Մատչելիության հղումներ

Հրաձգարանի տարածքը պահպանվում է միայն զորավարժությունների ժամանակ


Շիրակի մարզի Վահրամաբերդ գյուղի մերձակայքում ՌԴ զինված ուժերի տանկային հրաձգարանի տարածքը, որտեղ ապրիլի 7-ին զոհվել էին գյուղի բնակիչներ 15-ամյա Մուշեղ Գեւորգյանը եւ 12-ամյա Արթուր Մկրտչյանը, պահպանվում է միայն զորավարժությունների ժամանակ:

Վահրամաբերդցիներն այդ տարածքում հաճախ են արածեցնում իրենց անասուններին, քանի որ ժամանակին դա եղել է իրենց միակ արոտավայրը:

«Երբ տեղի են ունենում զորավարժությունները, պարտադիր փակված են բոլոր մուտքերը: Տարվա ընթացքում 6-7 ամիս անընդհատ կան այնտեղ զորավարժություններ: Բայց օրվա ընթացքում դադարներ են լինում եւ այդ ժամանակ, այլ տեղ չունենալով, անասունները ստիպված տանում ենք այնտեղ», - «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասաց Վահրամաբերդի համայնքի ղեկավար Աղվան Մարտիրոսյանը: - «Հիմնականում մեր գյուղի հատվածի մոտավորապես 80 տոկոսը չի օգտագործվում հենց բուն նպատակի համար: Այսինքն` դա ազատ տարածք է, որտեղ ո’չ զենք կա, ո’չ կրակոց կա»:

Երեխաները, սակայն, եղել են այն հատվածում, որտեղ վտանգը, գյուղապետի ձեւակերպմամբ` «շատ-շատ մեծ է» եւ որտեղ ընդհանրապես «արգելվում է որեւէ մարդու մուտք»:

«Մուտքերի մոտ բոլոր տեղերում իրենց կողմից նշաններ դրված են, որ խստիվ է արգելվում [մուտքը]: Կրակելու օրերին նաեւ զինվորներ են կանգնեցնում ամբողջ տարածքով: Մեզ էլ են գրավոր զգուշացնում, որ այս օրվանից այս օրը զորավարժություններ են, մարդկանց մուտքը արգելել», - նշեց Մարտիրոսյանը եւ հավելեց, որ տարածքը կազմում է մոտ 1000 հեկտար. - «Երկարությունը կազմում է մոտ 3 կիլոմետր, եւ մարդկային ուժով ամբողջը հսկել, կամ պարսպի տեսքով, շատ դժվար է»:

Նրա խոսքով, եթե հրաձգարանում զորավարժություններ չկան, ցանկացած մարդ կարող է մուտք գործել այդ տարածքը:

Անցած շաբաթ` երկուշաբթիից ուրբաթ, գյուղապետի փոխանցմամբ, հրաձգարանում զորավարժություններ անցկացվել էին եւ պետք է շարունակվեն այս շաբաթ:

Նա ասաց նաեւ, որ երեկ ներկա է եղել ռուսաստանյան զինվորական դատախազության կողմից իրականացված քննչական գործողություններին. - «Մենակ ռուսական կողմն էր, հայկական կողմը դիտորդի կարգավիճակում էր»:

«Վերցրել-խաղացել են, խփել են քարին, պայթյուն է առաջացել: Իրար կողքի են եղել: Երեւի մտածել են, որ այլումին է, վերցրել են», - նշեց գյուղապետը:

Երկու երեխաներն էլ սոցիալապես անապահով, բազմազավակ ընտանիքներից են:
XS
SM
MD
LG