Մատչելիության հղումներ

Ականի պայթյունից երկու երեխա է զոհվել


Սակրավորը ցույց է տալիս ականի դետալները, արխիվ

Սակրավորը ցույց է տալիս ականի դետալները, արխիվ

Ողբերգությունը տեղի է ունեցել Շիրակի մարզում։

Շիրակի մարզի Վահրամաբերդ համայնքում այսօր կեսօրին տեղի է ունեցել արտակարգ դեպք. ռուսական զորքերի տանկային հրաձգարանի տարածքում ականի պայթյունից զոհվել են Վահրամաբերդ գյուղի երկու երեխաներ` 15-ամյա Մուշեղ Գեւորգյանը և 12-ամյա Արթուր Մկրտչյանը:

Արտակարգ իրավիճակների Շիրակի մարզի փրկակարական վարչության պետի տեղակալ Կարեն Եղշատյանը «Ազատություն» ռադիոկայանին հայտնեց, որ Շիրակի փրկարարական ծառայության դիսպետչերական կետն ահազանգը ստացել է 15։38-ին։

«Մենք տեղեկացրել ենք պատկան ծառայություններին։ Այդ պահին արդեն դեպքի վայրում են եղել ԱԱԾ մարզային վարչության եւ Ախուրյանի վարչության աշխատակիցները, ինչպես նաեւ ոստիկանության ներկայացուցիչները։ Մեր կողմից ուսումնասիրվել է դեպի վայրը», - ասաց Եղշատյանը։

Արտակարգ իրավիճակների Շիրակի մարզի փրկակարական վարչության պետի տեղակալի խոսքերով, հետաքննությունը կպարզի, թե կոնկրետ ինչ տեսակի ական է պայթել։ Նա ասաց, որ ռուսական կողմը նույնպես մասնակցելու է հետաքննությանը։ Պատահարի օրը հրաձգարանում վարժական հրաձգություն չի եղել։

Այս պահին հայտնի չէ նաեւ, թե ինչպես կարող էին երեխաները հայտնվել հրաձգարանի տարածքում։
Նշված տարածքը միջպետական պայմանագրով 45 տարով վարձակաության է տրված Ռուսաստանի Դաշնության զինված ուժերին։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG