Մատչելիության հղումներ

ՀՅԴ Գերագույն մարմնի ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանն «Ազատություն» ռադիոկայանի հետ հարցազրույցում նշում է, որ մտածելու տեղիք է տալիս Հանրապետական կուսակցության փոխնախագահ Գալուստ Սահակյանի արձագանքը Դաշնակցության հայտարարությանը:

Դաշնակցությունը հայտարարել է, թե Պռոշյանի դաշնակցական գյուղապետ Հրաչ Մուրադյանի սպանությունը քաղաքական ենթատեքստ ունի: Սրան ի պատասխան Սահակյանը նշել էր, թե Հանրապետականը չի կարող որեւէ առնչություն ունենալ սպանությանը։

«Շատ բան հենց այդտեղ է թաքնված։ Ես որեւէ ուժի կոնկրետ չեմ մեղադրել, ես ասել եմ, որ ինչի արդյունք սա կարող է լինել՝ ինչ երեւույթի, ինչ մթնոլորտի արդյունք», – ասում է Ռուստամյանը՝ բխեցնելով. – «Եթե մարդիկ իրենց են վերագրում այդ մեղադրանքները, այստեղ արդեն մտածելու տեղիք է տալիս։ Ահաբեկման տարբեր մեթոդներ կիրառվել են, դրա մասին է խոսքը, որի մասին մենք ասում ենք, բայց իրենք չեն ուզում դա ընդունել։ Եվ եթե միանգամից հասցեավորված իրենց վրա են դա ընդունում, դա արդեն մտածելու տխուր առիթ է տալիս»։

Ռուստամյանը նշում է, որ իրենք ամենեւին էլ Հանրապետականին նկատի չունեն, այլ անդրադարձել են գյուղապետի շուրջ ստեղծված լարված մթնոլորտին, նրա նկատմամբ կատարված ոտնձգություններին ու ահաբեկչություններին, գյուղապետարանում կառավարման տարբեր օղակների անհարկի ստուգումներին:

«Պարտադիր չէ, որ իշխանություններն անպայման ամեն ինչ ծրագրավորված իրականացնեն։ Բավական է ստեղծել այդպիսի մթնոլորտ եւ կգտնվեն միշտ լկտիներ, ցինիկներ, հանցագործ տարրեր, որոնք դրանից կօգտվեն։ Սրա մասին է խոսքը», – հավելում է դաշնակցական գործիչը։

Մուրադյանի սպանության գործով երկու ձերբակալված կա՝ նույն գյուղի բնակիչներ, եղբայրներ Արտակ եւ Արայիկ Պետրոսյանները: Դաշնակցական գործիչը բացառում է սպանության կենցաղային դրդապատճառը: Մինչդեռ նա զերծ մնաց որեւէ գնահատական տալ սպանության` պատվիրված լինելու մասին:

Ռուստամյանը պարզապես անդրադառնում է երկրում ձեւավորված անհանդուրժողականության մթնոլորտին.- «Եթե մենք ստեղծենք մի ավանդույթ, որ բնական դիտվի միասնական համատեղելի գործունեությունը ընդդիմության եւ իշխանության, որեւէ մեկի մտքով չի անցնի, որ պաշտոնյայի նկատմամբ փորձի մահափորձ կամ սպանություն իրականացնել` մտածելով, որ սա արդեն իսկ իշխանությունների կողմից մերժվող է, չընդունվող է»:

Հանրապետականի փոխնախագահը նաեւ շտապել էր հայտարարել, թե «Հանրապետականները հո Դաշնակցությունը չե՞ն, որ զենքի մշակույթ ունենան»: Ի պատասխան, Ռուստամյանն այսպես արձագանքեց. - «Մինչեւ այդպիսի զուգահեռներ անցկացնելը առնվազն պետք է Դաշնակցության չափ վաստակ ունենալ»:

Կոտայքի մարզպետ Կովալենկո Շահգալդյանը չցանկացավ այսօր մեկնաբանություններ անել դեպքի վերաբերյալ: Նա միայն նշեց, որ շահարկել գյուղապետի մահը ինչ-որ մեկի կամ կուսակցության հեղինակությունը բարձրացնելու համար, անբարոյական է: Նա ավելի վաղ լրատվամիջոցներին ասել էր, թե Մուրադյանը միջինից թույլ գյուղապետ էր: Մարզպետը գյուղապետի հուղարկավորությանը չմասնակցեց:

50-ամյակը չբոլորած Մուրադյանի հուղարկավորությանը մասնակցեցին ոչ միայն համագյուղացիները, ընկերներն ու կուսակիցները, այլեւ տարբեր քաղաքացիական նախաձեռնությունների ներկայացուցիչներ, ակտիվ քաղաքացիներ:

Ապրիլի 2-ին Երեւանին մոտ գտնվող Պռոշյան գյուղի գյուղապետ Հրաչ Մուրադյանը սպանվեց գյուղապետարանի շենքի առջեւ: Ոստիկանությունը քրեական գործ հարուցեց սպանության եւ ապօրինի զենք կրելու հատկանիշներով:
XS
SM
MD
LG