Մատչելիության հղումներ

Հայաստանում «Կարֆուր»-ի խանութների բացման հարցն առայժմ անորոշ է


Առայժմ անհայտ է՝ ֆրանսիական «Կարֆուր» խանութների ցանցը Հայաստանում կծավալի՞ գործունեություն, թե՞ ոչ։ Թեեւ պաշտոնյաները վստահեցնում են, որ ո'չ տեղական տնտեսվարողները, ո'չ Հայաստանի օրենքները չեն խանգարում «Կարֆուրի» մուտքին, մամուլը շարունակում է պնդել, որ ֆրանսիական ընկերության մուտքը խոչընդոտում են Հայաստանը առաջին անհրաժեշտության սպառողական ապրանքներ ներմուծող խոշոր գործարարները։ Նրանց շարքում, մասնավորաբար, շրջանառվում է Ազգային ժողովի պատգամավոր Սամվել Ալեքսանյանի անունը, ում ընտանիքին, ինչպես հայտնի է, «Երեւան Սիթի» սուպերմարկետների ցանցն է պատկանում։

Խնդիրն այնքան մեծ հնչեղություն է ստացել, որ սկսել է անգամ արտասահմանցի դիվանագետներին հետաքրքրել։ Մասնավորապես, Հայաստանում Միացյալ Նահանգների դեսպան Ջոն Հեֆերնը նույնպես անդրադարձել է Երեւանում «Կարֆուրի» բացման թեմային՝ երկու անգամ, եւ նշել, որ ինքը կուզեր Երեւանում «Կարֆուր» տեսնել։

Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահ Արտակ Շաբոյանը խորհրդարանում այսօր հայտարարեց, թե իրենք ուզում են պարզել՝ ի՞նչ խնդիրներ ունի «Կարֆուրը» Հայաստանում, սակայն ֆրանսիական ընկերության ներկայացուցիչները ձեռնպահ են մնում իրենց հանձնաժողովի հետ քննարկել հարցը։ Շաբոյանի խոսքով, ինքն անգամ ոչ պաշտոնական քննարկման է հրավիրել ընկերության ներկայացուցիչներին՝ այդ հրավերին էլ չեն արձագանքել։

«Այն դեպքում, երբ մի քանի այլ սուպերմարկետների շարքում Սամվել Ալեքսանյանի «Երեւան Սիթին» եւս գերիշխող դիրք ունեցող է ճանաչվել, հանձնաժողովն արդյոք չէ՞ր կարող առանց «Կարֆուրի» հարցը քննարկման առարկա դարձնել», - «Ազատություն» ռադիոկայանի այս հարցին Շաբոյանը պատասխանեց. - «Մենք չենք կարող վերացական եւ ընդհանուր հայտարարությունները հիմք ընդունել մեր որոշումների համար։ Չէ՞ որ, ի վերջո, մենք, եթե խնդիր կա, պետք է որոշում կայացնենք եւ մեր որոշման համար կոնկրետ փաստեր եւ հիմքեր են պետք։ Մեր ռեսուրսները մենք պետք է արդյունավետ ծախսենք, այսինքն՝ պետք է իմանանք, թե ինչ խնդիր ենք ուզում բացահայտել։ Մեր մրցակցության օրենսդրությունը շատ լայն է, այսինքն, մենք պետք է իմանանք խոսքը ի՞նչ խնդիր մասին է՝ կա ինչ-որ հակամրցակցային համաձայնություն, թե՞ ինչ-որ գերիշխող դիրքի չարաշահում, թե՞ անբարեխիղճ մրցակցություն»։

«Կարֆուրի» մուտքը Հայաստան մեր համերկրացիներին հետաքրքրում է, մասնավորաբար, լայն սպառման մի շարք ապրանքատեսակների գների էժանացման տեսանկյունից։ Մեր օրենսդիրների հիմնական մասը, նրանց գործընկերների պնդմամբ, 243 հազար դրամ կազմող աշխատավարձով չեն ապրում, բայց նաեւ այդպիսիք կան։ ԲՀԿ մամուլի խոսնակ Տիգրան Ուրիխանյանի խոսքով, ինքը միջին վիճակագրական հայաստանցու նման է ապրում։

«Անշուշտ այդ աշխատավարձը, վերցված համեմատականով, ավելի բարձր է, քան ստանում են շատ քաղաքացիներ, բայց այն պատգամավորի համար, որը պարզապես աշխատավարձով ապրող պետական ծառայող է, անշուշտ այն չի կարող բավարար լինել», – ասում է Ուրիխանյանը՝ նշելով, որ ինքը մրցակցային դաշտի բարելավման կողմնակից է. – «Եթե տնտեսական դաշտում, այդ թվում առեւտրի եւ սպասարկման ոլորտներում, որեւէ մի քայլ կարող է նպաստել մրցակցության ավելացմանը, ուրեմն այն միանշանակ պիտի տեղի ունենա»։

Ինչպես մեզ հետ զրույցում պնդեց հանրապետական պատգամավոր Համլետ Հարությունյանը, ինքն իր յոթ հոգանոց ընտանիքը աշխատավարձով է պահում, բայց ոչ աշխատավարձից է բողոքում, ոչ ապրանքների գների բարձրացումից, որովհետեւ, ինչպես ասաց՝ հասկանում է՝ պետությունն այսօր այդքան հնարավորություն ունի, իսկ գների բարձրացումը Հայաստանից չի կախված։
XS
SM
MD
LG