Մատչելիության հղումներ

Հովհաննիսյան. «Սուտ երդումը հակասահմանադրական է եւ հակաքրիստոնեական»


Րաֆֆի Հովհաննիսյան, Երեւան, 18-ը փետրվարի, 2013թ.

Րաֆֆի Հովհաննիսյան, Երեւան, 18-ը փետրվարի, 2013թ.

«Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանի համոզմամբ` եթե Ամենայն Հայոց կաթողիկոսը օրհնի Սերժ Սարգսյանի երդմնակալությունը, դա կլինի հակաքրիստոնեական արարք: Նման հայտարարություն Հովհաննիսյանը արեց «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում:

Ընդդիմադիր կուսակցության ղեկավարը կոչ արեց Հայ Առաքելական եկեղեցու առաջնորդին զերծ մնալ նման քայլից:

«Սուտ երդումը` կեղծ երդումը, դա ոչ միայն հակասահմանադրական է` առաջին հերթին որպես քաղաքացիներ, բայց նաեւ կեղծ երդումը նույն քրիստոնեության արգելված վարք է», - կիրակի օրը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասաց Րաֆֆի Հովհաննիսյանը` շարունակելով. - «Ես այսօր պատարագի էի եւ լսեցի հենց պատարագի ժամանակ, խոստովանության ժամանակ, որ կեղծ երդումը դա մեղք է»:

Հարցին` ի՞նչ է պատրաստվում անել, եթե իշխանություններին իր ներկայացած հայտնի պահանջները, այնուամենայնիվ, մնան անկատար, եւ ապրիլի 9-ին էլ Սերժ Սարգսյանը երդմնակալությամբ երկրորդ անգամ ստանձնի Հայաստանի նախագահի պարտականությունները, «Ժառանգության» առաջնորդը պատասխանեց. - «Նոր Հայաստանի հռչակումը եւ այդ հավաքական երդմնակալությունը, որ տեղի կունենա Ազատության հրապարակում ապրիլի 9-ին ժամը 12-ին, շատ ավելի ամբողջական, հատու, համապարփակ եւ համազգային է լինելու, քան թե առանձին վերցրած կեղծ երդում, որ տեղի կունենա որեւէ այլ տեղ: Եվ դրանից բխող բոլոր հետեւանքներով, կարող եմ ասել, որ այդ պայքարը կշարունակվի, եւ ով կեղծ երդում տվեց` ինքը լինելու է Սահմանադրությունից, օրենքից դուրս, եւ ինքը պիտի իրավունք չունենա խոսելու Սահմանադրության չակերտյալ բռնազավթման, չգիտեմ, այլ նման որակումների մասին, որովհետեւ ով փետրվարի 18-ին գողացավ ժողովրդի քվեն եւ ընտրությունը, եւ ազգը եւ պետությունը գիտակցում է դա` բոլորս միասին, ինքն է, որ օրենքից դուրս է»:

«Եվ ես կարծում եմ, որ մենք պիտի շարունակենք ինչպես որ միշտ եղել է` ոչ միայն Բարեւի հեղափոխությամբ, այլ հանդարտ, սահմանադրական, խաղաղ ճանապարհով այնպես անել, որ հասկանանք, որ ի վերջո մենք պիտի ունենանք մի նախագահություն` դե յուրե, վերջապես, որը վայելում է ժողովրդի վստահությունը», - հայտարարեց Հովհաննիսյանը` շարունակելով. - «Իսկ ներկա դրությամբ այս իշխանությունը, այս գործող նախագահությունը, եթե անգամ ինքը զոռի, մեկ-երկու, մի քանի ամիս ինքը դե ֆակտո շարունակի իր գոյությունը, ինքը փաստորեն ներկայացնելու է մի ժողովրդի, մի ազգի, որը իրեն չի ճանաչում: Դրա համար ինքը թող մտածի»:

Երեքշաբթի կեսօրին Երեւանում միաժամանակ երկու երդմնակալություն տեղի կունենա` Սերժ Սարգսյանը Կարեն Դեմիրճյանի անվան Մարզահամերգային համալիրում երկրորդ անգամ ստանձնելու է Հայաստանի նախագահի պաշտոնը, Րաֆֆի Հովհաննիսյանն էլ մտադիր է Ազատության հրապարակում հռչակել «Նոր Հայաստան»:
XS
SM
MD
LG