Մատչելիության հղումներ

ՀՀ ոստիկանության հայտարարությունը վաղվա հանրահավաքի առնչությամբ


Հայաստանի ոստիկանության հայտարարություն է տարածել Րաֆֆի Հովհաննիսյանի կողմից ապրիլի 9-ին անցկացվելիք հանրային հավաքի առնչությամբ:

«Նախագահի նախկին թեկնածու Ր. Հովհաննիսյանի կազմակերպած հավաքներում գնալով ուժգնանում է հակաիրավական, այդ թվում՝ ՀՀ քրեական օրենսգրքով նախատեսված գործողությունների դիմելու միտումը: Նման պարագայում ՀՀ ոստիկանությունը պետք է ձեռնամուխ լինի օրենքով սահմանված իր այլ պարտականությունների կատարմանը: Այսպես, համաձայն «Հավաքների ազատության մասին» ՀՀ օրենքի 32-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի, ոստիկանությունը պարտավոր է հավաքի անցկացման վայրից հեռացնել այն անձանց, ովքեր կոպտորեն խախտում են հավաքի խաղաղ եւ բնականոն ընթացքը, եթե այլ կերպ հնարավոր չէ ապահովել այն», - ասված է հայտարարությունում: - «Ակնհայտ է, որ եթե հավաքի կազմակերպիչը կամ առանձին մասնակիցներ, «այլընտրանքային եղանակով իբրեւ թե ստանձնելով Հանրապետության Նախագահի լիազորությունները» փորձելու են կոնկրետ գործողություններով ձեռնամուխ լինել ՀՀ Սահմանադրության 55-րդ հոդվածով Հանրապետության Նախագահին վերապահված լիազորություններ ու դրանից բխող այլ գործողություններ իրականացնելուն, ապա նման հանրորեն վտանգավոր արարքներ կատարողներին ՀՀ ոստիկանությունը հեռացնելու է հավաքի վայրից, իսկ եթե դա անհնարին լինի հավաքի մասնակիցների մեծ մասի կողմից նման գործողություններին միանալու կամ դրանց հավանություն տալու դեպքում, ապա ոստիկանությունը, համաձայն «Հավաքների ազատության մասին» ՀՀ օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասի, պետք է դադարեցնի հավաքը»:

Ոստիկանությունը հարկ է համարել եւս մեկ անգամ հատուկ շեշտել, որ «իր աջակցությունը հավաքներին կարող է շարունակվել միայն այնքան ժամանակ, քանի դեռ հավաքը պահպանում է իր խաղաղ բնույթը եւ դրա անցկացմամբ անհամաչափ կերպով չեն սահմանափակվում այլոց սահմանադրական իրավունքները կամ հանրային շահերը, իսկ հավաքի ժամանակ հակաիրավական, հատկապես, հանրորեն վտանգավոր գործողությունները կամ դրանց անմիջական սպառնալիքը կարող են էապես նվազեցնել խաղաղ հավաքի պաշտպանության` օրենքով ամրագրված երաշխիքի պահպանման հնարավորությունը»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG