Մատչելիության հղումներ

Ապրիլի 6-ին եւ 7-ին Երեւանի քաղաքապետարանի թույլտվությամբ «Ժառանգություն» կուսակցության երիտասարդ ակտիվիստները հայտարարությունների համար նախատեսված վահանակներին էին փակցնում ապրիլի 9-ին Րաֆֆի Հովհաննիսյանի` Ազատության հրապարակում կայանալիք հանրահավաքի՝ Նոր Հայաստանի երդմնակալությանը նվիրված հայտարարություններ:

Ապրիլի 7-ի երեկոյան, սակայն, Վրացական-Կոմիտաս խաչմերուկում գտնվող վահանակի վրա փակցված թռուցիկները պատռվել են անհայտ անձանց կողմից: Երիտասարդ ակտիվիստներից Դանիել Իոաննիսյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում պատմեց, որ ապրիլի 7-ին ժամը 21.00-ի սահմաններում խաչմերուկի վահանակին մի մեքենա մոտեցավ, մեքենայից քաղաքացիներ դուրս եկան, պոկեցին թղթերն ու հեռացան: Ակտիվիստներից մեկին հաջողվեց գրանցել մեքենայի պետհամարանիշը:

«Մոտ երկու ժամ հետո գնացինք Արաբկիրի ոստիկանության բաժին, ուր մտադիր էինք հաղորդում տալ: Երբ մենք մոտենում էինք բաժնի արդեն անմիջապես մուտքին, մուտքի մոտ կանգնեց նույն մեքենան, մեքենայից իջավ երկու ոստիկան: Տեսանք դիմացի պետհամարանիշը՝ հենց նույն պետհամարանիշն էր, ոստիկաններին սկսեցինք ասել՝ կանգնացրեք այս մեքենան, մեքենան հանցագործ է, մեքենայի վարորդը կտրուկ հետադարձ կատարեց եւ փախավ», - պատմեց Դանիել Իոաննիսյանը` հավելելով, որ ոստիկանները մեքենայի հետեւից գնալու փոխարեն սկսեցին իրենց վրա բղավել:

Դանիելի խոսքով՝ թե' Կոմիտաս-Վրացական խաչմերուկում, թե' ոստիկանության շենքի բակում տեղի ունեցած միջադեպերը գտնվել են հարակից խանութների եւ ոստիկանության անվտանգության տեսախցիկների տեսադաշտում: Սակայն ակտիվիստներին ոստիկանությունից հայտնեցին, որ այդ տեսախցիկները չեն նկարահանում, աշխատում են միայն օն-լայն ռեժիմով:

«Երբ հաղորդման մեջ սկսեցի գրել ոստիկանության բակի դեպքի մասին, ոստիկանները սկսեցին միանգամից խոչընդոտել եւ սպառնալ«, - ասաց Դանիելը:

Այսօր ժամը 15.00-ի սահմաններում ի պատասխան «ժառանգության» շտաբի տարածած հաղորդագրության ՀՀ ոստիկանությունն իր պաշտոնական կայքում պարզաբանող հայտարարություն է տարածել, որում ասվում է. - «Ոստիկանությունը հստակ գիտի իր պարտականությունները եւ գործառույթները, որոնք իրականացնում է օրենքի շրջանակներում` նույնը պահանջելով նաեւ օրենքի անունից հանդես եկող, բայց օրենքը չհարգողներից, մասնավորապես, իրազեկման պաստառները դրանց համար չնախատեսված տեղերում փակցնողներից: Նախորդ ընտրությունների փորձը ցույց է տալիս, որ ոմանք շրջանառության մեջ են դնում անհիմն, անփաստարկ, մտացածին հայտարարությունների մեխանիզմը, որի միակ նպատակը քաղաքացիներին ապակողմնորոշելն ու կասկածի եւ թերահավատության մթնոլորտ ստեղծելն է: Հստակ գիտակցելով հանդերձ, թե ինչը ինչու եւ ինչպես է արվում, ոստիկանությունը, ապահովելով օրենքի տառը եւ առանց որեւէ մեկի պահանջի կամ հորդորի, երբեք անտես չի առել եւ այսօր էլ ընթացք է տալիս օրինախախտման բոլոր դեպքերի քննությանը»:

Ոստիկանության տարածած հաղորդագորության մեջ նշված է, որ «ժառանգության» հաղորդման հիման վրա ոստիկանությունը քննություն է իրականացնում:
XS
SM
MD
LG