Մատչելիության հղումներ

Դիտորդ Նարինե Իսմայելին «շանտաժ» է որակում ՀՔԾ-ի գործողությունները


Հայաստանի նախագահի ընտրությունների ժամանակ «Իրավունքի Եվրոպա միավորում» հասարակական կազմակերպության դիտորդական խմբում ընդգրկված, 17/5 տեղամասում լցոնման փաստ արձանագրած «Թրանսփարենսի ինթերնեշնըլ» հակակոռուպցիոն կենտրոնի ներկայացուցիչ Նարինե Իսմայելին «շանտաժ» է որակում Հատուկ քննչական ծառայության (ՀՔԾ) պնդումները «իր հետ բացարձակ կապ չունեցող անձնական բնույթի կադրերի մասին»:

«Չեմ գնացել, որպեսզի նկարները տեսնեմ, երեւում էր, որ գործածելու էին շանտաժի համար եւ իմ կարծիքով` սուտ են ասում, նման կադրեր չկան», - այսօր «Ազատություն» ռադիոկայանին փոխանցեց 21-ամյա Իսմայելին:

Ազգությամբ հայ, ԱՄՆ-ի քաղաքացի Իսմայելին վստահեցնում է, որ չի վախենում, առավել եւս՝ Միացյալ Նահանգների դեսպան Ջոն Հեֆերնի հետ հանդիպումից հետո: Մարտի 21-ին Հայաստանում Միացյալ Նահանգների դեսպանատունը պաշտոնական հաղորդագրություն էր տարածել, ըստ որի՝ Դեսպան Հեֆերնը հանդիպել է Նարինե Իսմայելիի հետ: Հաղորդագրության մեջ նշվել էր, որ դեսպանը կշարունակի մեծ ուշադրությամբ հետեւել Իսմայելիի գործին:

Հակասական տեղեկություններ

«Ազատություն» ռադիոկայանը գրավոր հարցում էր ուղարկել ՀՔԾ` խնդրելով հերքել կամ հաստատել Իսմայելիի պնդումները, որ քննիչ Գորիկ Հովակիմյանն «բարի սրտով» ուզում է վերադարձնել նկարները, որոնք, ըստ որոշ տեղեկությունների, լոգարանային նկարներ են: Հարց է, թե ինչպե՞ս կարող էր լցոնման մասին ահազանգած դիտորդի նկարը կամ տեսագրությունը հասնել ՀՔԾ:

ՀՔԾ-ն իր պատասխանում նշել է, թե ««Իրավունքի Եվրոպա միավորում» հասարակական կազմակերպության բողոքին կից Կենտրոնական ընտրական հանձնաժողով ներկայացված լազերային սկավառակների ուսումնասիրությամբ պարզվել է, որ շուրջ 5.5 ժամ տեւողությամբ նկարահանված է հավանաբար Նարինե Իսմայելիի բնակարանի լոգարանի մի հատվածը»: ՀՔԾ-ի պատասխանի շարունակությունը հրապարակման ենթակա չէ` էթիկական կանոններից ելնելով:

Այս պատմության մեջ ուշադրության է արժանի հատկապես երկու հանգամանք. եթե ՀՔԾ-ն նշում է, որ խոսքը տեսագրության մասին է, Իսմայելին փոխանցում է, որ քննիչն իր հետ լուսանկարների մասին է խոսել: Եվ երկրորդ հանգամանքը. եթե ՀՔԾ-ն իր պաշտոնական պատասխանի մեջ նշում է, թե այդ նյութերը նախ Կենտրոնական ընտրական հանձնաժողով է ուղարկել «Իրավունքի Եվրոպա միավորումը», ապա Իսմայելին եւ նրա փաստաբան Տիգրան Եգորյանը պնդում են, որ քննիչն ասել է, թե այդ նյութերը «Թրանսփարենսի ինթերնեշնըլի» ուղարկածի մեջ են հայտնաբերել:

«Թրանսփարենսի ինթերնեշընըլ» հակակոռուպցիոն կենտրոնի փոխտնօրեն Սոնա Այվազյանն «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում բացառեց, որ այս կազմակերպությունը կարող էր նման բան ուղարկել:

