագանքել է, թե տվյալ թեման ամերիկյան կողմը մշտապես արծարծում է թուրք գործընկերների հետ հանդիպումներում, սակայն ինքը որեւէ տեղեկատվություն չունի այդ կապակցությամբ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG