Մատչելիության հղումներ

Մինսկի խմբի համանախագահները մասնակցել են շփման գծի դիտարկմանը


Արխիվ -- ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները Երեւանում, 21–ը մարտի, 2013թ.
Արխիվ -- ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները Երեւանում, 21–ը մարտի, 2013թ.
Լեռնային Ղարաբաղի իշխանությունների հետ նախօրոք ձեռք բերված պայմանավորվածության համաձայն` ԵԱՀԿ առաքելությունը այսօր Լեռնային Ղարաբաղի եւ Ադրբեջանի զինված ուժերի շփման գծի պլանային դիտարկում է անցկացրել Մարտակերտ - Տերտեր ուղղությամբ: Դիտարկմանը մասնակցել են նաեւ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովը, Ժակ Ֆորը եւ Յան Քելին:

ԼՂ Պաշտպանության բանակի դիրքերից դիտարկումն իրականացրել է ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկը:

Դիտարկման ընթացքում հրադադարի ռեժիմի խախտումներ չեն արձանագրվել:

Նախօրոք ձեռք բերված պայմանավորվածության համաձայն Անջեյ Կասպրշիկն ու Մինսկի խմբի համանախագահները հատել են շփման գիծը ականազերծված տեղանքով եւ ժամանել Ստեփանակերտ:

Ինչպես տեղեկացնում է Լեռնային Ղարաբաղի արտգործնախարարության մամլո ծառայությունը, ԵԱՀԿ առաքելությունը վաղը դիտարկում է պլանավորում Աղդամ-Բարդա ուղղությամբ, որից հետո նրանք կրկին հատելով շփման գիծը կվերադառնան Ադրբեջան:

Հիշեցնենք, Մինսկի խմբի համանախագահները Ստեփանակերտ եւ Երեւան էին այցելել մոտ երկու շաբաթ առաջ: Այդ ժամանակ նրանք հայտարարել էին, որ Ադրբեջան կայցելեն մահմեդական տոներից հետո եւ ադրբեջանական կողմի հետ հանդիպումներից հետո, ամփոփելով տարածաշրջանային այցելությունները, հանդես կգան իրենց ավանդական հայտարարությամբ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG