Մատչելիության հղումներ

Ադրբեջանցի հանրահայտ գրող, սցենարիստ Ռուստամ Իբրահիմբեկովն այդ երկրի արդի գրականության արդեն երկրորդ անվանի ներկայացուցիչն է Աքրամ Այլիսլիից հետո, ում հայտարարություններն էապես տարբերվում են ադրբեջանական քարոզչության ավանդական դարձած կաղապարներից:

ԱՊՀ կինոգործիչների կոնֆեդերացիայի եւ Ադրբեջանի կինոգործիչների միության նախագահ, Եվրոպայի եւ ԱՄՆ-ի կինոակադեմիաների անդամ Իբրահիմբեկովը «Ռոսբալտ» ինֆորմացիոն գործակալության հետ հարցազրույցում ասել է. - «Ես վստահ եմ, որ հայ ժողովուրդը մեզ թշնամի չէ: Նրանք էլ մեզ պես ողբերգության զոհ են դարձել»:

«Ադրբեջանն ուզում է վերադարձնել Լեռնային Ղարաբաղը, բայց դա միայն հող չէ, դա նաեւ բնակչություն է` մեծամասամբ հայկական: Մենք կարծում ենք, Լեռնային Ղարաբաղում երբեւէ ապրած կամ ապրող մարդիկ Ադրբեջանի քաղաքացիներ են: Նշանակում է` նրանք էլ նույն իրավունքներն ունեն, ինչ Ադրբեջանի մյուս հատվածը: Ինչպե՞ս կարելի է նրանց այլ որակի մարդ համարել: Շատ սխալ եմ համարում նրանց հանդեպ թշնամության սերմանումը: Եթե հիմա մարդկային հարաբերություններ չհաստատենք ապագայի համար, հետո բացթողումները շտկել անհնար կլինի»:

Արդբեջանցի գրողի այս հարցազրույցն արդեն քննարկումների ու բազմապիսի մեկնաբանությունների առարկա է դարձել ադրբեջանական մամուլում: Շատերը նրան քննադատում են Ղարաբաղը հայկական հող անվանելու համար, գրողին մեղադրում դավաճանության մեջ:

Խոսելով ԽՍՀՄ-ի փլուզման հետեւանքների մասին` Ռուստամ Իբրահիմբեկովն ասել է. - «Նման հապճեպ բաժանումը չէր կարող առանց երկկողմ պահանջների անցնել: Վերցնենք Ադրբեջանն ու Հայաստանը. երբ մենք մի պետության կազմում էինք ապրում, անգամ տարածքային խնդիրները ցանկությունների, ոչ թե ռազմական գործողությունների բնույթ էին կրում: Հայաստանում կարծում էին, որ Ղարաբաղն իրենց հողն է, մենք էլ կարծում ենք, որ դա մեր հողն է: Սա քննարկումների, բանակցությունների եւ գիտական ուսումնասիրությունների թեմա է: Իմ կարծիքով, հակամարտության լուծումը ռազմական ճանապարհով հանցագործություն է երկու երկրների բնակչության եւ ընդհանրապես մարդկության հանդեպ»:

Ադրբեջանցի ճանաչված գրողը վստահ է, որ հակամարտությունը պետք է լուծել երկու ժողովուրդների փոխհարաբերությունները կարգավորելու ճանապարհով. - «Դա է ամենաբարդը: 21-րդ դարում հարցերի լուծման ցանկացած բռնի մեթոդ ուղղակի անընդունելի է: Հիմա ամբողջ աշխարհն այս կամ այն կերպ ներգրավված է Ղարաբաղի հարցի լուծման մեջ: Երկու պետությունների հասարակություններն էլ դժգոհ են առկա իրավիճակից: Դա ռազմական գործողությունների վերսկսման վտանգ է առաջացնում, որովհետեւ խաղաղ բանակցությունները շոշափելի արդյունքներ չեն գրանցել` չնայած գործընթացի մասնակիցների ջանքերին: Շատ կարեւոր է հասարակական դիվանագիտության դերը: Հասարակ մարդկանց միջեւ պետք է համաձայնություն լինի: Պաշտոնական քարոզչությունը երկու կողմերից էլ մարդկանց միմյանց դեմ է տրամադրում: Դա ամենասարսափելին է: Ինչ-որ ժամանակ հետո պետությունները հաշտվում են, կառավարությունները համաձայնության են գալիս, սակայն ժողովուրդների փոխհարաբերությունների կառուցումը ավելի դանդաղ գործընթաց է»:
XS
SM
MD
LG