Մատչելիության հղումներ

logo-print

Դիտորդի փաստաբանները ՀՔԾ-ից պահանջում են ներողություն խնդրել


Դիտորդ Նարինե Իսմայելի

Դիտորդ Նարինե Իսմայելի

Փաստաբանները պնդում են, որ տարածվել են Նարինե Իսմայելիի անձնական կյանքի անձեռնմխելիությունը խախտող տեղեկություններ:ԼՐԱՑՎԱԾ

Հայաստանի նախագահի փետրվարի 18-ի ընտրությունների ժամանակ «Իրավունքի Եվրոպա միավորում» հասարակական կազմակերպության դիտորդական խմբում ընդգրկված, թիվ 17/5 տեղամասում լցոնման փաստ արձանագրած Նարինե Իսմայելիի փաստաբաններ Տիգրան Եգորյանը եւ Լուսինե Հակոբյանը չորեքշաբթի օրը դիմել են Հատուկ քննչական ծառայության (ՀՔԾ) պետ Անդրանիկ Միրզոյանին եւ «Առավոտ» օրաթերթի գլխավոր խմբագիր Արամ Աբրահամյանին, խնդրելով հրապարակավ ներողություն խնդրել Իսմայելիից` ըստ դիմումի, նրա «անձնական կյանքի անձեռնմխելիությունը խախտող տեղեկություններ տարածելու համար»:

Դիտորդը ՀՔԾ-ում շարունակվող Արտաշատի 17/5 տեղամասում լցոնման, դիտորդի եւ լրագրողի լիազորությունները խոչընդոտելու կապակցությամբ հարուցված քրեական գործով վկա է: Նա ավելի վաղ «շանտաժ» էր որակել ՀՔԾ-ի գործողությունները՝ իրեն վերագրվող անձնական բնույթի կադրերի առնչությամբ: Ամերիկայի քաղաքացի, ազգությամբ հայ դիտորդը Հայաստանում Միացյալ Նահանգների դեսպանի հետ հանդիպումից հետո արդեն երեք շաբաթից ավելի է՝ հրաժարվում է տեսնել, թե ինչ կադրերի մասին է խոսքը: Դիտորդը ավելի վաղ պատմել էր, որ քննիչ Գորիկ Հովակիմյանն իրեն ասել է, թե «բարի սրտով» առաջարկում է վերցնել այդ կադրերը:

Փաստաբանները խնդրել են, որ ՀՔԾ-ն ներողություն հայցող հայտարարությունը հրապարակի իր պաշտոնական կայքում եւ այն լրատվամիջոցներում, որոնցում հայտնվել են Նարինե Իսմայելիի անձնական կյանքի անձեռնմխելիությունը խախտող տեղեկություններ:

Անդրանիկ Միրզոյանին հասցեագրված դիմումի մեջ փաստաբաններ Լուսինե Հակոբյանը եւ Տիգրան Եգորյանը վկայակոչել են մարտի 29-ին www.aravot.am կայքում հրապարակված հարցազրույցը ՀՔԾ-ի պետի տեղակալ Արմեն Նադիրյանի հետ: Ըստ դիմումի` Նադիրյանը հարցազրույցում հրապարակել է ապատեղեկատվություն: ՀՔԾ-ի պետի տեղակալը հարցազրույցում, մասնավորապես, նշել է, թե 17/5 ընտրատեղամասում լցոնման, դիտորդի եւ լրագրողի լիազորությունները խոչընդոտելու գործով նախաքննության ժամանակ ՀՔԾ-ն ստացել է «Իրավունքի Եվրոպա միավորում» հասարակական կազմակերպության բողոքին կից Կենտրոնական ընտրական հանձնաժողովին ներկայացված լազերային սկավառակներ։ Ըստ Նադիրյանի՝ սկավառակներում շուրջ 5.5 ժամ տեւողությամբ նկարահանված է հավանաբար Նարինե Իսմայիլի բնակարանի լոգարանի մի հատվածը: Հատուկ քննչականի պետի տեղակալը նշել է, թե մի քանի դրվագներում երեւում է Իսմայելին: Հարցազրույցում նշված է մի վիճակ, որը էթիկական նկատառումներից ելնելով չենք հրապարակում:

Փաստաբան Տիգրան Եգորյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում նշեց, որ ՀՔԾ-ի պետի տեղակալի հրապարակային հայտարարությամբ խախտվել են «Մարդու իրավունքների եւ հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիան եւ Հայաստանի Սահմանադրությունը:

«Առաջացել է «Մարդու իրավունքների եւ հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» կոնվենցիայի 8-րդ հոդվածով երաշխավորված իրավունքների խախտում եւ Սահմանադրության 23-րդ հոդվածով, երբ հրապարակվում են անձնական կյանքի վերաբերյալ տվյալներ, դրանք միջամտություն են անձնական կյանքի անձեռնմխելիության նկատմամբ», - ասաց Եգորյանը:

ՀՔԾ-ն այսօր, ի պատասխան «Ազատություն» ռադիոկայանի հարցին, գրավոր նշել է, որ չի կիսում Նարինե Իսմայիլի փաստաբանների կարծիքը, թե «ծառայության պետի տեղակալի հարցազրույցում հրապարակվել են իրենց վստահորդի անձնական կյանքի անձեռմխելիությունը խախտող տեղեկություններ, եւ ծառայությունը պետք է հրապարակավ ներողություն խնդրի վերջինից»:

