Մատչելիության հղումներ

Հարյուրավոր ջավախահայեր ցույց են կազմակերպել Թբիլիսիի կենտրոնում


Վրաստանի վերաինտերգրման հարցերով նախարար Պաատա Զաքարեիշվիլի
Վրաստանի վերաինտերգրման հարցերով նախարար Պաատա Զաքարեիշվիլի
Ջավախքի հայերը երկարամյա ընդմիջումից հետո ցույց են կազմակերպել Թբիլիսիի կենտրոնում` փորձելով իրենց խնդիրները լսելի դարձնել կենտրոնական իշխանությանը:

Վրաստանի վարչապետի նստավայրի առջեւ երեկ կեսօրին հավաքել էին Ջավախքից ժամանած առնվազն 400 ցուցարարներ, որոնք պահանջում էին վերջ տալ Վրաստանում գործող որոշ քաղաքական ուժերի փորձերին` թշնամանք սերմանել Վրաստանի ազգությամբ հայ եւ վրացի քաղաքացիների միջեւ: Բողոքի ակցիայի մոնիտորինգն իրականացրած «Բազմազգ Վրաստան» կազմակերպության ղեկավար Արնոլդ Ստեփանյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում նշեց, որ Վրաստանի հայերը վերջին անգամ մայրաքաղաքում բողոքի ակցիա կազմակերպելու փորձ իրականացրել են Շեւարդնաձեի իշխանության վաղ շրջանում` 90-ականներին կեսին:

«Երեկվա ակցիայի մասնակիցների առաջին պահանջն ու խնդրանքը Ջավախքում արդարության վերահաստատումն էր: Սա որոշակի քաղաքական երանգ ունեցող պահանջ էր, քանի որ մինչ օրս Ջավախքում իշխանությունը գտնվում է նույն այն մարդկանց ձեռքում, ովքեր նախկին իշխող կուսակցության` Ազգային միացյալ շարժման անդամներ են եւ առնչություն ունեն մարդու իրավունքների խախտումներին: Այնպես որ կարելի է ասել, որ սա առավելապես Ջավախքում փոփոխությունների պահանջով ակցիա էր», - ասաց Ստեփանյանը:

Նրա խոսքով, ցուցարարները նաեւ ցանկանում էին վրացական կառավարության ուշադրությունը հրավիրել Ջավախքի տնտեսության առանցքային ճյուղի` գյուղատնտեսության աջակցման անհրաժեշտությանը, ինչպես նաեւ` հստակ ուղերձ հղել վրաց հանրությանը` երկրի բնակիչներին հասկացնելով, որ Ախալքալաքի կամ Նինոծմինդայի հայ բնակիչները անջատականներ չեն:

«Նաեւ խնդրանք կար` ուշադրություն դարձնել վրացիների եւ հայերի միջեւ ազգամիջյան թշնամանք հրարհելու փորձերի վրա, որոնց հետեւում հստակ քաղաքական ուժեր կան կանգնած, մասնավորաբար` Ազգային միացյալ շարժումը», - նշեց Ստեփանյանը:

Ընդհանրապես, անգամ անզեն աչքով նկատելի է, որ բողոքի ակցիայի հիմնական թիրախը Միխեիլ Սաակաշվիլիի կողմնակիցներին էին: Այդ տպավորությունն ավելի հստակ է դառնում այն բանից հետո, երբ «Բազմազգ Վրաստան» կազմակերպության ղեկավարն իր տպավորություններն է կիսում երեկվա բողոքի ակցիայի կազմակերպիչների մասին` ակնարկելով, որ դրա թիկունքում նկատելի էր վարչապետ Իվանիշվիլիի կողմնակիցների մասնակցությունը:

«Պաշտոնապես կազմակերպիչներ կարծես չկային, սակայն որոշակի կազմակերպվածություն, ինչպես նաեւ «Վրացական երազանք» կուսակցության Ախալքալաքի տեղական ակտիվիստների ներգրավվածությունն այս ամենում նշմարվում էր», - ասաց Ստեփանյանը:

Վրացահայ գործչի խոսքով, ցուցարարները հանդիպում պահանջեցին վարչապետ Բիձինա Իվանիշվիլիի հետ, ով, սակայն, այդպես էլ չցանկացավ նրանց հետ քննարկել Ջավախքի հիմնախնդիրները: Փոխարենը ակցիայի մասնակիցներին մոտեցավ Վրաստանի վերաինտերգրման հարցերով նախարար Պաատա Զաքարեիշվիլին` մոտ երկու ժամ նրանց հետ քննարկելով Ջավախքում առկա կացությունը:

Ուշագրավ է, որ սա վերջին շրջանում Թբիլիսիում անցկացված այն եզակի բողոքի ակցիաներից էր, որին մասնակցեցին տարբեր ազգերի ներկայացուցիչներ եւ որի հիմնական լեզուն վրացերենը չէր:

«Մասնակիցների մեջ կային թե' հայեր եւ թե' վրացիներ` [Ջավախքի] վրացական գյուղերից: Խոսում էին հիմնականում այն լեզվով, որ բոլորն են հասկանում` ռուսերեն, անգամ եղան հայերեն ելույթների փորձեր: Երբեմն նախարար Զաքարեիշվիլին իհարկե անցնում էր վրացերենի», - պատմեց Արնոլդ Ստեփանայնաը:

Նրա խոսքով, գրեթե բոլոր վրացական հեռուստաալիքներն իրենց երեկոյան թողարկումներում անդրադարձան Ջավախքի բնակիչների այս ակցիային` «բավական ադեկվատ լուսաբանմամբ»:

Ինչ վերաբերում է բողոքի ակցիայի կոնկրետ արդյունքին, ապա ցույցի ավարտին պայմանավորվածություն ձեռք բերվեց, որ առաջիկա 10 օրերին Պաատա Զաքարեիշվիլին տարածաշրջանի խնդիրները կքննարկի վարչապետ Իվանիշվիլիի հետ: Ապրիլի 15-ին արդեն Վրաստանի վերաինտեգրման նախարարն անձամբ կժամանի Ջավախք` տեղում որոշակի լուծումներ գտնելու ակնկալիքով:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG