Մատչելիության հղումներ

Բնապահպանության նախարարությունը մեղադրվում է Թեղուտի հարցում անգործության մեջ


Թեղուտի անտառը, արխիվ
Թեղուտի անտառը, արխիվ
«Թեղուտի պաշտպանության» նախաձեռնության անդամներն այսօր նամակով դիմել են Հատուկ քննչական ծառայություն՝ տեղեկացնելով, որ իրենց կարծիքով, Բնապահպանության նախարարությունը Թեղուտի հանքավայրում իր գործառույթներից բխող վերահսկողությունը չի իրականացնում։

Բնապահպան ակտիվիստների պնդմամբ, «Արմենիան Քափըր Փրոգրամ» (ACP) ընկերությունը, որը շահագործում է Թեղուտի հանքավայրը, շահագործման նախագիծը փոփոխությունների է ենթարկել եւ նոր նախագիծը չի հանձնել փորձաքննության, իսկ Բնապահպանության նախարարությունը այդ մասին լռում է։

«Մենք ունենք փաստաթղթեր, որոնցից հայտնի է դառնում, որ Թեղուտում իրականցվում է հանքարդյունաբերական գործունեություն 2010 թվականին մշակված նախագծի շրջանակներում», – «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում հայտարարեց ակտիվիստ Արթուր Գրիգորյանը, – «Այդ նախագիծը չի անցել օրենքով սահմանված կարգով փորձաքննություն, հետեւաբար այդ նախագծով իրականացվող գործունեությունը համարվում է անօրինական»:

Արթուր Գրգորյանը նաեւ բացատրեց, թե որտեղից է ակտիվիստներին հայտնի, որ շահագործողն իրականում նոր նախագիծ ունի: Ասաց, որ 2010 թվականին ACP ընկերությունը դիմել էր միջազգային հեղինակավոր «Environmental Resource Management» (ERM) կազմակերպությանը, որպեսզի վերջինս իրականացնի Թեղուտի հանքավայրի շահագործման համար կազմված նախագծային փաստաթղթերի վերագնահատում: ERM կազմել է զեկույցը ու հանքի շահագործման ծրագրում նկատել մի շարք խախտումներ: ERM-ի կազմած զեկույցը բնապահպան ակտիվիստները մեկ այլ միջազգային բնապահպանական կազմակերպության միջնորդությամբ կարողացել են ստանալ: ERM-ի զեկույցում նկատել են, որ վերլուծության է ենթարկվել ոչ միան 2006 թվականի ծրագիրը, որն օրենքի համաձայն փորձաքննություն է անցել, այլեւ 2010 թվականին կատարված փոփոխությունները:

«Այդ հաշվետվությունը մեր ձեռքին է, բայց մենք այլ ընթացակարգով ենք ուզում այն հրապարակել. ցանկանում ենք ոչ թե այն հրապարակել մամուլով, այլ տրամադրել ՀՔԾ-ին, երբ հարուցվի քրեական գործ», - ասաց Արթուր Գրիգորյանը:

Անցյալ տարվա դեկտեմբերի 21-ին Թեղուտի ակտիվիստները կրկին երթ էին իրականացրել եւ ՀՀ դատախազություն տարել նույնատիպ բովանդակությամբ հաղորդում: Ակտիվիստերը պատմեցին, որ որեւէ տեղեկություն չեն ստացել, թե ինչ ճակատագրի է արժանացել իրենց հաղորդումը 3 ամիս առաջ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG