Մատչելիության հղումներ

Կանցկացվի «Վերածնունդ» միջազգային հինգերորդ մրցույթ-փառատոնը


Արամ Խաչատրյանի արձանը Երեւանում

Արամ Խաչատրյանի արձանը Երեւանում

Ապրիլի 9-19-ը Գյումրիում կկայանա երաժիշտ-կատարողների «Վերածնունդ» միջազգային հինգերորդ մրցույթ-փառատոնը: Այն նվիրված կլինի Արամ Խաչատրյանի ծննդյան 110-ամյակին եւ Սպիտակի երկրաշարժի 25-րդ տարելիցին:

Մրցույթն անցկացվում է 13 անվանակարգերում եւ 5 տարիքային խմբերով: Ամենակրտսեր մասնակիցը 5 տարեկան է, ամենատարեցը` 51:

«2007 թվականին այն փոքր, հանրապետական նշանակության փառատոն էր, իսկ այսօր այն արդեն հինգերորդ միջազգային փառատոնն է, որին մասնակցում են մոտ 3000 երաժիշտ կատարող` աշխարհի 30 երկրներից», - նշեց Մշակույթի նախարարի տեղակալ Արթուր Պողոսյանը:

Սահմանված են հատուկ մրցանակներ անվանի երաժիշտներ Էդվարդ Միրզոյանի, Ֆլորա Մարտիրոսյանի, Ժան Տեր-Մերկերյանի, Երեւանի պետական կոնսերվատորիայի Գյումրու մասնաճյուղի պրոֆեսոր, կլարնետահար Աբգար Մուրադյանի անուններով:

Երեւանի պետական կոնսերվատորիայի Գյումրու մասնաճյուղի տնօրեն Կարինե Ավդալյանն ասաց. - «Սկսեցինք 400-հոգանոց հանրապետական փառատոնով, եւ հասանք նրան, որ 2008-ին դարձավ միջազգային փառատոն»:

Կազմակերպիչները նշեցին, որ այս տարի փառատոնն ունի մեկ կարեւոր առավելություն` ելույթ կունենան ոչ միայն փառատոնի մասնակցիները, այլեւ ժյուրիի անդամները:

Հաղթողների մրցանակաբաշխությունը եւ գալա-համերգը տեղի կունենա ապրիլի 18-ին:
XS
SM
MD
LG