Մատչելիության հղումներ

Հայաստանում առաջին անգամ ամրաններ կարտադրվեն


Ամրանների արտադրության գործարանում

Ամրանների արտադրության գործարանում

Հայաստանում առաջիկայում առաջին անգամ ամրաններ կարտադրվեն:
Ամրանների արտադրությունը կսկսվի Կոտայքի մարզի Չարենցավան քաղաքում հունիս-հուլիս ամիսներին:


«ԱՍԿԵ գրուպ» ընկերությունը եւ Հայաստանի կառավարությունը խոստանում են 300 աշխատատեղ բացել գործազրկության բարձր մակարդակ ունեցող այս քաղաքում: Ընկերությանը պատկանող գործարանը դեռեւս խորհրդային տարիներից է գործում, այնտեղ սեւ մետաղներ էին ձուլում, սակայն արտադրության անարդյունավետության պատճառով որոշվեց փոխել ընկերության գործունեության ուղղությունը:

Ընկերությունը մտադիր է առաջիկայում արտադրվելիք ամրանները սպառել ինչպես ներքին շուկայում, այնպես է արտահանել դրանք: Այժմ Հայաստանն ամրաններ ներկրում է Ուկրաինայից ու Վրաստանից:

Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանն, ում գլխավորած կառավարությունը 2011 թվականին արտոնություններ է ընձեռել այս ընկերությանը, այսօր այցելել էր արտադրամաս: Կառավարությունը երեք տարի ժամկետով հետաձգել է ընկերության կողմից ներմուծվող ապրանքների ավելացված արժեքի հարկի վճարումը: Վարչապետը ծանոթացավ մետաղի ձուլման արտադրամասի վերազինման աշխատանքներին:

«ԱՍԿԵ գրուպ» ընկերության տնօրենների խորհրդի անդամ Վահան Հարությունյանը լրագրողների հետ զրույցում նշեց, որ 30 միլիոն դոլարի ներդրում են արել ու հույս ունեն, որ իրենց նախաձեռնությունը հաջողությամբ կպսակվի: Ընկերությունը հաշվի է առել այն հանգամանքը, որ Հայաստանում ամրաններ չեն արտադրվում ու իրենք կարող են գրավել շուկան՝ տարեկան արտադրելով մոտ 125 հազար տոննա ամրաններ: Ամրանների հումքը մետաղի ջարդոնն է: Արտադրանքի 30 տոկոսը նախատեսում են արտահանել հիմնականում Վրաստան ու Իրան:

«Մեր ներքին շուկայի տարողությունը անցած տարի եղել է շուրջ 45 հազար տոննա, 2008 թվականին` մաքսիմում 130 հազար տոննա: Մեր արտադրանքի որակը լինելու է մրցունակ ցանկացած շուկայում», - վստահեցրեց Հարությունյանը:

Չարենացավանում «ԱՍԿԵ գրուպին» պատկանող գործարանից քիչ հեռու մեկ այլ գործարան էլ կա: «Ձուլակենտրոն» ընկերությունը պողպատե, թուջե ու ալյումինե ձուլվածքներ է արտադրում ու դրանք մատակարարում Զանգեզուրի, Կապանի եւ Ագարակի պղնձամոլիբդենային, Ախթալայի եւ Լեռնային Ղարաբաղի Դրմբոնի լեռնահարստացուցիչ կոմբինատներին:

Հայաստանի էկոնոմիկայի փոխնախարար Տիգրան Հարությունյանը հայտարարեց, որ կառավարության սպասելիքները մեծ են ինչպես «ԱՍԿԵ գրուպ»-ի, այնպես էլ «Ձուլակենտրոն»-ի արտադրությունից:

«Ամրանների գործարանը շատ կարեւորում ենք մեր շինարարական արդյունաբերության համար, որովհետեւ ամբողջովին ներկրմանը կփոխարինի, եթե արտադրվի Հայաստանում, իսկ արտադրվելու է ջարդոնից, պարզ է, որ ինքնարժեքը ցածր կլինի եւ շինարարության մեջ էլ կունենանք արդյունք, շինարարության ինքնարժեքն էլ կիջնի», - ասաց փոխնախարարը:

Ամրաններ արտադրող ընկերությունում արդեն աշխատանքի ընդունվածները հույս ունեն, որ գոնե կապահովվեն կայուն եկամուտով: Այս երկու ընկերություններում աշխատում են ոչ միայն չարենցավանցիներ, այլեւ հարակից բնակավայրերի բնակիչները. միջին աշխատավարձը այս երկու ընկերություններում 120-150 հազար դրամ է:
XS
SM
MD
LG