Մատչելիության հղումներ

Մեկ միլիոն եվրո` աշխատանքային միգրացիայի հետեւանքները մեղմելու համար


Եվրամիությունը ՅՈւՆԻՍԵՖ-ին (ՄԱԿ-ի մանկական հիմնադրամին) տրամադրել է մեկ միլիոն եվրո դրամաշնորհ, որը երեք տարվա ընթացքում ուղղվելու է աշխատանքային միգրացիայի առաջացրած սոցիալական հետեւանքների մեղմացմանը:

ՅՈւՆԻՍԵՖ-ի հայաստանյան գրասենյակի պլանավորման բաժնի ղեկավար Արթուր Այվազովն ասաց, որ իրականացվելիք ծրագիրը բազմաթիվ բաղադրիչներ ունի եւ շատ ծավալուն է:

Հայաստանի մի քանի մարզերում, որտեղից հատկապես շատ են արտագնա աշխատանքի մեկնողները, կներդրվի սոցիալական աշխատողի ինստիտուտը: Սոցաշխատողը անհատական աշխատանք կանցկացնի մոտ 2500 ընտանիքների 10 հազարից ավելի անդամների հետ: Տարբեր համայնքներում, ըստ այդ համայնքների պահանջի, կարող են ստեղծվել ցերեկային խնամքի կենտրոններ, համայնք կարող է այցելել ու բնակիչների հետ աշխատել հոգեբանը եւ այլն:

Հայաստանում Եվրամիության պատվիրակության ղեկավար Տրայան Հրիսթեան, պատասխանելով «Ազատություն» ռադիոկայանի հարցին, թե, ըստ նրա, լուրջ է խնդի՞ր է Հայաստանի համար այսքան շատ արտագնա աշխատողներ ունենալը, ասաց. - «Ես չէի դիտարկի միգրացիան միայն բացասական տեսակետից, որովհետեւ բոլոր այն երկրներում, որտեղ կա միգրացիա, կա նաեւ առաջընթաց: Այսպիսով այն, որ մարդիկ դուրս են գալիս երկրից, ապա վերադառնում գիտելիքներով ու ֆինանսական ռեսուրսներով, որ ներդնում են իրենց երկրում, իմ կարծիքով, խթան է, որ օգնում է հասնել տեղական զարգացման»:

Տրայան Հրիսթեան նաեւ նշեց, որ համակարծիք է ՅՈւՆԻՍԵՖ-ի զեկույցի հետ, որտեղ ընդգծվել են աշխատանքային միգրացիայի առաջացրած բարդ սոցիալական հետեւանքները, որոնք Եվրամիությունը եւ ՅՈւՆԻՍԵՖ-ը համատեղ ջանքերով փորձելու են մեղմացնել:

«Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը, պատասխանելով հարցին, թե ինչպիսի՞ն է պետական մոտեցումը աշխատանքային միգրացիային` հաշվի առնելով այն, որ Հայաստանի տնտեսությունը կախում ունի արտագնա աշխատանքի մեկնողների Հայաստան ուղարկած ֆինանսական հոսքերից, ասաց. - «Եթե միգրացիոն պրոցեսները կառավարելի են եւ կանոնակարգված դաշտում են գտնվում, կարող են նաեւ նպաստավոր ազդեցություն ունենալ»:

«Անկանոն միգրացիան հղի է նաեւ բազմաթիվ վատ հետեւանքներով. մարդիկ շատ դեպքերում չեն տիրապետում իրենց իրավունքներին, կարող են դուրս գալ հանրապետությունից եւ չհասնել իրենց նպատակակետին», - հավելեց նախարարը:

Ըստ Արտեմ Ասատրյանի` Հայաստանի առաջնային խնդիրը ոչ թե միգրացիան կանխելն է, այլ դաշտը կանոնակարգելը, իսկ հաջորդ կարեւոր խնդիրը Հայաստանում աշխատանքային ռեսուրսը «ճիշտ եւ արդյունավետ օգտագործելն է»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG