Մատչելիության հղումներ

Հայաստանի հատուկ քննչական ծառայության (ՀՔԾ) վարույթում քննվող քրեական գործով երեկ կառավարությանն առընթեր Պետական եկամուտների կոմիտեի «Զվարթնոց» մաքսատան ուղեւորների մաքսային հսկողության բաժնի պետ Արսեն Փափազյանին եւ Երեւանի բնակիչ Աշոտ Գասպարյանին Քրեական օրենսգրքի 215-րդ հոդվածով («Մաքսանենգություն») մեղադրանքներ են առաջադրվել, նույն օրը մայրաքաղաքի Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը նրանց նկատմամբ խափանման միջոց է կիրառել կալանավորումը:

ՀՔԾ-ի հաղորդագրության համաձայն` Փափազյանը եւ Գասպարյանը մեղադրվում են այն բանի համար, որ «նախնական համաձայնությամբ վերջինս ԱՄԷ Դուբայ քաղաքից ձեռք է բերել 2702.58 կարատ` խոշոր չափի 136.491.137 դրամ [մոտ 325 հազար դոլար] արժեքով ադամանդներ եւ 2013 թվականի մարտի 1-ին Դուբայ - Երեւան չվերթով տեղափոխել «Զվարթնոց» օդանավակայան»:

«Այնուհետեւ Արսեն Փափազյանն իր ենթակա` ՀՀ ԿԱ ՊԵԿ «Զվարթնոց» մաքսատան ուղեւորների մաքսային հսկողության 3-րդ բաժանմունքի մաքսային տեսուչ Կարեն Գալստյանին հանձնարարել է օդանավակայանի ուղեւորների սպասարկման բարձրակարգ սրահում Աշոտ Գասպարյանից ստանալ պոլիէթիլենային տոպրակի մեջ փաթեթավորված ադամանդները, առանց մաքսային հսկողության եւ հայտարարագրման տեղափոխել մաքսային հսկողության գոտուց դուրս եւ թաքցնել ավտոկայանատեղում կայանված, իրեն պատկանող «Նիսսան Տեանա» մակնիշի 09ՕԼ080 պ/հ ավտոմեքենայում, ինչը նա կատարել է, եւ այն նույն պահին հայտնաբերվել է ՀՀ Ազգային անվտանգության ծառայության աշխատակիցների կողմից ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում», - ասված է հաղորդագրությունում:

Նախաքննությունը շարունակվում է:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG