Մատչելիության հղումներ

ԼՂ վարչապետը «կարեւոր եւ կոնկրետ պայմանավորվածություններ է ձեռք բերել»


ԼՂ վարչապետ Արա Հարությունյան
ԼՂ վարչապետ Արա Հարությունյան
ԼՂ վարչապետ Արա Հարությունյանն արտասահմանյան իր աշխատանքային այցելություններից վերադարձել է գոհ՝ նշելով, որ իրեն հաջողվել է կարեւոր եւ կոնկրետ պայմանավորվածություններ ձեռք բերել:

Հարությունյանի խոսքով, Լիբանանում, Կիպրոսում, Շվեյցարիայում եւ Ֆրանսիայում ունեցած իր հանդիպումների գլխավոր նպատակը եղել է գործարար աշխարհի հետ ԼՂ-ում ներդրումներ անելու պայմանավորվածություններ ձեռք բերելը: Խոսքը ԼՂ տնտեսական կյանքում հայ գործարարների մասնակցության մասին է, որոնց առաջարկվել է ներդրումներ անել գյուղատնտեսության ոլորտում, բանկային համակարգում եւ բնակարանաշինության գործում: Եվ արդեն, ինչպես նշեց վարչապետը, առաջիկայում կմեկնարկի Բերձոր քաղաքի մոտ նոր թաղամասի շինարարությունը, որտեղ կառուցվելիք առաջին հիսուն բնակարանների համար գումարներն արդեն իսկ ներդրվել են։

ԼՂ վարչապետը նաեւ ասաց, որ իր այցը Լիբանան համընկել է այդ երկրի կառավարության հրաժարականի հետ, ինչի պատճառով էլ վարչապետ Հարությունյանի մի շարք հանդիպումներ դարձել են ոչ պաշտոնական: Վարչապետի կիպրոսյան այցն էլ համընկել է այդ երկրում ֆինանսական ճգնաժամի հետ , բայց չնայած երկրի ֆինանսական ոչ կայուն իրավիճակին, տեղի հայերը նույնպես պատրաստակամություն են հայտնել իրենց մասնակցությունը բերել ԼՂ գյուղական շրջանների զարգացման գործում:

Կիպրոսում Արա Հարությունյանը հանդիպել է նաեւ Եվրախորհրդարանում այդ երկիրը ներկայացնող պատգամավորների հետ։ Նա նշեց, որ պատգամավորները պատրաստակամություն են հայտնել ոչ միայն Հայաստանի շահերը Եվրախորհրդարանում պաշտպանել, այլեւ՝ «անհրաժեշտության դեպքում, Արցախի համար աշխատանքներ իրականացնելու»։

Ֆրանսիա կատարած իր այցելության ընթացքում վարչապետ Արա Հարությունյանը անդրադարձել էր Ստեփանակերտի օդանավակայանի վերագործարկմանը ՝ նշելով, որ Երեւանի եւ Ստեփանակերտի միջեւ առաջին չվերթը կարող է կայանալ այս գարնանը: «Ազատություն» ռադիոկայանի այն հարցին, թե արդյոք լուծվե՞լ են Ադրբեջանի կողմից առաջ քաշված քաղաքական հարցերը, ինչն էլ թույլ է տվել վարչապետ Արա Հարությունյանին նման թարմ հայտարարությամբ հանդես գալ, Արա Հարությունյանը պատասխանեց՝ «անկախ այն բանից, թե ինչպիսի վերաբերմունք կտրվի կամ ինչ վերաբերմունք կցուցաբերվի Ադրբեջանի կամ քաղաքական ուժերի կողմից, պետք է իրականացնել ընդամենը թռիչքներ։ Մենք պետք է, այո՛, այդ կամքը դրսեւորենք»։

Ստեփանակերտի օդանավակայանի նոր գլխավոր մասնաշենքի կառուցումը արդեն շուրջ մեկ տարի ամբողջությամբ ավարտված է, սակայն այն չի գործում։ ԼՂ իշխանությունները մի քանի անգամ օդանավակայանի գործարկման ամսաթվեր են նշել, սակայն այնուհետեւ տարբեր պատճառաբանություններով հետաձգել են առաջին թռիչքը: Օդանավակայանի վերակառուցման եւ վերազինման աշխատանքների հենց սկզբից Ադրբեջանի իշխանությունները սպառնում էին, որ օդանավակայանի շահագործման դեպքում հարվածելու են քաղաքացիական օդանավերին:
XS
SM
MD
LG