Մատչելիության հղումներ

Այդ վարկածին են հակված արեւմտյան հեղինակավոր լրատվամիջոցները:

«Երեւան - Վան չվերթը չեղյալ հայտարարվեց Ադրբեջանի կատաղի դիմադրությունից հետո», - պնդում է աշխարհի ամենահեղինակավոր լրատվական գործակալություններից մեկը` Reuters-ը:

Օրերս հրապարակված հոդվածում գործակալության թղթակից Ջոնաթան Բըրչը մանրամասնորեն պատմում է Երեւան - Վան չվերթի տապալումն ուղեկցող սկանդալի մասին` գրելով. - «Ընդամենը 45 րոպե տեւող այս չվերթները պետք է իրականացվեին ապրիլի 3-ից` շաբաթական երկու անգամ: Այդ քայլը համահունչ էր Միացյալ Նահանգների գործադրած ջանքերին, որոնց նպատակն է խթանել հաշտեցման գործընթացը, ինչպես նաեւ նպաստել տարածաշրջանում տնտեսական համագործակցության ու զբոսաշրջության զարգացմանը»:

Հիշեցնելով, որ Թուրքիայի քաղաքացիական ավիացիայի վարչությունը Երեւան - Վան թռիչքների իրականացումը անորոշ ժամկետով հետաձգեց առաջին չվերթից հաշվված օրեր առաջ` Reuters-ի թղթակիցը գրում է. - «Թուրքիայի տրանսպորտի նախարարությունում հաստատեցին, որ չվերթի իրականացումը սառեցվել է, սակայն որեւէ պատճառ այդպես էլ չնշեցին: Չվերթի անմիջական իրականացնող BoraJet ավիաընկերության ղեկավարներից մեկն էլ երկու անգամ հերքեց, թե իրենց ընկերությունը ընդհանրապես դեպի Երեւան չվերթներ իրականացնելու մտադրություն է ունեցել»: Reuters-ի թղթակցի խոսքով, սակայն, անգամ երկուշաբթի օրը` ապրիլի 1-ին, BoraJet-ի պաշտոնական կայքում հնարավոր էր պատվիրել Երեւան - Վան չվերթի տոմսերը:

Մեկ այլ հեղինակավոր արեւմտյան գործակալություն` France-Presse-ը, երեկ մեջբերում էր թուրքական ավիաընկերության ղեկավար Քադիր Պեքերի պարզաբանումը, որն ասել է. - «Դեպի Երեւան չվերթը չեղյալ հայտարարվեց, քանի որ հարկ եղավ BoraJet-ի տրամադրության տակ եղած օդանավերն օգտագործել դեպի այլ ուղղություններ թռիչքներ իրականացնելու համար»:

France-Presse-ի թղթակիցը եւս որպես չվերթի սառեցման պատճառ մատնանշում է Ադրբեջանի կողմից գործադրված ճնշումները: «Այս մասին է մասնավորաբար գրում է թուրքական մամուլը», - նշում է ֆրանսիական լրատվական գործակալությունը:

Երեւան - Վան չվերթի տապալման ադրբեջանական վարկածին են հակված նաեւ նախագծի իրագործման հայկական կողմի պատասխանատուները: Reuters-ի թղթակցի հետ զրույցում «Նարեկավանք Տուր» ընկերություն ղեկավարներից Արմեն Հովհաննիսյանն ասել է. - «[Ադրբեջանի ներգրավվածությունն] իհարկե ողջ բանաձեւի մի մասն էր, եւ չի բացառվում, որ նրանք որոշակի կուլիսային աշխատանք են տարել»:

Ուղիղ հեռարձակում

Ցույց տալ մեկնաբանությունները

XS
SM
MD
LG