Մատչելիության հղումներ

logo-print

Օմբուդսմենի զեկույցը հակասական գնահատականների է արժանանում


Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյան

Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյան

Նախագահական ընտրությունների արդյունքները վիճարկող թեկնածու Րաֆֆի Հովհաննիսյանի ղեկավարած «Ժառանգություն» կուսակցությունը քննադատում է Մարդու իրավունքների պաշտպանի զեկույցը ընտրությունների վերաբերյալ։

Հիշեցնենք, երեկ օմբուդսմեն Կարեն Անդրեասյանը 2013 թվականի նախագահական ընտրությունների վերաբերյալ զեկույց էր հրապարակել, որում, մասնավորապես, նշված էր, որ ընտրություններն ավելի ազատ էին, բայց շատերը չեն հավատում դրանց արդարությանը:

Ստեփան Սաֆարյան

Ստեփան Սաֆարյան

«Ժառանգություն» կուսակցության գլխավոր քարտուղար Ստյոպա Սաֆարյանն այսօր «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասաց, որ ազատ եւ արդար ընտրություններն այն ընտրություններն են, երբ ընտրողի կամքը ձեւավորվում է ազատ միջավայրում, որտեղ չկա ոչ մի պարտադրանք, ոչ մի ֆինանսական գայթակղություն. - «Ընտրակաշառք բաժանելը, համատարած բոլոր պետական հիմնարկներին հրահանգներ տալը, մարդկանց ցուցակագրումը՝ սա չի կարող ուղղակի ինքնաբուխ լինել, սա դիտարկվել է բոլոր մարզերում։ Հետեւաբար այդպիսի ընտրությունները չեն կարող լինել ազատ եւ արդար»։

Ընտրություններում հաղթանակ տարած Սերժ Սարգսյանի ղեկավարած Հանրապետական կուսակցության ներկայացուցիչ Գագիկ Մինասյանը կարծում է, որ Մարդու իրավունքների պաշտպանի գնահատականներն արտացոլում են իրականությունը, քանի որ նման արդյունքներ արձանագրել են նաեւ միջազգային դիտորդները։

Գագիկ Մինասյան

Գագիկ Մինասյան

Ազատություն ռադիոկայանի հարցին՝ իսկ ինչո՞ւ մարդկանց զգալի մասը չի հավատում ընտրությունների արդարությանը, Մինասյանը պատասխանեց. - «Հասարակական ընկալումը իներցիոն երեւույթ է եւ այն առաջընթացը, որ մենք արձանագրել ենք այս ընտրություններում, եթե մենք կարողանանք պահպանել այս առաջընթացը եւ առաջ տանենք, որոշակի ժամանակ անց իր անդրադարձը կունենա ընկալումների ոլորտում»։

Օմբուդսմենն ասում է` ընտրությունների արդարությանը շատերը չեն հավատում, որովհետեւ ընտրությունների ընթացքում գրանցվել են վարչական ռեսուրսների չարաշահման մի շարք դեպքեր, որոնց կապակցությամբ որեւէ անձի նկատմամբ մեղադրանք չի առաջադրվել: Ընտրությունների ընթացքում ստացվել է ընտրակաշառքի բաժանման 100 ահազանգ, սակայն Ոստիկանությունը քննության արդյունքում չի բացահայտել ընտրակաշառքի գեթ մեկ դեպք: Այս առնչությամբ Մինասյանն ասաց, թե հստակ պատասխան չի կարող տալ, քանի որ դրանք մասնավոր հարցեր են։

Ի դեպ ՄԻՊ-ի զեկույցը նույնպես անդրադարձել է ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի այն դիտարկմանը, որ գործող նախագահին կողմ քվեարկած ձայներն էականորեն մեծ թիվ են կազմել այն տեղամասերում, որտեղ միջինից բարձր է եղել ընտրողների մասնակցությունը:

«Եթե այդ չափորոշիչներով մոտենանք, իրական արդյունքից շատ կհեռանանք, որովհետեւ այդ գործընթացները ընթացել են հանձնաժողովների ներկայությամբ, այնտեղ եղել են ընդդիմության ներկայացուցիչները», – մեկնաբանում է Հանրապետականի ներկայացուցիչը։

Օմբուդսմենը մի քանի պատճառ էր բերել՝ հիմնավորելով իր մյուս գնահատականը, թե ընտրություններն ավելի ազատ են եղել։ Կարեն Անդրեասյանը, մասնավորապես, նշել էր, որ թեկնածուների քարոզչության, խաղաղ հավաքների եւ հրապարակային միջոցառումների ընթացքում չեն գրանցվել էական խոչընդոտման դեպքեր:

«Ժառանգության» ներկայացուցիչ Ստեփան Սաֆարյանը արձագանքում է՝ լրիվ այլ խնդիր է, եթե Պաշտպանը նկատի ունի, որ լրագորղներին չեն ծեծել, որ նախընտրական հանդիպումների ժամանակ սադրանքներ չեն եղել, բայց, ըստ նրա՝ «այն, որ շատ տեղերում մարդիկ վախենում էին դուրս գալ իրենց նախընտրած թեկնածուի հետ հանդիպման, սա արդեն խոսում է այն մասին, որ մարդկանց համար ստեղծված չեն ազատ պայմաններ»։

Սաֆարյանը համամիտ չէ զեկույցում առկա այն կետին, թե ընտրախախտումները չեն կրել համակարգված համապետական բնույթ եւ չեն իրագործվել միասնականորեն մշակված եւ մեկ կենտրոնից ուղղորդվող մեխանիզմներով: Նա չի կարծում, որ օրինակ Ոստիկանության անձնագրերի եւ վիզաների վարչությունը ցանկության դեպքում ընտրացուցակներից չէր կարող հանել այն մարդկանց անունները, ովքեր իրենց բնակարանները 20-25 տարի առաջ են վաճառել: Սաֆարյանը հավելեց, թե չի կարծում, որ բոլոր համայնքներում գյուղապետերը իրենց գրպանից են փող բաժանել, հավելելով՝ «նրանց դա տրվել է ինչ–որ մի կենտրոնից»։

«Այսինքն, մենք գործ ունենք մեկ ամբողջական երեւույթի հետ, որը ղեկավարվում կառավարվում է մի կենտրոնից», – ասում է Սաֆարյանը։

«Ժառանգություն» կուսակցության ներկայացուցիչը եւս մեկ պատճառ է բերում, թե ինչու ընտրությունները ազատ չեն եղել, ըստ նրա` այս ընտրությունների ակնհայտ խախտումներից նաեւ քվեների միտումնավոր սխալ հաշվարկը:

Ի դեպ՝ Հանրապետական կուսակցության մեկ այլ ներկայացուցիչ՝ Կորյուն Նահապետյանը, «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում չբացառեց, որ Ազգային ժողովի առաջիկա քառօրյայի ընթացքում կքննարկվի Մարդու իրավունքների պաշտպանի զեկույցը։
XS
SM
MD
LG