«Նախ մենք որեւիցե նյութ չենք ուղարկել ԿԸՀ: 17/5 տեղամասի վերաբերյալ վիդեոնյութեր ենք ուղարկել Արարատի ոստիկանություն, որտեղ չէր կարող լինել որեւէ անձնական բնույթի նյութ: Կամ ոստիկանությունը հենց ինքն է նկարահանել, որովհետեւ Նարինեենց բնակարանը գտնվում է հենց ոստիկանության շենքի դիմաց եւ նրանք կարող էին նկարահանել: Նման ճղճիմ մեթոդները, կարծում եմ, արդեն այս դարում պարզապես ծիծաղելի են», - ասաց Այվազյանը:

«Իրավունքի Եվրոպա միավորում» կազմակերպության տնօրեն Լուսինե Հակոբյանը նույնպես բացառեց ԿԸՀ ուղարկած տեսանյութերի մեջ Նարինե Իսմայելիի վերաբերյալ որեւէ անձնական բնույթի տեսագրության կամ նկարի առկայության հնարավորությունը: Իսկ ահա ՀՔԾ-ն գրավոր պատասխանի մեջ նշել է, թե Նարինե Իսմայելիի հայտարարությունը, ըստ որի՝ իր նկատմամբ ճնշումներ են գործադրվել, բացարձակապես չի համապատասխանում իրականությանը:

Նարինե Իսմայելին ավելի վաղ պնդել էր, թե իր բառերը փոխել է քննիչը, եւ փաստաբանը ստիպված է եղել ձայնագրել հարցաքննությունը: Ըստ ՀՔԾ-ի` Իսմայելիի հարցաքննությունները կատարվել են օրենքով սահմանված կարգով, իսկ խնդիրներն առաջացել են Իսմայելիի փաստաբան Տիգրան Եգորյանի` օրենքով չնախատեսված գործողության` ձայնագրառում կատարելու հետեւանքով: Եգորյանի գնահատմամբ, քննիչն իրեն որեւէ ողջամիտ պատճառաբանություն եւ հիմնավորում չի ներկայացրել ձայնագրության արգելքի կապակցությամբ:

«Օրենքը թույլատրում է դա անել, միգուցե առկա է ՀՔԾ-ի քննիչ լինելու «պաթոսային» հանգամանքը, կամ ՀՔԾ-ում գործող հատուկ ռեժիմի միֆական ինչ-որ ներշնչանքներ: Սա ուղղակի ծիծաղելի իրավիճակ է, երբ տեղի է ունեցել բռնություն դիտորդի եւ լրագրողի նկատմամբ, ամենամեծ լիազորություններով օժտված ՀՔԾ-ն զբաղված է ինչ-որ ձայնագրիչների որսով», - ասաց փաստաբանը:

Վերահսկող դատախազն ուսումնասիրե՞լ է ՀՔԾ ի հետ կապված պնդումները

Այս քրեական գործը հատուկ ուշադրություն է գրավում հատկապես այն պատճառով, որ Սահմանադրական դատարանի որոշմամբ անվավեր են ճանաչվել 17/5 տեղամասի արդյունքները: Բացի այդ` հարցաքննությանը միջամտել է նաեւ ՀՔԾ-ի պետ Անդրանիկ Միրզոյանն անձամբ: Ի՞նչ վերաբերմունք ունի այս իրավիճակին գլխավոր դատախազությունը, որին վերապահված է վերահսկողական գործառույթ:

«Հսկողություն իրականացնող դատախազն ինքն իր համար ուսումնասիրություններ կատարել է, քանի որ եղել են մամուլի հրապարակումներ: Այս փուլում դատախազությունը զերծ է մնում գնահատականներ հնչեցնելուց», - «Ազատություն» ռադիոկայանին փոխանցեց գլխավոր դատախազի մամուլի խոսնակ Սոնա Տռուզյանը:

«Դեպի Հայք» ծրագրով Հայաստան եկած Իսմայելին ասում է` ափսոսում է, որ իր հայրենիքում նման իրավիճակ է: Նա, սակայն, կարեւորելով Հայաստանում մարդու իրավունքների իրացումը, պատրաստ է ապագայում նույնպես որպես դիտորդ մասնակցել ընտրություններին:
XS
SM
MD
LG