Մատչելիության հղումներ

Եթե վերջին մի քանի տարիներին հղիներն ու մինչեւ 7 տարեկան երեխաները անվճար բուժօգնություն կարող էին ստանալ Հայաստանի ցանկացած հիվանդանոցում, ապա մոտ մեկ ամսից այդ հնարավորությունը սահմանափակվում է:

Առողջապահության նախարարի հրամանով, որը ուժի մեջ կմտնի մայիսի 1-ից, Երեւանում բնակվող հղիներին ու երեխաներին կսպասարկեն մայրաքաղաքի հիվանդանոցները, իսկ մարզերում բնակվողները անվճար բուժում կարող են ստանալ միայն իրենց մարզում գտնվող հիվանդանոցներում:

Առողջապահության նախարարության Մոր եւ մանկան առողջության պահպանման վարչության պետ Կարինե Սարիբեկյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասաց, որ այս որոշման նպատակը մարզային բուժկենտրոնների զարգացումն ապահովելն է:

Նրա համոզմամբ, դա չի սահմանափակում ընտրության հնարավորությունը. - «Չէ՞ որ այդ նույն մարզի տարածքում հնարավորություն ունի մեկ այլ ծննդատուն գնալու: Մրցակցային դաշտը մարզային կտրվածքով մնալու է»:

Գաղտնիք չէ, որ մայրաքաղաքի հիվանդանոցները ավելի հագեցված են թե’ տեխնիկապես, թե’ որակյալ մասնագետների առումով, եւ վերջին տարիներին հատկապես Երեւանին մոտ գտնվող մարզի բնակիչները ընտրում էին երեւանյան հիվանդանոցները:

Դիտարկմանը, թե արդյոք ժամանակավրեպ չէ այս հրամանը` հաշվի առնելով, որ մարզային հիվանդանոցները համապատասխան որակ ապահովելու համար պայմաններ չունեն, Կարինե Սարիբեկյանը պատասխանեց. - «Յուրաքանչյուր մարզում կան մեկ կամ երկու լավ վերանորոգված, շատ լավ հագեցված պայմաններով բժշկական հաստատություններ»:

Եթե այնուամենայնիվ մարզում բնակվող կինը ցանկանա Երեւանում ծննադաբերել, ապա պետք է վճարի 107 հազար դրամ. այնքան, ինչքան պետությունն է վճարում 1 ծննդաբերության համար: Երեխայի բուժման դեպքում կգործեն տվյալ բուժհաստատության վճարովի ծառայությունների գները:

Կարինե Սարիբեկյանի պնդմամբ, վերջին տարիներին Երեւանի հիվանդանոցները գերծանրաբեռնված են աշխատում, ինչը կարող է ազդել սպասարկման որակի վրա: Մինչդեռ մարզային բուժկենտրոնները, քիչ հիվանդներ ունենալով, չեն զարգանում, համապատասխան ֆինանսավորում չեն ստանում, իսկ հիվանդների հետ չաշխատող բժիշկները մասնագիտական որակ են կորցնում: Այս հրամանը, նրա խոսքով, ուղղված է նաեւ այդ խնդիրների լուծմանը:

Նշենք նաեւ, որ մայիսի 1-ից հաշվի կառնեն ոչ թե գրանցումը, այլ փաստացի բնակության վայրը. եթե մարզի բնակիչը, օրինակ, վարձով ապրում է Երեւանում, ապա ժամանակին տարածքային պոլիկլինիկա դիմելով կամ համատիրությունից փաստաթուղթ ստանալով, կարող է անվճար սպասարկվել մայրաքաղաքի հիվանդանոցներում: Իսկ բարդ դեպքերը կուղեգրվեն Երեւանի հիվանդանոցներ, որտեղ բուժումը կտրամադրվի անվճար:

ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի հայաստանյան գրասենյակի գործադիր ներկայացուցիչ Գարիկ Հայրապետյանը համոզված է, որ մարզային հիվանդանոցներին զարգանալու հավասար հնարավորություններ է հարկավոր ընձեռել եւ ազատ մրցակցային դաշտ ապահովել` չսահմանափակելով կանանց եւ երեխաների ազատ ընտրության իրավունքը:

«Պետք է ստեղծել հավասար պայմաններ եւ թույլ տալ մարդուն, որ ինքն ընտրի: Դա կբարձրացնի նաեւ մրցունակությունը. մարզերը կփորձեն ավելի լավ, բարձր որակի ծառայություններ տրամադրել, որպեսզի իրենց մարզի բնակիչները իրենց մոտ մնան եւ չգնան Երեւան», - «Ազատություն» ռադիոկայանին ասաց Հայրապետյանը:

Ցույց տալ մեկնաբանությունները

XS
SM
MD
LG