Մատչելիության հղումներ

Մուրադյանի սպանության բացահայտումը «հրամայական» է


Փետրվարի 18-ի նախագահական ընտրությունները վիճարկող «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը այսօր Պռոշյան գյուղում մասնակցել ապրիլի 1-ին սպանված գյուղապետ Հրաչ Մուրադյանի հոգեհանգստի արարողությանը:

«Ազատություն» ռադիոկայանի հարցին, թե հնարավոր կլինի արդյոք բացահայտել սպանությունը, «Ժառանգության» առաջնորդն արձագանքեց. - «Ոչ միայն հնարավոր է, հրամայական է: Սա գրագետ հարված էր մեր պետականության, մեր ազգի, յուրաքանչյուր հայ քաղաքացու դեմ»:

«Սա հարված էր պետականության դեմ, ազգի դեմ… բոլորիս դեմ: Ես միանում եմ այդ համազգային պահանջին, որ պետք է գործող իշխանությունը հիմա իր անիրավությունից, ստից, կեղծիքից, անիրավ երդրմնակալության ծրագրերից դուրս գա եւ հայ ժողովրդին ճշմարիտ պատասխան տա, թե' Հրաչի սպանության պահով եւ թե' ընդհանրապես ապագայի, ազգային միասնության հրամայականի պահանջով», - ասաց Հովհաննիսյանը:

Անդրադառնալով Ազատության հրապարակում Հրաչ Մուրադյանի հիշանակին կազմակերպված մոմավառությանը` Հովհաննիսյանն ասաց. - «Ես միանում եմ ցանկացած անկեղծ քաղաքացիական-ազգային պոռթկման, միջոցառման եւ դատապարտում եմ, եթե որեւէ մեկը փորձի սեփականաշնորհել եւ քաղաքական գովազդ դարձնել հերոս, ազատամարտիկ, կարգին գյուղապետ Հրաչի եղերական մահը»:

«Պիտի դուրս գանք հատվածապաշտությունից, ուրիշի նվիրման, ուրիշի հերոսության, մեր հերոսի մահվան հետքերով ինչ-որ քարոզչություն կատարելու տխուր հայկական ավանդույթից», - ասաց Րաֆֆի Հովհաննիսյանը` եզրափակելով. - «Ազգային միասնություն` հիմա: Հրաչի հաղթանակը` հիմա: Միանում եմ մոմավառությանը, բայց մերժում եմ նրանց, ովքեր Հրաչ ասելով, հայրենիքի դրոշը բարձրացնելով, ուզում են իրենց մասին հիշեցնել: Հրաչն է այսօր ինձ համար հերոս, զինվոր, դրոշակ, կյանքի իմաստ»:

«Ժառանգության» առաջնորդն այսօր` մինչեւ Պռոշյան գյուղ այցելելը, հանդիպումներ է ունեցել Տավուշի, Լոռու եւ Արագածոտնի մարզի մի շարք բնակավայրերի բնակիչների հետ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG