Մատչելիության հղումներ

Կին քաղաքական գործիչները` կանանց մասին


Սահմանամերձ Բագարան գյուղի կանայք, արխիվ
Սահմանամերձ Բագարան գյուղի կանայք, արխիվ
Երեւանի ավագանու ընտրությունների կուսակցական ցուցակներում ընդգրկված կին գործիչները համակարծիք են, որ եթե ղեկավար պաշտոններում կանայք ավելի շատ լինեն, երկրի սոցիալական խնդիրներն ավելի արագ կլուծվեն եւ սոցիալական արդարությունն ավելի հստակ կուրվագծվի:

Սակայն «Ժառանգություն» կուսակցության առաջնորդած «Բարեւ, Երեւան» կուսակցությունների դաշինքի ցուցակում երկրորդ տեղը զբաղեցնող Անահիտ Բախշյանը նկատում է, որ Հայաստանում կա մի ոլորտ [կրթությունը], որում ներգրավվածների 90 տոկոսը կանայք են, եւ «որից հասարակությունը օձիք է թափ տալիս»:

«Առաջին հերթին պետք է ունենալ արդար պետություն, որտեղ կինը գուցե ավելի լավ կլուծի վերոնշյալ խնդիրները, սակայն այսօր այս մթնոլորտում տարբերություն չկա, կին, տղամարդ, երկուսն էլ երկիրը ավերում են», - ասաց Բախշյանը:

Խոսելով այն մասին, թե, այդուհանդերձ, կինը տեղ ունի՞ քաղաքական, քաղաքացիական կյանքում` իշխող Հանրապետական խմբակցության պատգամավոր Կարինե Աճեմյանը, օրինակ բերելով իրենց կուսակցությունը, նշեց, որ տարիների ընթացքում կանանց հոսքը դեպի վերոնշյալ դաշտ աճել է:

Երեւանի ավագանու ընտրություններում ՀՅ Դաշնակցության ցուցակում ներառված Ռուզան Առաքելյանն էլ պնդեց, թե կանանց սոցիալական բեռն այնքան շատ է, որ այլ տեղ չեն կարողանում դրսեւորել իրենց, ավելին` այսօր «մեր մթնոլորտն ամենեւին էլ կանանց համար չէ»:

«Օրինաց երկիր» կուսակցության (ՕԵԿ) ընտրացուցակում 7-րդ տեղը զբաղեցնող Ջուլիետա Թադեւոսյանն էլ ավելացրեց, որ հենց այդ մթնոլորտի պատճառով այսօր մասնավորապես երիտասարդ կանանց հետաքրքրությունը քաղաքականության նկատմամբ աստիճանաբար նվազում է:

«Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը (ԲՀԿ) ներկայացնող Թամարա Պողոսյանի կարծիքով էլ` գենդերային անհավասարության պատասխանատվությունը տղամարդ պետական գործիչների վրա է, սակայն կանայք պետք է շարունակեն պայքարել իրենց իրավունքի համար:

Մայիսի 5-ին կայանալիք Երեւանի ավագանու ընտրություններին մասնակցող ոչ մի կուսակցության ցուցակ կին չի գլխավորում: Կարելի՞ է արդյոք ենթադրել, որ հենց նույն կուսակցություններում լուրջ չեն վերաբերվում կանանց ներգրավվածությանը ավագանու աշխատանքին, ավելին` կինը ոչ մի կերպ չի ընկալվում որպես Երեւանի քաղաքապետ: Այս դիտարկմանը ԲՀԿ-ական Էլինար Վարդանյանը արձագանքեց` ասելով, թե սա դեռ չի նշանակում, որ կանայք թերագնահատվում են:

ՀՅԴ ներկայացուցիչ Ռուզան Առաքելյանն էլ կարծում է, որ «կարեւորը որակն է»: Հարցին` արդյոք այսօր այս կուսակցություններում չկան այդպիսի արժանավոր կանայք, որոնք այդ որակը կապահովեին, բոլոր կուսակցությունների ներկայացուցիչները պնդեցին, որ միանշանակ կան:

ԲՀԿ-ի, «Ժառանգության», ՀՅԴ-ի, ՕԵԿ-ի ներկայացրած ցուցակների առաջին տասնյակում կա 2-ական կին, ՀԱԿ-ի առաջին տասնյակում` 3, ՀՀԿ-ի առաջին տասնյակում` ընդամենը 1 կին:

Հետաքրքիր է արձանագրել, որ նորանկախ Հայաստանի պատմության մեջ երբեւիցե կին քաղաքապետ չենք ունեցել, եւ 866 գյուղական համայնքներից էլ միայն 24-ն են կանայք ղեկավարում: Ու թեպետ կին քաղաքական գործիչները այսօր ադ մասին խոսելիս պնդում են, որ դա ինքնանպատակ չէ, այդուամենայնիվ, հարկ է նշել, որ ՄԱԿ-ի Հազարամյակի զարգացման նպատակների ծրագրով Հայաստանի կառավարությունը պարտավորվել է մինչեւ 2015 թվականը տեղեկան ինքնակառավարման մարմինների 10 տոկոսի ղեկավարումը վստահել կանանց, սակայն այս պահին այդ ցուցանիշը կազմում է ընդամենը երկու տոկոս:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG