Մատչելիության հղումներ

Գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանի խոսքով, կառավարության 2011 թվականի որոշմամբ, գյուղատնտեսության ոլորտին տրամադրվող վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորում ծրագրի շրջանակում 2011-12 թվականներին տնտեսվարողներին տրամադրվել է 32 միլիարդ 200 միլիոն դրամի ընդհանուր գումարով, մատչելի 14 տոկոսով վարկ, որի 4 տոկոսային կետը սուբսիդավորվել է, իսկ առավել անբարենպաստ համայնքներում՝ որոնց թիվը 225 է, 6 տոկոսով է սուբսիդավորվել։ Շահառուների թիվը կազմել է 42 հազար 300։

«Գարնան գյուղատնտեսական աշխատանքների պատրաստման եւ պատշաճ իրականացման, մշակության, բերքահավաքի աշխատանքների կազմակերպման, աշնանացանի նախապատրաստման ու իրականացման գործընթացները ընթացիկ տարում պահանջում են մատչելի վարկային ռեսուրսներ, որոնց ապահովմանն է ուղղված ներկայացված որոշման նախագիծը, համաձայն որի տոկոսադրույքի սուբսիդավորմամբ վարկերի տրամադրման ժամկետը երկարաձգվում է եւ 2013 թվականի համար սահմանվում է մարտի 15 մինչեւ դեկտեմբերի 31-ը:

Անհրաժեշտ է հնարավորինս շուտ կազմակերպել խորհրդակցություն` 2013 թվականին գյուղատնտեսական ապրանքների իրացման խնդիրների վերաբերյալ, կառավարության այսօրվա նիստում հայտարարեց վարչապետ Տիգրան Սարգսյանը:


«Որովհետեւ մենք հիմա ստանում ենք տարբեր համայնքներից տեղեկատվություն, որ նրանք 2012 թվականի բերքի հետ կապված խնդիրներ ունեն», - նշեց վարչապետը` հավելելով, որ երբ մթերումների շրջանը սկսվի, վարկային միջոցներ ներգրավելու հարցում խնդիրներ են ունենալու նաեւ վերամշակող ձեռնարկությունները: - «Դրա համար անհրաժեշտ է, որ մենք հենց այսօր սկսենք այդ աշխատանքները, հասկանանք ինչ իրավիճակ է ստեղծվելու 2013 թվականին եւ մենք ինչ ծրագրեր ենք առաջարկելու` օգնելու գյուղատնտեսությանը ապրանքների իրացման հարցերում»:

Ցույց տալ մեկնաբանությունները

XS
SM
MD
LG