Մատչելիության հղումներ

Այս տարի Շեքսպիրյան միջազգային թատերական փառատոնի 9-րդ ամյակն է: Փառատոնը կմեկնարկի ապրիլի 6-ին եւ կավարտվի ապրիլի 13-ին:

2003 թվականին Հայաստանի թատերական գործիչների միության այժմյան նախագահ Հակոբ Ղազանչյանը եւ հայտնի շեքսպիրագետ Անժեյ Ժուրովսկին մտածեցին Շեքսպիրյան փառատոնը: Հակոբ Ղազանչյանի փոխանցմամբ` սկզբում այն մտածվեց որպես շեքսպիրյան մոնոներկայացումների փառատոն, քանի որ աշխարհում նման փառատոն չկար:

«Հետագայում որոշեցինք մոնո ժանրը համատեղել նաեւ մեծ ներկայացումների հետ, եւ արդեն 5-6 տարի է հրավիրում ենք նաեւ մեծ ներկայացումներ, բայց ժամանակը ցույց տվեց, որ առավելությունը պիտի տանք շեքսպիրյան մոնոներկայացումներին, որովհետեւ դրանք իրենց տեսակով շատ հետաքրքիր են», - ասաց Հակոբ Ղազանչյանը:

Օրինակ, այս տարվա փառատոնին Շեքսպիրի «Օթելլոն» մոնոներկայացմամբ հանդես կգա իտալացի Լուիջի Չերին, ով նշեց, որ չնայած ապրում եւ ստեղծագործում է Ֆրանսիայում, այդուհանդերձ, ներկայացումը խաղալու է իտալերենով:

«Որովհետեւ ես իտալացի եմ եւ մտածեցի, որ իտալերենն ավելի հարմար է այս պատմությանը, քանի որ այն եռացող արյան եւ կրքի պատմություն է: Իմ կարծիքով` Շեքսպիրի ֆրանսերեն թարգմանությունը համոզիչ չէ, լեզուն կորցնում է պատմության ուժը, եւ կարծում եմ, որ իտալերեն տարբերակում, որը ինքս եմ թարգմանել, փորձել եմ հարգել բնօրինակի ուժը», - ասաց դերասանը:

Չերին հավելեց, որ այն, ինչ շաբաթ երեկոյան հանդիսատեսը կտեսնի Պատանի հանդիսատեսի թատրոնում, փոքր-ինչ յուրահատուկ է, քանի որ ինքն է խաղալու բոլոր դերերը` թե կանանց, թե տղամարդկանց:

«Այն շատ փորձեր եւ բարձր կենտրոնացում է պահանջում, քանի որ շատ արագ պիտի մի կերպարից մյուսին անցնես, որոնք բավականին հակադիր են, բայց մյուս կողմից դա պաշտպանում է դերասանին, որովհետեւ եթե սկզբից մինչեւ վերջ հետեւես, օրինակ, Օթելլոյի հույզերին, կարող է գժվես հենց նրա հետ», - ասաց Լուիջի Չերին:

Փառատոնի շրջանակներում կներկայացվի նաեւ Ռուսաստանի ամենահեղինակավոր եւ հին թատրոններից մեկի` Ուլյանովսկի դրամատիկական թատրոնի «12-րդ գիշեր կամ ինչպես կկամենաք» ներկայացումը:
XS
SM
MD
LG