«Հատուկ քննչական ծառայությունը բնավ նպատակ չի ունեցել խախտել Նարինե Իսմայիլի անձնական կյանքի գաղտնիությունը», - նշված է պատասխանում:

Պաշտոնական պատասխանի մեջ նաեւ նշված է, թե Նարինե Իսմայիլն «հենց ինքն է հետաքրքրություն առաջացրել ԶԼՄ-ների ներկայացուցիչների, այդ թվում եւ Ձեզ մոտ` այդ տեսանյութերի պարունակության շուրջ, նաեւ վնաս է հասցրել ՀՀ իրավապահ մարմինների բարի համբավին, ուստի Հատուկ քննչական ծառայությունը պարզաբանել է, թե ինչ տեսանյութերի մասին է խոսքը»:

«Առավոտ» օրաթերթի գլխավոր խմբագիր Արամ Աբրահամյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում նախ փոխանցեց, որ դեռեւս չի ստացել փաստաբանների գրությունը: Փաստաբաններն ասացին, որ գրությունն երեկ ուղարկել են փոստով:

«Ինչ-որ մի գրության մեջ նրանք պահանջում են, որ թերթը ներողություն խնդրի պաշտոնյայի հարցազրույցի համար, ճի՞շտ եմ հասկանում... Ես կարծում եմ, որ ցանկացած քաղաքացի, առավել եւս` պաշտոնյա, պատասխանատու է իր բառի համար եւ իր հարցազրույցի համար: Առավել եւս` Մամուլի մասին օրենքով, որքան գիտեմ, թերթից, լրատվամիջոցից պատասխանատվությունը հանվում է այն դեպքում, երբ թերթը օգտվում է պաշտոնական աղբյուրներից, իսկ այդ պաշտոնյան, բնականաբար, պաշտոնական աղբյուր է: Եթե այդ պաշտոնյան խախտել է օրենքը եւ հակաօրինական բան է արել, ապա նա, կարծում եմ, պետք է պատասխանի օրենքի ամբողջ խստությամբ»:

«Եթե դատարանը որոշի, որ մենք պաշտոնյայի ասածների համար պետք է ներողություն խնդրենք, ապա ես մեծագույն հաճույքով դա կանեմ: Ինչ վերաբերում է էթիկական կամ մասնագիտական հարցերին, ապա մենք հնարավորություն ենք ստեղծել հարգարժան փաստաբանների եւ նրանց վստահորդի համար, որպեսզի նրանք գրեն իրենց կարծիքը, իրենց տեսակետը կամ հերքեն, ցանկացած ձեւով անդրադառնան այդ պաշտոնյայի ասածներին», - ընդգծեց «Առավոտ»-ի գլխավոր խմբագիրը:

Այսօր ավելի վաղ «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում www.aravot.am կայքէջի խմբագիր Աննա Իսրայելյանը փոխանցել էր, որ ՀՔԾ-ի պետի տեղակալի հետ հարցազրույցում արծարծված հարցերի վերաբերյալ երկու օր շարունակ փորձել են պարզաբանումներ ստանալ Նարինե Իսմայելիի ներկայացուցիչ Տիգրան Եգորյանից կամ հենց Իսմայելիից: Ի վերջո, Եգորյանը խնդրել է հարցերը գրավոր ուղարկել, ինչը www.aravot.am-ը արել է: Հետեւել է էլեկտրոնային նամակագրություն, սակայն փաստաբանը այդպես էլ չի պատասխանել կայքի հարցերին:

Փաստաբան Տիգրան Եգորյանը այսպես բացատրեց ՀՔԾ-ի պետի տեղակալի հարցազրույցից հետո թերթին պարզաբանումներ չտալու հանգամանքը. - «Երբ տարածվում են այնպիսի տվյալներ, որոնք թեկուզ համապատասխանում են իրականությանը, սակայն վերաբերում են անձի մասնավոր կյանքին, ապա սա արդեն ընկնում է կոնվենցիոն 8-րդ հոդվածի եւ Սահմանադրության 23-րդ հոդվածի պաշտպանության տակ: Այստեղ որեւէ հերքում կամ մեկնաբանություն տարածելը կամ դրան պատասխան տալը որեւէ կերպ իրավիճակը չի շտկում»:

Իսկ Արամ Աբրահամյանը հարցնում է. - «Այսինքն հարցազրույցը հրապարակելը, ըստ այդ փաստաբանների, ենթադրում է պատասխանատվությո՞ւն: Ես կարծում եմ, որ պաշտոնյան պետք է պատասխան տա իր ասածների համար, եւ նրանք իրավունք ունեն պաշտոնյային դատի տալու, որպեսզի նա ներողություն խնդրի»:

Հարցին, թե ՀՔԾ-ի կողմից ներողություն խնդրելու դեպքում կտպագրի՞ արդյոք «Առավոտ»-ը ՀՔԾ-ի տեքստը, Աբրահամյանը արձագանքեց. - «Մեծ սիրով, ոչ մի խնդիր չկա, մեծ սիրով կհրապարակեմ»:

Փաստաբաններ Լուսինե Հակոբյանը եւ Տիգրան Եգորյանը ՀՔԾ-ին ուղղված գրության մեջ նշել են, որ եթե ծառայությունը «կամավոր» ներողություն չխնդրի, ստիպված կլինեն «դիմել այլ համարժեք միջոցների, այդ թվում` իրենց վստահորդի իրավունքների դատական պաշտպանության ընդհուպ մինչեւ միջազգային դատական ատյաններ»:
XS
SM
MD
LG