Մատչելիության հղումներ

«Օրինաց երկիր» կուսակցության (ՕԵԿ) կենտրոնական գրասենյակում շաբաթ օրը հրավիրված ասուլիսի ժամանակ ՕԵԿ ղեկավար Արթուր Բաղդասարյանը անդրադարձավ ապրիլի 9-ին տեղի ունենալիք երկու առանձին երդմնակալություններին:

«Ազատություն» ռադիոկայանի հարցին, թե ինչպե՞ս է վերաբերվում այն փաստին, որ գործող նախագահ Սերժ Սարգսյանի պաշտոնական երդմնակալությունից զատ տեղի է ունենանալու նաեւ «Ժառանգություն» կուսակցության ղեկավար Րաֆֆի Հովհաննիսյանի «Նոր Հայաստանի» երդմանակալության արարողությանը, Բաղդասարյանը հիշեց «Ռուսական կայսրության թագը» ֆիլմը. - «Երբ որ մարդիկ իրենց թագավոր էին հռչակում… Ես այդ մոտեցումները համարում եմ անընդունելի, որովհետեւ նախ եւ առաջ տեղի են ունեցել ընտրություններ, որոնք ավարտվել են, հնչել են հստակ գնահատականեր եւ ընտրությունների արդյունքում երկրում ձեւավորել վտանգավոր մի նախադեպ, երբ ընտրության արդյունքներից դժգոհ որեւիցե թեկնածու կարող է իրեն թագավոր, երկրի նախագահ ինքնահռչակել, սա իսկապես ընդունելի չէ», - ասաց ՕԵԿ ղեկավարը:

Բաղդասարյանը ասաց` Րաֆֆի Հովհաննիսյանը կրկնեց այն, ինչ տեղի ունեցավ 2008 թվականին. - «Ազատության հրապարակից իրենք իրենց հռչակեցին նախագահ եւ սկսեցին նշանակել նախարարներ: Այնուհետեւ գրեթե մեկ ամիս անց պարոն Հովհաննիսյանը ասաց, որ «ես պատրաստ եմ ճանաչել Սերժ Սարգսյանի նախագահությունը, եթե ինձ տրամադրեք ութ կարեւորագույն պաշտոններ»: Մինչ այդ նա չէր ճանաչում Սերժ Սարգսյանի նախագահությունը: Չի կարելի իշխանությունը, կառավարությունը մասնատել: Պարոն Հովհաննիսյանը պահանջեց Հարկային ծառայության, Մաքսային ծառայության եւ բազմաթիվ այլ բարձրաստիճան պաշտոններ, բայց չեն կարող հարկ հավաքողները լինեն ընդդիմության ներկայացուցիչները, իսկ թոշակ ու աշխատավարձ բաժանողները` իշխանության ներկայացուցիչները»:

Ըստ Արթուր Բաղդասարյանի` նման պահանջները իրավական հիմնավորում չունեն. Նա այսօր ստեղծված իրավիճակի հանգուցալուծումների իր տարբերակներն առաջարկեց:

«Պարոն Հովհաննիսյանը չի ճանաչում ընտրությունների արդյունքները, շարունակում է իր պայքարը փողոցներում, հրապարակներում` չճանաչելով ձեւավորված իշխանության լեգիտիմությունը եւ իր պայքարը տանում է այդ շրջանակներում: Երկրորդը` նա ճանաչում է ընտրությունների արդյունքները, իրեն հռչակում է ընդդիմադիր առաջնորդ եւ փորձում է կոնսոլիդացնել քաղաքական դաշտը: Եվ երրորդը` քաղաքական համագործակցության եզրեր է փնտրում իշխանությունների հետ եւ ձեւավորվում է համագործակցության ֆորմատ», - ասաց ՕԵԿ ղեկավարը` շարունակելով. - «Ենթադրենք, կարող է իշխանությունից ակնկալել որոշակի վերահսկողական լծակներ հանրային դաշտում կամ խորհրդարանում` վերահսկելու կառավարության կամ իշխանությունների գործունեությունը: Օրինակ, «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը, չլինելով իշխանության մեջ, այսօր ունի չորս մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոն Ազգային ժողովում եւ կարողանում է նաեւ իր գործունեությունը իրականացնել: Այսինքն տարբեր ձեւեր կան, բայց ոչ այն եղանակը, որ առաջարկում են, չի կարելի լինել ընդդիմություն եւ միաժամանակ լինել իշխանության մեջ»:

Անդրադառնալով մայիսի 5-ին կայանալիք Երեւանի ավագանու ընտրություններին` Բաղդասարյանն ասաց, թե այն ավելի շատ անձերի եւ ավելի քիչ քաղաքական ընտրություն է:

«Մենք ներկայացրել ենք մրցունակ թիմ, քաղաքապետի կայացած թեկնածու` ի դեմս Արմեն Երիցյանի, եւ բավականին մրցունակ նախընտրական ծրագիր: Կարծում եմ, որ Հայաստանում ձեւավորված է առողջ քաղաքական, մրցակցային մթնոլորտ, եւ առաջիկա ընտրությունները կանցնեն իսկապես մրցակցության պայմաններում: Ներկայացված թեկնածուների մեջ, իմ կարծիքով, մրցակցային առավելություններ ունեն Արմեն Երիցյանը եւ Տարոն Մարգարյանը», - ասաց ՕԵԿ նախագահը:

Բաղդասարյանի խոսքով` ՕԵԿ-ն ավագանու ընտրություններին մասնակցում է հաղթելու վճռականությամբ:

Ցույց տալ մեկնաբանությունները

XS
SM
MD
LG