Մատչելիության հղումներ

ՀՀԿ-ն «որեւէ խնդիր չի տեսնում» այլընտրանքային երդմնակալության մեջ


Սերժ Սարգսյանը եւ Րաֆֆի Հովհաննիսյանը հանդիպում են նախագահի նստավայրում, 21-ը փետրվարի, 2013
Սերժ Սարգսյանը եւ Րաֆֆի Հովհաննիսյանը հանդիպում են նախագահի նստավայրում, 21-ը փետրվարի, 2013
Իշխող Հանրապետական կուսակցությունը «որեւէ խնդիր չի տեսնում» ապրիլի 9-ին Ազատության հրապարակում «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանի նախաձեռնած հավաքի հետ:

Հանրապետական կուսակցության խորհրդարանական խմբակցության քարտուղար Հովհաննես Սահակյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասաց, որ իրենք նորմալ են վերաբերվում այդ միջոցառմանը, եթե այնտեղ չլինեն «հակաօրինական» կամ «քրեական» դրսեւորումներ:

Ապրիլի 9-ին Մարզահամերգային համալիրում նախատեսված է նախագահ Սերժ Սարգսյանի պաշտոնակալության հանդիսավոր արարողությունը: Իսկ փետրվարի 18-ի նախագահական ընտրությունների արդյունքները վիճարկող քաղաքացիներն ու մի շարք քաղաքական ուժեր մտադիր են նույն օրը Ազատության հրապարակում ազդարարել Րաֆֆի Հովհաննիսյանի հաղթանակը: Այդ միջոցառումը Րաֆֆի Հովհաննիսյանն անվանել է «Նոր Հայաստանի երդմնակալություն», բայց դեռեւս չի հստակեցվել` նախագահի նախկին թեկնածու Հովհաննիսյանը երդվելու է, թե` ոչ:

Հովհաննես Սահակյանը հայտարարեց, որ ինքն այստեղ հեռուն տանող քայլեր չի տեսնում:

«Իրենք սկսեցին ծիրանագույն հեղափոխությունից, եկան բարեւի հեղափոխություն, նոր Հայաստանի… ինչ-որ մի պահ կարող է լինել ավելի նոր Հայաստանի կամ Րաֆֆիի Հայաստանի հեղափոխություն: Որեւէ խնդիր չեմ տեսնում հանրահավաքի կամ իրենց միջոցառումների մեջ, բայց բովանդակային եւ հեռուն տանող որեւէ քայլ չեմ տեսնում: Ո՞ւմ նախագահն են կարգելու, լավ, նախագահ հռչակեցին, կարգեցին, լավ, հազար հոգի գոռացին` «Րաֆֆի, նախագահ», տրամաբանություն չկա, իմաստ գոյություն չունի: Հո ծուռ հայելիների թագավորությունը չէ՞… այն չունի իրավական հետեւանք, չունի ապագա, չունի հաջորդական քայլ, որը բովանդակության մեջ կլինի: Եթե կարգեն նախագահ, դրա հաջորդ քայլը պետք է լինի այն, որ իր հրամաններով իշխանությունը պետք է վերցնեն, իշխանական որոշակի գործառույթներ իրականացնեն եւ այլն: Դա արդեն իշխանության ուզուրպացիա է, զավթում է, դրանք քրեական օրենսգրքի հատկանիշներ են: Սա այլ հարթության խոսակցություն է, ես չեմ ուզում նույնիսկ մտովի տեղափոխվել այս հարթություն, եւ վստահ եմ, որ Րաֆֆի Հովհաննիսյանն էլ չի ուզում մտնել այդ տիրույթ, որովհետեւ այնտեղ որեւէ լավ բան չկա` հատկապես իր համար», - հայտարարեց Սահակյանը:

Ավելի վաղ Րաֆֆի Հովհաննիսյանը Սերժ Սարգսյանին ապրիլի 9-ին հրավիրել էր Ազատության հրապարակ` մասնակցելու «Նոր Հայաստանի» երդմնակալության արարողությանը: Անդրադառնալով այս հրավերին` Սահակյանն ասաց. - «Մեր քաղաքական դաշտում ոչ վաղ անցյալում միակ կարեւորագույն հարցը եղել էր այն, թե արդյոք Սերժ Սարգսյանը կգա Ազատության հրապարակ, թե` ոչ: Եվ այսօր հրավիրել են Հովհաննիսյանի երդմնակալությանը կամ թագադրմանը, բայց բավականին լուրջ այլ խնդիրներ կան: Գնալով կամ չգնալով ի՞նչ է փոխվելու: Դուրս է գալիս, որ հրապարակային բացօթյա թատրոնի ականատեսն ենք: Բայց չէ՞ որ երկրի նախագահը նշեց, որ պատրաստ է թուղթ ու գրիչով նստել, ավելի լուրջ քննարկել, ես կարծում եմ սա ավելի լուրջ շեշտադրում է, քան Րաֆֆի Հովհաննիսյանի «Նոր Հայաստանի» թագադրումը»:

Հիշեցնենք, ի պատասխան Րաֆֆի Հովհաննիսյանի առաջարկների հիման վրա երկխոսելու` Սերժ Սարգսյանի առաջարկի` «Ժառանգության» առաջնորդը հայտարարել էր, որ պատրաստ է հանդիպել Հայաստանի նախագահի հետ ցանկացած վայրում, բայց ոչ՝ Բաղրամյան 26-ում: Իշխանություններն ու «Ժառանգություն»-ը միմյանց են մեղադրում գործընթացը փակուղի տանելու մեջ: Հովհաննես Սահակյանից փորձեցինք ճշտել` հնարավո՞ր է մինչ ապրիլի 9-ը Սերժ Սարգսյանն ու Րաֆֆի Հովհաննիսյանը, այնուհանդերձ, հանդիպեն:

«Իսկ եթե 9-ից հետո, ենթադրենք ամսի 10-ին լինի հանդիպո՞ւմը, ինչ-որ մի բան կորցնելո՞ւ ենք, կամ փոխվելո՞ւ է: Ես կարծում եմ` ոչ: Ես կարծում եմ, որ դա պետք է լինի բովանդակային: Եթե Րաֆֆի Հովհաննիսյանը հանդիպի Սերժ Սարգսյանին թեկուզ X վայրում, զրուցեն, եւ եթե զրույցի մեջ երկու կողմերը պատրաստ են գնալ ընդառաջ` խնդիրների լուծման առումով, ես կարծում եմ, այստեղ ոչ ժամը, ոչ տեղը, ոչ էլ հագուստը էական նշանակություն չունեն», - ասաց Սահակյանը:

Փորձեցինք նաեւ ճշտել խորհրդարանական մյուս ուժերը ապրիլի 9-ին Ազատության հրապարակում ներկա կգտնվե՞ն «Նոր Հայաստանի» երդմնկալությանը: «Բարգավաճ Հայաստան» կուսակցության խոսնակ Տիգրան Ուրիխանյանը փոխանցեց, որ նման հարց իրենք չեն քննարկել: Հայ ազգային կոնգրեսի խորհրդարանական խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը նպատակահարմար չհամարեց պատասխանել ապրիլի 9-ի հանրահավաքի հետ կապված հարցերին: Իսկ Հայ հեղափոխական դաշնակցությունը այդ մասին հայտարարություն կանի ապրիլի 8-ին:
XS
SM
MD
LG