Մատչելիության հղումներ

Դաշնակցությունը պահանջում է Մուրադյանի սպանության արագ բացահայտում


ՀՅ Դաշնակցության դրոշը
ՀՅ Դաշնակցության դրոշը
ՀՅ Դաշնակցության Հայաստանի գերագույն մարմինը այսօր հայտարարությամբ է հանդես եկել, որում դատապարտում է Պռոշյան համայնքի ղեկավար, դաշնակցական Հրաչ Մուրադյանի սպանությունը եւ պահանջում հանցագործության արագ եւ լիարժեք բացահայտում, կատարողների եւ կազմակերպիչների նկատմամբ խստագույն պատժի կիրառում:

Կուսակցությունը համոզմունք է հայտնում, որ տեղի է ունեցել կանխամտածված ու ծրագրված սպանություն, եւ ակնհայտ է համարում, որ այն անպատժելիության եւ անհանդուրժողական մթնոլորտի հետեւանք է:

«Իր տեսակով ու նկարագրով լինելով պայքարող, ինքնուրույն եւ ժողովրդի շահերով առաջնորդվող անհատականություն` Հրաչ Մուրադյանը վայելում էր համագյուղացիների սերն ու համակրանքը։ Դա հարուցում էր ոմանց ակնհայտ դժգոհությունը: Ղեկավարման տարիներին նրա շուրջ մշտապես փորձ է արվել լարվածություն ստեղծել: Բազմիցս դրսեւորված սպառնալիքներն ու ահաբեկումները, ի վերջո, հասցրեցին այս վախճանին», - հայտարարում է Դաշնակցության գերագույն մարմինը:

«Մեր երկրում երաշխավորված չէ քաղաքացու անվտանգությունը, հանցավոր գործելակերպը մեր կյանքի անբաժանելի մաս է կազմում։ Հրաչ Մուրադյանի կյանքը խլած դավադիր գնդակը ուղղված էր ոչ միայն ազնվագույն հայի եւ համայնքի սրտացավ ղեկավարի, այլեւ հայոց պետականության եւ նրա վարկի դեմ», - ասված է հայտարարությունում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG