Մատչելիության հղումներ

Երեւանյան ընտրարշավը ամենամեծ ֆինանսական ռեսուրսներով սկսել է ՀՀԿ-ն


Նախընտրական քարոզչական վահանակներ Երեւանում, 8-ը ապրիլի, 2013թ.

Նախընտրական քարոզչական վահանակներ Երեւանում, 8-ը ապրիլի, 2013թ.

Կուսակցության խմբակցության քարտուղարը խորհուրդ է տալիս այդտեղ սենսացիա չփնտրել:

Երեւանի ավագանու մայիսի 5-ի ընտրությունների` երեկվանից մեկնարկած քարոզարշավին ամենամեծ ֆինանսական ռեսուրսներով մասնակցում է իշխող Հանրապետական կուսակցությունը (ՀՀԿ):

Հանրապետականը ընտրություններին մասնակցող քաղաքական ուժերից ամենահարուստն է` ըստ Կենտրոնական ընտրական հանձնաժողով ներկայացված հայտարարագրի, նրա գույքն ու միջոցները գերազանցում են Գագիկ Ծառուկյանի գլխավորած «Բարգավաճ Հայաստան» կուսակցության միջոցներին: Իշխող Հանրապետականը հայտարարագրել է 39 միլիոն 843 հազար 822 դրամ (մոտ 95 հազար դոլար), 58 միավոր անշարժ գույք` Երեւանում եւ մարզերում, որից 47 միավորը միանձնյա սեփականություն է:

Ըստ պաշտոնական այս փաստաթղթի` իշխող կուսակցության եկամուտների մեծ մասը գոյացել է անդամավճարներից ու բյուջետային ֆինանսավորումից:

«Բարգավաճ Հայաստան»-ը հայտարարագրել է Հանրապետականի հայտարարագրած գումարից մոտ 4 անգամ պակաս դրամական միջոցներ` 8 միլիոն 933 հազար 9 դրամ, 53 միավոր անշարժ գույք, որից 52-ը անհատույց օգտագործման իրավունքով է տրված կուսակցությանը:

Պաշտոնական փաստաթղթի համաձայն, «Բարգավաճ Հայաստան»-ի եկամուտների մեծ մասը գոյացել է բյուջետային ֆինանսավորումից եւ անդամավճարներից:

Մյուս ուժերը իրենց ռեսուրսներով զգալիորեն զիջում են. Հայ ազգային կոնգրեսը հայտարարագրել է ընդամենը մեկ միավոր անշարժ գույք եւ 2 միլիոն 162 հազար 800 դրամ, ՀՅ Դաշնակցությունը հայտարարագրել է 2 միլիոն 91 հազար 490 դրամ եւ 35 միավոր անշարժ գույք, «Օրինաց երկիր»-ը` 1 միլիոն 366 հազար դրամ եւ 1 միավոր անշարժ գույք:» Այս ուժերի, ինչպես նաեւ «Ժառանգություն» կուսակցության եկամտի աղբյուրը բացառապես անդամների նվիրատվություններն ու բյուջետային ֆինանսավորումն են:

«Բարեւ Երեւան» դաշինքին մաս կազմող «Ժառանգություն»-ը հայտարարագրել է միայն եկամուտները` 25 միլիոն 666 հազար դրամի նվիրատվություններն ու 4 միլիոն 387 հազար դրամի պետբյուջեից ֆինանսավորումը:

Ազգային ժողովի Հանրապետական խմբակցության քարտուղար Հովհաննես Սահակյանը որեւէ արտառոց բան չի տեսնում նրանում, որ իշխող կուսակցությունը նյութական ամենամեծ ռեսուրսներով է քարոզարշավը սկսում:

«Այստեղ որեւէ նորություն կամ, այսպես ասած, սենսացիա փնտրել չի կարելի, կամ գոնե միտումը պետք է այդ ուղղությամբ չտանել, որովհետեւ Հայաստանի հանրապետական կուսակցությունը դեռեւս ձեւավորվել է, հիմնադրվել է 90-ականներին, եւ, կարծում եմ, այս տարիների ընթացքում նաեւ կարող է, ինչու չէ, ոչ միայն քաղաքական կշիռը ավելանալ, այլ նաեւ` գույքային կամ, այսպես ասած, նյութական», - «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասաց Սահակյանը` ընդգծելով. - «Դա իսկապես որեւէ առումով նշանակություն չունի քաղաքական թիմի քաղաքական կշռի հետ կապված»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG