Մատչելիության հղումներ

Մարկարյանը դատապարտվեց 8 միգրանտների մահվան գործով


Մոսկվայի մարզի Դմիտրով քաղաքում հացի փռի, խանութի սեփականատեր Ռաֆիկ Մարկարյանին դատարանը երկուս ու կես տարվա ազատազրկման է դատապարտել ութ միգրանտ աշխատողների մահվան գործով: Նրանք զոհվել էին Մարկարյանին պատկանող օբյեկտում գազի բալոնի պայթյունի հետեւանքով:

ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը հաղորդում է, որ ապրիլի 1-ին Դմիտրովի քաղաքային դատարանը Ռաֆիկ Մարկարյանին մեղավոր է ճանաչել հրշեջ անվտանգության նորմերը խախտելու ու անզգուշությամբ երկուսից ավելի մարդկանց մահ պատճառելու հոդվածներով:

Ձեռնարկատերը մեղավոր է ճանաչվել նաեւ անօրինական միգրացիա կազմակերպելու համար:

«Հաստատվել է, որ Մարկարյանը 2010-12 թվականներին անօրինական եղանակով Ռուսաստան է բերել Հայաստանի ու Տաջիկստանի քաղաքացիների եւ որպես աշխատուժ նրանց օգտագործել է Դմիտրովի Գորկի 25 հասցեում գտնվող հացի փռում: Նա սեղմված գազի բալոնները է տեղադրել շենքում, որտեղ աշխատում էին միգրանտները», - ասել է Մոսկվայի մարզի դատախազության պաշտոնյան:

Անցյալ տարվա փետրվարին գազի արտահոսքից պայթյուն է տեղի ունեցել: Ութ մարդ էր զոհվել: Երկհարկանի շենքի առաջին հարկում հացի խանութն էր գտնվում, իսկ երկրորդ հարկում՝ հացի փուռն էր ու սրճարանը:

Այդ շենքը պատկանել է Մոսկվայի մարզի զինվորական առեւտրի գերատեսչական աշխատակազմին: Զինվորական դատախազությունը անմիջապես հետաքննություն է սկսել` պարզելու, թե ինչպես է շենքը հանձնվել ձեռնարկատիրոջ տնօրինմանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG