Մատչելիության հղումներ

logo-print

Gallup. Հայաստանցիների 40 տոկոսը կցանկանար արտագաղթել


Աշխատանքային միգրանտները «Զվարթնոց» օդանավակայանում, արխիվ

Աշխատանքային միգրանտները «Զվարթնոց» օդանավակայանում, արխիվ

Հետխորհրդային 12 երկրներից Հայաստանի բնակչությունը ամենաշատն է հակված արտագաղթելուն: Սա է վկայում հասարակական կարծիքի ուսումնասիրության Gallup կազմակերպության անցկացրած հարցումը:

Հարցին, թե հնարավորության դեպքում կցանկանայի՞ք մշտական բնակության մեկնել մեկ այլ երկիր, ամենաշատ դրական պատասխանները հնչել են հենց Հայաստանում. հարցվածների 40 տոկոսն ասել է, որ կարտագաղթեր:

Տարածաշրջանում արտագաղթի միտումները շատ տարբեր են, նշում է Gallup-ը: Կենտրոնական Ասիայի երկրներից, օրինակ, ավելի քիչ են ցանկանում արտագաղթել, քան մյուս երկրներից: Ամենաքիչ դրական պատասխանները արձանագրել է ՈՒզբեկստանը. այս երկրում հարցվածների միայն 5 տոկոսն է ասել, որ հնարավորության դեպքում կլքեր երկիրը:

Մեր հարեւան երկրներում` Վրաստանում եւ Ադրբեջանում, նույն տրամադրություններն են արտագաղթի վերաբերյալ: Այս երկրներում հարցվածների 14 տոկոսն է ասել, որ արտերկիր կմեկներ մշտական բնակության: Նույն 14 տոկոսն է նաեւ Ռուսաստանի պարագայում:

Բելառուսի եւ Ուկրաինայի բնակչությունն ավելի է հակված արտագաղթի, համապատասխանաբար 17 եւ 20 տոկոսն է Gallup-ի հարցին դրական պատասխանել: Հայաստանից հետո արտագաղթի միտումներով երկրորդ տեղում է Մոլդովան` 32 տոկոսով:

Ինչ վերաբերում է արտագաղթի պատճառներին, ապա Gallup-ի հարցման համաձայն` մեծամասնությունը սոցիալ-տնտեսական պատճառներով է ցանկանում լքել իր երկիրը:

Հարցվածների 52 տոկոսը որպես իր հնարավոր արտագաղթի պատճառ նշել է, թե կցանկանար բարելավել կենսամակարդակը:

Հաջորդ ամենատարածված պատասխանը երեխաների համար ավելի լավ ապագա ապահովելն է. հարցվածների 13 տոկոսն է այս պատճառը նշել: Երրորդ պատճառը ավելի լավ աշխատանք կամ պարզապես որեւէ աշխատանք գտնելն է:

Մյուս պատճառները` ընտանիքին մոտ լինելը, մարդու իրավունքների պաշտպանվածությունը, հանցավորության ցածր մակարդակը կամ շրջակա միջավայրի ավելի լավ վիճակը, հարցվածների միայն 2-4 տոկոսն են որպես արտագաղթի հնարավոր պատճառ նշել:

Իրենց երեխաների համար ավելի լավ ապագան որպես արտագաղթի պատճառ նշում են հիմնականում Կենտրոնական Ասիայի երկրներում, Թուրքմենստանում` հարցվածների 29 տոկոսը, իսկ Ղազախստանում` 21 տոկոսը: Հայաստանում հարցվածների միայն 13 տոկոսի համար է երեխաների ապագան արտագաղթի պատճառ:

Gallup-ը նշում է, որ այս երկրների առաջնորդները պիտի տեղեկացված լինեն այն պատճառների մասին, որ կարեւոր դեր են խաղում մարդկանց` արտագաղթելու որոշման հարցում: Հետխորհրդային երկրներում արտագաղթի հիմնական պատճառը սոցիալ-տնտեսականն է, ամփոփում է հեղինակավոր կազմակերպությունը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG