Մատչելիության հղումներ

Ապրիլի 3-ի մամուլ


Հերթական ողբերգությունն ու ահազանգը» խորագրի ներքո գրում է. - «Պռոշյանի գյուղապետի սպանությունը պետք է լիարժեքորեն բացահայտվի, որպեսզի որեւէ մեկի մոտ կասկած չմնա այս կապակցությամբ, եւ եթե որեւէ մեկը մտադրություն ունի սպանությունը շահարկել ինչ-ինչ նպատակներով, ապա այդ ամենի դիմացն առնելու միակ եւ ամենաարդյունավետ տարբերակը կարող է լինել գործի լիարժեք բացահայտումը: Առայժմ շրջանառվող վարկածները սուղ են, թեեւ վարկածներն, իհարկե, հոգնեցրել են բոլորին: Հայաստանում ամեն ինչ վարկածների վրա է եւ մնում է վարկածների մակարդակին մինչեւ վերջ: Այս ամենի արդյունքում տեղի են ունենում տարբեր շահարկումներ, որոնք մի կողմից ջուր են պղտորում, մյուս կողմից էլ օգնելով ոմանց ձկնորսությամբ զբաղվել այդ պղտոր ջրում, իսկ մեկ այլ տեսանկյունից էլ պարզապես անվստահության նորանոր ալիքներ են բերում պետության հանդեպ` հանրության շրջանում խորացնելով սեփական անվտանգության հանդեպ մտահոգությունը, կասկածները»:

«Հրապարակ»-ը Երեւանի ավագանու ընտրությունների առիթով զրուցել է Ազգային ժողովի հանրապետական պատգամավոր Մհեր Սեդրակյանի հետ: «Պարոն Սեդրակյան, անկեղծ խոստովանեք, հնարավո՞ր է առանց կեղծիքների հաղթանակ գրանցել ՀՀԿ-ի օգտին», - այս հարցին պատգամավորը պատասխանում է. - «Ինչի՞ չի լինի որ: Հիմի նախագահական ընտրություններում կեղծիքներ կա՞ր, նախագահական ընտրություններին էլ մաքուր աշխատեցինք, էս ընտրություններին էլ կաշխատենք, նորմալ, է, ի՞նչ է եղել որ: Բա ուրիշ ո՞վ պետք է լինի»: Լրագրողի հարցին, թե ինչո՞ւ են իր ազգականներից շատերը, օրինակ` տղան, փեսան, «հանգրվանել ՀՀԿ ավագանու ցուցակում», Սեդրակյանը հակադարձում է. - «Դա էլ ընտրության քաղաքականություն է, որը գաղտնիք է, վերջում կասենք, որ մարդիկ չսովորեն: Բայց հաստատ իմ տղեն ավագանի չի դառնալու եւ ոչ էլ քաղաքապետարանում է աշխատելու: Դրանք ասուխոսներ են, ստից խոսում են: Կամ, ասենք, լավ, մի հատ էլ աշխատեր ավագանի, խի ումի՞ց էր պակաս ինքը, բայց ինքը ցանկություն չունի»:

Ավագանու թեման շոշափում է նաեւ «Չորրորդ ինքնիշխանություն» թերթը, որում կարդում ենք. – «Առաջիկա ընտրություններն իրենց մեծ միանգամից մի քանի ինտրիգներ են պարունակում եւ այդ իմաստով չափազանց հետաքրքիր են լինելու։ Առաջին եւ ամենակարեւոր ինտրիգն այն է, թե որտեղի՞ց է ՀՀԿ–ն «ճարելու» իր համար այդքան անհրաժեշտ 40 տոկոսը։ Իրականում սա չափազանց բարդ խնդիր է, որովհետեւ վերջին ընտրություններում, որտեղ միմյանց դեմ պայքարում էին ոչ թե անձինք, այլ կուսակցական ցուցակները, ՀՀԿ–ն մի կերպ կարողացավ 40 տոկոս հավաքել, բայց դա արեց հեռավոր մարզերի շնորհիվ, որտեղ վերահսկողությունն առանձնապես ուժեղ չէր։ Երեւանում ընտրություններ կեղծելն անհամեմատ ավելի բարդ է լինելու, եւ ՀՀԿ–ում կարծես թե հասկանում են դա։ Ամենայն հավանականությամբ նրանց հիմնական հաղթաթուղթը կլինի ընտրակաշառք բաժանելը։ Բայց մյուս կողմից էլ՝ մեծ է հավանականությունը, որ դա առանձնապես չի օգնի. Շատերը կվերցնեն ընտրակաշառքը եւ կքվեարկեն՝ ում օգտին ուզում են։ Երկրորդ ինտրիգն այն է, թե քանի՞ տոկոս կստանա «Ժառանգությունը», իսկ ավելի պարզ՝ թե ի՞նչ աղմուկով կպայթի այդ փուչիկը։ Հասկանալի է, որ «բարեւի ցուցակը» Րաֆֆիի 37 տոկոսից մի քանի անգամ ավելի քիչ կստանա, բայց խնդիրն էլ այն է, թե կկարողանա՞ ՀՀԿ–ն այնպես անել, որ փուչիկը ոչ թե պայթի, այլ դանդաղ «փզկի»։ Իսկ այն, որ ՀՀԿ–ն աշխատելու է այդ ուղղությամբ՝ երեւում է անգամ անզեն աչքով»։

Ավագանու ընտրություններին է անդրադառնում նաեւ «Հայոց աշխարհը»։ Գնահատելով այդ ընտրություններին նախորդող քաղաքական գործընթացները՝ թերթն ամփոփում է. – «Որքան մոտենում են Երեւանի ավագանու ընտրությունները, այնքան հասարակական եւ քաղաքական պայքարի հոգեբանությունը մեզանում նմանվում է բռնցքամարտի հոգեբանության։ Իշխանության ու ընդդիմության հակամարտության, ներիշխանական եւ ներընդդիմադիր հարաբերությունների մեջ արդեն ոչ ոք չի հետաքրքրվում գործի էությամբ։ Կարեւոր են միայն պատկանելությունը տվյալ ճամբարին, խմբին, թիմին եւ խոցելիությունը յուրաքանաչյուր առանձին վերցրած պահին»։

«Ժողովուրդ» թերթը զրուցել է Սյունիքի մարզի Վանեք գյուղի համայնքապետ Սամվել Առաքելյանի հետ։ Վերջինս թերթին տեղեկացրել է, որ իրենց համայնքում վերջին երեխան ծնվել է 4 տարի առաջ։ Համայնքապետը հավելել է, որ Վանեքում այս պահին ապրում է ավելի քան 40 մարդ, իսկ դպրոցի աշակերտների թիվը ընդամենը 11 է։ – «Հիմա ես ի՞նչ անեմ։ Ես այս գյուղում անասնաֆերմա ունեմ եւ աշխատելու նպատակով մի երկու ընտանիք եմ բերել գյուղ, որպեսզի գոնե կարողանամ այդ կերպ լցնել գյուղը։ Մեզ մոտ՝ գյուղում, խայտառակ վիճակ է, հիմնականում փախստականներ են ապրում», – թերթին ասել է Սամվել Առաքելյանը։

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG