Մատչելիության հղումներ

Հովհաննիսյանը կհստակեցնի իր ուղերձը


Ազատության հրապարակում Րաֆֆի Հովհաննիսյանի մարտյան հանրահավաքներից մեկը
Ազատության հրապարակում Րաֆֆի Հովհաննիսյանի մարտյան հանրահավաքներից մեկը

«Ժառանգության» խոսնակի փոխանցմամբ` այսօրվա հանրահավաքը «նախերգանքն է լինելու ամսի 9-ի հանրահավաքի»:

Ուրբաթ երեկոյան Երեւանի Ազատության հրապարակում կայանալիք հանրահավաքում կհստակեցվի «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանի ուղերձը` ապրիլի 9-ին նախանշված, իր բնորոշմամբ, «Նոր Հայաստանի երդմնակալության» առնչությամբ: Այդ մասին «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում տեղեկացրեց «Ժառանգության» մամուլի քարտուղար Հովսեփ Խուրշուդյանը:

Ապրիլի 9-ին Կարեն Դեմիրճյանի անվան Մարզահամերգային համալիրում նախատեսված է Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի պաշտոնակալության հանդիսավոր արարողությունը: Փետրվարի 18-ի նախագահական ընտրությունների արդյունքները վիճարկող քաղաքացիներն ու մի շարք քաղաքական ուժեր մտադիր են նույն օրը ազդարարել Րաֆֆի Հովհաննիսյանի հաղթանակը:

Այսօր կայանալիք հանրահավաքը, Հովսեփ Խուրշուդյանի խոսքերով, արդեն, ըստ էության, «նախերգանքն է լինելու ամսի 9-ի հանրահավաքի, եւ շատ բաներ նաեւ կհստակեցվեն ամսի 9-ի Նոր Հայաստանի երդմնակալության արարողության հետ կապված` ե՛ւ մանրամասները, ե՛ւ ուղերձը»:

Հիշեցնենք, Րաֆֆի Հովհաննիսյանի հացադուլի շրջանում նախագահական նստավայրի հետ նամակագրության արդյունքում Սերժ Սարգսյանը հորդորել էր «Ժառանգության» առաջնորդին դադարեցնել հացադուլը եւ նրա առաջարկները որպես հիմք ընդունելով միասին աշխատելու պատրաստակամություն էր հայտնել: Նախագահի խոսնակը որպես հանդիպման վայր մատնանշել էր նախագահական նստավայրը: Անցած կիրակի օրը դադարեցնելով հացադուլը` Հովհաննիսյանը հայտարարեց, որ պատրաստ է հանդիպել Սարգսյանի հետ ցանկացած վայրում, բայց ոչ` Բաղրամյան 26-ում` նախագահական նստավայրում :

«Գնդակը, ինչպես ասում են, գտնվում է նախագահականում, եւ իրենք ավելի հստակ, կարծում եմ, պետք է անդրադառնան այդ խնդրին, եթե ունեն դրա քաղաքական կամքը», - «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասաց «Ժառանգության» խոսնակը:

«Այսինքն, մինչեւ ամսի 9-ը ինչ-որ հանդիպում չե՞ք ակնկալում», - այս հարցին Խուրշուդյանը արձագանքեց. - «Այս պահին նման բան նախատեսված չէ, եւ նման պատրաստակամություն գործող նախագահից մենք չունենք դեռ»:

Իշխանական ճամբարից իրենց ուղղվող` գործընթացը փակուղի տանելու մեղադրանքները «Ժառանգության» խոսնակը որակեց անհիմն հայտարարություններ, մանրամասնելով. - «Որովհետեւ ավելի պարզ, հստակ, բովանդակային առաջարկ հնարավոր չէր անել, քան արեց պարոն Հովհաննիսյանը: Եվ ընդամենը դրա շուրջ քննարկելու պատրաստակամություն է հայտնվել նախագահականից, բայց որեւէ բովանդակային պատասխան չկա, եւ նաեւ չկա հստակություն, թե հնարավո՞ր է, թե՞ չէ որեւէ երրորդ վայրում հանդիպումը: Այս օրերի գործընթացը ցույց կտա»:

Ապրիլի 9-ի արարողության ձեւաչափի եւ մանրամասների վերաբերյալ «Ազատություն» ռադիոկայանի հարցին էլ Հովսեփ Խուրշուդյանը այսպես պատասխանեց. - «Բացի նրանից, որ դա լինելու է հրապարակային, հանրային եւ բաց միջոցառում եւ տեղի է ունենալու Նոր Հայաստանի երդմնակալությունը, մնացած մանրամասները այսօր երեկոյան եւ հենց այդ օրը հայտնի կդառնան: Րաֆֆի Հովհաննիսյանն արդեն ասել է, որ լինելու է Ազատության հրապարակում, եւ նույնիսկ հրավիրել է Սերժ Սարգսյանին ժողովրդի հետ միասին այդ օրը մասնակցել Նոր Հայաստանի երդմնակալությանը»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG